Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը հերքում է
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հետևյալ գրությունն է ուղարկել «Ամուլսար. Համաշխարհային բանկի ներդրումները հանցավոր նախագծում» հրապարակման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մարտի 20-ին hetq.am և lragir.am կայքերում հրապարակվել է հոդված, ուր տեղեկատվություն կա այն մասին, որ մեր կազմակերպությունն, իբր հնագիտական պեղումներ իրականացնելիս Ամուլսարի Արտավազդես և Տիգրանես գագաթներին հայտնաբերել է պատմամշակութային արժեք հանդիսացող դամբարաններ և այլ հնագիտական արժեք ներկայացնող գտածոներ:
Հարկ ենք համարում հերքել այս տեղեկատվոթյունը և պարզաբանել, որ առանձին դամբարաններ կան միայն Հյուսիսային Էրատոյի գագաթին և ստորոտում, որոնք շահագործման տարածքներից դուրս են:
Տեղեկացնում ենք, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցմանը մեր պատասխանը վերը նշված հրապարակումներում աղավաղված է: Ինչպես նշված է մեր տրամադրած փաստաթղթում «Ամուլսարի տարածքում ԳԵՈԹԻՄ ՓԲԸ-ի առաջարկով մեր կազմակերպությունը կատարել է հետախուզական աշխատանքներ: Դրանց արդյունքում հայտնաբերվել են առանձին դամբարաններ և դամբարանաշարեր, որոնք գտնվում են շահագործվող բաց հանքի տարածքից դուրս»:
Տեղեկացնենք նաև, որ այս տարածքի հետախուզական աշխատանքները իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի ֆինանասավորմամբ, նպատակ ունենալով շահագործումից առաջ հայտնաբերել, պահպանել կամ ուսումնաիսրել հնագիտական արժեք ներկայացնող վայրերը: Այս համագործակցության և մեր կազմակերպության տասնյակ մասնագետների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել են ստորին քարի դարի՝ աշելյան ժամանակաշրջանի վանակատե գործիքներ, միջուկներ և ցլեպներ, ինչպես նաև ուշ բրոնզ-վաղ երկաթեդարյան և միջնադարյան խեցանոթներ: Հայտնաբերված բոլոր գտածոները այժմ մեր կազմակերպության հնագիտական լաբորատորիայում են: Դրանք գտնվում են վերականգնման, նշագրման, ցուցակագրման և ուսումնասիրության փուլում: Ուսումնասիրման աշխատանքներից հետո բոլոր գտածոները կհանձնվեն համապատասխան թանգարան:
Կարծում ենք, միայն ողջունելի է, որ «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի պատասխանատու մոտեցման և մեր աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ հայտնաբերել Հայաստանի հնագույն մշակույթի մինչ այդ անհատ էջեր, հաշվառել և պահպանության տակ վերցնել բազմաթիվ հուշարձաններ: Ցանկալի է որ «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի օրինակը և սրտացավությունը հուշարձանների նկատմամբ օրինակելի լինի հողաշինական աշխատանքներ կատարող մյուս կազմակերպությունների համար:
Հարգանքով՝ տնօրեն Հ. Սիմոնյան»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել