HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ` ուղղված վարչապետին և քաղաքապետին

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին.

«Հարգարժան պարոնայք

Երևանի տրանսպորտային ցանցի ներկա վիճակը չի համապատասխանում ուղևորների նվազագույն պահանջներին և չունի զարգացման հանրօգուտ տեսլական: Այսօր մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը ձևավորում են նախ  միկրոավտոբուսները, ապա` ավտոբուսները: Ինքնին հասկանալի է, որ միկրոավտոբուսներն ըստ իրենց տեխնիկական բնութագրի, նախատեսված չեն միլիոնանոց քաղաքում ուղևորափոխադրումների համար` հատկապես դրանց ներկայիս բեռնվածությամբ և մաշվածությամբ: Սակայն ավտոբուսային պարկի ավելացումը մենք համարում ենք միայն մասնակի լուծում, քանի որ, նույնիսկ եթե համարենք, որ ավտոբուսներն իրենց աղմկային ֆոնով և հարմարավետությամբ չեն զիջում տրոլեյբուսներին, միևնույն է, դրանք առկա են թողնում տնտեսական և բնապահպանական խնդիրներ:

1)      Տրոլեյբուսների ցանցն ընդլայնելով` հասարակական տրանսպորտի ոլորտում հնարավոր է ապահովել ներմուծման փոխարինում, այն է` ներմուծվող վառելիքի սպառումը կփոխարինվի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի օգտագործման ավելացմամբ: Ներմուծման նվազեցումը երկրի ղեկավարների կողմից բազմիցս հայտարարվել է որպես երկրի տնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշներից մեկը: Այդ խնդրի լուծմանը կնպաստի միայն էլեկտրոտրանսպորտի զարգացումը` զգալիորեն նվազեցնելով հանրապետության կախվածությունը ներմուծվող վառելիքից: Բացի դրանից, այդ դեպքում քաղաքի տրանսպորտային համակարգը կդիվերսիֆիկացվի, ինչն էլ ոլորտում մրցակցության աճ կստեղծի:

2)      Այսօր, երբ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը չի գործում, մայրաքաղաքի աղտոտումների հիմնական մասը բաժին է ընկնում ուղևորատրանսպորտին: Երևանի տրանսպորտային համակարգի հենասյունը դարձնելով էլեկտրոտրանսպորտը` հնարավոր կլինի էապես կրճատել օդի աղտոտվածությունը:

Գիտակցելով, որ էլեկտրատրանսպորտի զարգացումը կապված է որոշակի բարդությունների և ներդրումների հետ, այդուհանդերձ, պետք է նշենք, որ միկրոավտոբուսների եկամտաբերությունը գոյանում է  մեր իսկ բնակչութան կողմից վճարվող ուղևարձերից: Հետևաբար, ավելի նպատակահարմար ենք գտնում նույն միջոցներն ուղղել հասարակության և քաղաքի  համար ավելի պիտանի և արժանապատվությանը հարիր փոխադրամիջոցի զարգացանը:

Գիտակցում ենք նաև, որ երթուղային տաքսիների ոլորտը, լինելով բարձր եկամտաբեր, դարձել է տարբեր մակարդակի շահերի թիրախ: Սակայն հավատում ենք, որ վճռականությունն ու պատրաստակամությունը` երկրի քաղաքացիների կյանքի որակի բարձրացման գործում, անլուծելի չեն թողնի այս խնդիրը:

Սույնով հայտնում ենք նաև հարցի քննարկմանը մասնակցելու մեր պատրաստակամությունը»:

Մեկնաբանություններ (1)

arut
Կեցցե տրոլեյբուսը /ավաղ տրամվայները առանց պատշաճ հիմնավորման քաղաքի ծայրամասերից էլ վերացան/: Հաջախ շատ ենք սիրում հիմնավորելու համար մեր որեւէ կարծիքը, օրինակ բերել զարգացած երկրներից: Այդ ինչպես է, որ մեր ղեկավար այրերը եւրոպական երկրների քաղաքներում երթեվեկող էլեկտրատրանսպորտը չեն նկատում: Ինչպես նկատեն, երբ նրանց աչքերը շղարշված են իրենց նեղ անձնական շահով: Մեզ համար դա ավելի քան պարզ է: Տիքրան Մեծ պողոտայով դեպի երկաթգծի կայարանի ուղղղությամբ միկրոավտոբուսների 23 երթուղի կա, 9 ավտոբուսի եւ միայն մեկ տրոլեյբուսի:: Կեցցե հայրենասեր հայը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter