HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դիտորդ Նարինէ Իսմայիլին՝ ՀՔԾ ճնշումների մասին

Այն, ինչ «Հետքին» պատմել է ԱՄՆ քաղաքացի Նարինէ Իսմայիլին, անհավանական է թվում: Նա Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող՝ 17/05 ընտրատեղամասում լցոնման փաստով հարուցված քրեական գործով անցնում է որպես վկա: Սա այն ընտրատեղամասն է, որի արդյունքները ՍԴ որոշմամբ ճանաչվեցին անվավեր:

Հիշեցնենք՝ ընտրությունների օրը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» ՀԿ-ում պրակտիկա անցնող Նարինէ Իսմայիլին, որպես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ դիտորդ, եւ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Համբարձումյանը բարձրաձայնել էին 17/05 ընտրատեղամասում կատարված լցոնման մասին: Նարինէի խոսքերով՝ մոտ 25-30 երիտասարդ մտել է ընտրատեղամաս, մի քանի հոգի իրեն եւ Արտակին հրել են պատի մոտ եւ բռնել ձեռքերը, որպեսզի չկարողանան կատարվածը նկարել: Այնուհետեւ հանձնաժողովի քարտուղար Անահիտ Սուլթանյանը բացել է քվեատուփը եւ տեղի է ունեցել մոտ 300-400 քվեաթերթիկի լցոնում: Իսկ արդեն քվեաթերթիկների հաշվման ժամանակ պարզվել է, որ քվեատուփի կնիքը վնասված է, բացի այդ՝ քվեաթերթիկների քանակը մոտ 300 ավել է եղել ընտրություններին մասնակցած անձանց ստորագրությունների թվից:

Վերոնշյալի առթիվ հարուցված քրեական գործը քննիչ Գ. Հովակիմյանի վարույթում է: Նարինէի պատմելով՝ վերջինիս մոտ իր 4 հարցաքննություններից յուրաքանչյուրը տեւել է 5-6 ժամ, քանի որ ամեն անգամ քննիչի գրի առած տեքստի հետ խնդիր է ծագել:

«Ես հայերեն չեմ կարողանում գրել, դրա համար քննիչն է ասածներս արձանագրում: Բայց ամեն անգամ, երբ նրա գրածը բարձրաձայն կարդում ենք, պարզվում է, որ իմ ասածները փոխել է, միտումնավոր փորձում է դարձնել այնպես, որ ես սուտասան եմ, այնպես է անում, որ ես ագրեսոր երեւամ,- ասում է Նարինէն,- օրինակ՝ ես պատմում եմ, որ երբ ներս մտա, հանձնաժողովի նախագահը բարկացած ասաց՝ նստիր տեղդ: Բայց քննիչն արձանագրում է՝ ես մտա ներս եւ հանձնաժողովի նախագահին բարկացած ասացի՝ նստիր տեղդ»:

Նարինէի ներկայացմամբ, քանի որ իրեն ուզում են «սուտասանի տեղ դնել» եւ կարող են իր դեմ «դատ բացել», իր հետ ՀՔԾ է գնում նաեւ փաստաբան Տիգրան Եգորյանը, ով հարցաքննությունը ձայնագրում է:

«Վերջին անգամ կանչել էին հանձնաժողովի քարտուղար Անահիտ Սուլթանյանի հետ առերես հարցաքննության: Նա շատ հանգիստ էր իրեն զգում ու քննիչը նրա կողմից է,- պատմում է Նարինէն: - Ձայնագրիչը պարզ դրված էր, եւ կարծես քննիչը սկզբում չէր նկատել: Տեսավ ու շատ բարկացավ: Ասաց՝ փաստաբանը ձայնագրելու իրավունք չունի, ես էլ հարցրի, թե որ օրենքի որ հոդվածն է արգելում, որովհետեւ ես հանգիստ չեմ զգում առանց ձայնագրիչի: Բարկացավ, հետո ՀՔԾ պետ Միրզոյանը ներս եկավ, շատ-շատ ջղայնացավ, ձայնագրիչը խլեց, գցեց դեպի պատը եւ ասաց, որ զուգարան նետեն: Բղավում էր, վիրավորում, ես հուզվեցի, որովհետեւ ինձ սուտասանի տեղ էր դնում»:

Այնուհետեւ, ըստ Նարինէի, ձայնագրիչն անջատել են, դրել դարակում եւ հարցաքննությունը շարունակել: Սակայն վերջում պարզվել է, որ «ձայնագրիչը գողացել են». դարակում չէ: Ի վերջո, անձամբ Միրզոյանը վերադարձրել է այն, եւ ինչպես հետո են իմացել՝ ՀՔԾ-ականները փորձել են ձայնագրառումները ջնջել:

«Երբ դուրս եկանք, ՀՔԾ շենքից՝ 7-րդ հարկից, մինչեւ մեր կազմակերպության գրասենյակ՝ մի քանի փողոց, երկու մեծ տղա մեզ հետեւեցին: Ու ես շատ վախեցել էի: Դրանով նրանք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել»,- ասում է Նարինէ Իսմայիլին:

Վերջինիս փոխանցմամբ՝ քննիչ Գ. Հովակիմյանը պարբերաբար զանգել է իրեն, թե՝ «սրա համար արի, նրա համար արի», եւ իր կարծիքով՝ պարզապես փորձում են իրեն ձանձրացնել, ամեն օր կանչել եւ մի քանի ժամ հարցաքննել. «Քննիչն իրավունք չունի ինձ զանգել. պետք է իրավաբանիս զանգի: Եվ ես սա ասացի նրան, նշեցի, որ ԱՄՆ դեսպանատունը գիտի այս ամենի մասին: Երկու շաբաթ չզանգեց»:

Երկու օր առաջ, սակայն, Նարինէի խոսքերով, քննիչ Հովակիմյանը կրկին զանգել է եւ ասել, որ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանն ուզում է անձամբ խոսել իր հետ:

«Ասաց՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպությունից քո նկարներն ենք ստացել՝ շատ անձնական բնույթի, եւ բարի սրտով ինձ զանգում է, որ վերադարձնեն»,- ասում է Նարինէ Իսմայիլին: Նա շեշտում է, որ ՀՔԾ-ին ուղարկել են ընտրություններին վերաբերող լուսանկարներ եւ գուցե պատահաբար դրանց մեջ եղել է նաեւ 1-2 այլ նկար:

«Մտածեցի, որ սխալմամբ ընկերներիս հետ կամ ծովափին մի նկար եմ ուղարկել, բայց քննիչն ասաց՝ տան մեջ լողանալուց հետո: Ինչքան որ ես եմ հասկանում, մենակ ուզում են, որ ՀՔԾ գնամ եւ երեւի ուզում են ինձ վախեցնել, շանտաժ անել, որ Միրզոյանի հետ կապված խոսքերս հետ վերցնեմ, ասեմ, որ ինձ չի ճնշել, չի նեղացրել»,- ասում է Նարինէն եւ ընդգծում, որ այդպիսի նկար չկա: Հակառակ դեպքում, ըստ նրա, դա ոստիկանության ձեռքի գործն է, քանի որ Նալբանդյան փողոցի վրա գտնվող իր բնակարանի լուսամուտը նայում է ուղիղ ոստիկանության շենքին:

Նշենք, որ այսօր հայտարարություն է տարածել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» ՀԿ-ն, իսկ ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Հեֆերնը մեծ ուշադրությամբ հետեւում է Նարինէ Իսմայիլիի գործին: 

Մեկնաբանություններ (2)

hasmik
շատ սովորական երևույթ է, Հայաստանում ցանկացած մարդ, ով պայքարում է անարդարության դեմ, ընկնում է այս իրավիճակի մեջ, և ավելին քրեական գործ են հարուցում պայքարողի դեմ, կալանավորում, եթե Նարինեն լիներ Հայաստանի քաղաքացի հիմա բանտում կհայտնվեր, բարեբախտաբար Հայաստանի քաղաքացի չէ, և իր շահերը պաշտպանում է ԱՄՆ -ն, Նարինեին ցանկանում եմ հաջողություն
hay
Sa Serji u Rubiki koxmiz mardkanz vaxi mej pahelu neng metodneriz e. Qnnichner Mirzoyann u Hovakimyan@ mi or qnnoxiz kverazven qnnvoxi.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter