HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սնդիկ, մկնդեղ, կադմիում, ցինկ, կապար՝ Դեբեդի ավազանի գյուղմթերքներում

Հարցազրույց հանքաերկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի հետ

-Հանքալեռնային արտարությամբ գերբեռնված  Թումանյանի տարածաշրջանում և Ալավերդիում վերջին տարիներին չարորակ նորագոյացություններով  հիվանդների աննախադեպ աճ է արձանագրվում: Դրանք ի՞նչ առնչություններ կարող են ունենալ հանքալեռնային արտադրության հետ:

-Ընդհանուր մոտեցումներով գիտնականները գիտեն, որ որոշ ծանր մետաղներ կարող են հանդիսանալ քաղցկեղի պրոմատոլ: Այսինքն չի կարելի ասել, որ ծանր մետաղների ազդեցությունը յուրաքանչյուր մարդու մոտ կբերի քաղցկեղի, բայց կարելի ասել, որ դրանք կարող են դառնալ այդ հիվանդության սկզբնաղբյուր: Բոլորիս մեջ կան քաղցկեղի բջիջներ, որոնք սպասում խթանիչների: Դա կարող է լինել սթրեսը, կարող է լինել և ուրիշ քիմիական նյութ, բայց ծանր մետաղները  օժտված են քացկեղածին հատկություններով:

Վերջին տարիներին շատ օգտագործվող հանքավայրերում մեր հետազոտությունները բերեցին այն եզրակացության, որ բնակչության առողջության վրա ազդում են ոչ թե գլխավոր տնտեսական նշանակություն ունեցող քիմիական տարրերը, այլ երկրորդականները, որոնց չեզոքացման մասին խոսակցություն չի գնում, բայց որոնք հանքալեռնային գործունեության արդյունքում թափանցում են շրջակա միջավայր, մտնում են կենսաքիմիական ցիկլերի մեջ, կուտակվում են սննդամթերքում և փոխանցվում են օրգանիզմ: Դրանք առաջին տոկսիկության դասի տարրեր են` մկնդեղը, կապարը, սնդիկը, կադմիումը և այլն, որոնք օժտված են քաղցկեղածին հատկություններով, և բոլորն էլ առկա են մեր հանքանյութերում ու թափոններում չեն չեզոքանում:

Ալավերդու և Թումանյանի տարածաշրջանի համայնքների հետ կապված, ասեմ, որ մենք ԵԱՀԿ-ի դրամաշնորհային ծրագրով կարողացել ենք 2011 թ.-ին հետազոտել Դեբեդի ավազանում աճեցվող 15 տեսակի գյուղմթերքների էկոտոքսիկոլոգիական վիճակը: Մեր հետազոտություններով՝ մթերքների 5 նմուշներում սնդիկը ՍԹԿ-ն գերազանցել է 2,6-16,1 անգամ, կադմիումը, որը քաղցկեղի առաջացման վտանգավոր գործոն է, հայտնաբերվել է գյուղմթերքների բոլոր նմուշներում: Հատուկ ուշադրության արժանի է Նեղոց գյուղում աճեցված ազնվամորին, որի մեջ կադմիումի պարունակությունը 131,9 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն: Մկնդեղը (արսենը), 4 նմուշներում է գերազանցել ՍԹԿ-ն: Ցինկը 36,8 անգամ ՍԹԿ-ն գերազանցել է Նեղոց գյուղի ազնվամորու մեջ: Վտանգավոր է նաև Քարկոփում աճեցվող ազնվամորին, որը աճեցվում է մեծ քանակությամբ և տեղափոխվում են Ալավերդու,Վանաձորի, նույնիսկ Երևանի շուկաներ: Սնդիկի, կադմիումի, արսենի ինտենսիվ կուտակիչներ էին ուտելու կանաչիները:

Մենք հիմնականում ուսումնասիրել ենք այն գյուղմթերքները, որոնք ոռոգվել են Դեբեդի ջրերով: Ալավերդու շրջակա միջավայրում և որպես հետևանք սննդամթերքի մեջ կա  կապարի պարունակություն մկնդեղի հետ: Մկնդեղը այս դեպքում ուժեղացնում է կապարի քաղցկեղածին հատկությունը: Ստեղծված իրավիճակում, այո, մենք կարող ենք ասել, որ Ալավերդու և մոտակա (Նեղոց, Քարկոփ, Ճոճկան) գյուղերի սննդի մեջ առկա են մարդու առողջության համար գերվտանգավոր տարրեր, որոնց երկարատև օգտագործման պարագայում դրանք ազդեցություն կունենան եկող սերնդի վրա:  

-Կոնկրետ կարո՞ղ եք նշել  այդ ազդեցությունների չափը և հետևանքերը:

-Այսօր, ցավոք սրտի, մեր պետական կառավարման մարմինները չեն ապահովում այն չափի տեղեկատվություն, որ մենք կարողանանք եզրակացություն անել մարդու առողջության վրա ծանր մետաղների անմիջական ազդեցությունների մասին: Խնդիրը կապվում է բնակչության սննդակարգի ցուցանիշների հետ: ՀՀ առողջապահության նախարարությունը, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, պետք է տա թվեր այն մասին, թե Ալավերդի քաղաքում ապրող մարդը միջինում ինչքան միրգ է ուտում, որքան է օգտագործում բանջարեղենի այս կամ տեսակը, կարտոֆիլը, միսը և այլ սննդատեսակները, և այդ ժամանակ տվյալ գյուղմթերքի մեջ առկա ծանր մետաղի պարունակությամբ կարելի էր պարզել, թե մարդը ծանր մետաղների ինչ դոզա է ստանում:

Մենք այդ դոզայի մասին ոչ մի պատկերացում այսօրվա  դրությամբ չունենք: Մենք կարող ենք ասել, որ հետազոտել ենք այս կամ այն սնունդը և այսքան պարունակություն ենք պարզել: Իհարկե, եթե ծանր մետաղների պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն, ակնհայտ է, որ կա պոտենցիալ վտանգ: Բայց ներկայացնել, որ հենց դա է պատճառը, մենք չենք կարող, քանի որ չունենք սննդակարգը:

-Պարզվում է՝ բժիշկները քաղցկեղային, սրտային և այլ ծանր հիվանդություներով հիվանդներին, երբ խորհուրդ են տալիս օգտագործել առավելապես  բանջարեղեն կամ մրգեր, տեղյակ չլինելով դրանց էկոլոգիական վիճակին, հիվանդին դնում են ավելի ծանր վիճակի մեջ:

-Բոլոր դեպքերում մենք գիտենք, որ ծանր մետաղների անգամ քիչ խտությունները ահռելի ազդում են իմունիտետի, ընդհանուր օրգանիզմի վիճակի վրա, դրանք շատ հաճախ անեմնիայի պատճառ են դառնում: Այդ ամենը կա:

-Բնակչության առողջության  անվտանգության  ապահովման գործում ի՞նչ գնահատական կտաք մեր երկրի հանքարդյունաբերող ընկերությունների և կառավարության մտեցումներին:

-Հանքահումքային ընկերությունները մաքսիմալ խուսափում են, որպեսզի իրենց շրջակա միջավայրում իրականացվեն հետազոտություններ: Անցած 20 տարիներին մեզ միայն «Գեո Պրոմայնինգն» է պատվիրել Սոթքի հանքավայրի շրջակա միջավայրի մանրակրկիտ ուսումնասիրման համար:

-Ձեր կարծիքով՝ ինչու՞ են ընկերությունները խուսափում  հետազոտություններից:

-Հետազոտությունները թանկ են, բայց այնքան աստղաբաշխական չեն, որ ընկերությունը չկարողանա վճարել: Նրանք խուսափում են հետևանքներից: Լուրջ խնդիրների դեպքում ընկերությունները պետք է կատարեն լուրջ ներդրումներ` այդ վտանգները չեզոքացնելու համար: Ընկերությունները հենց դա չեն ուզում: Մեզ մոտ վայրագ կապիտալիզմի ժամանակաշրջան է, և ընկերությունները ուզում են գերշահույթ ստանալ` բնակչության առողջության անվտանգության համար չծախսելով ոչ մի բան: Կառավարությունը չի վերահսկում  հանքարդյունաբերող ընկերություններին:  

Մեկնաբանություններ (3)

hovanes ter-zakarian
xndir@ shat lurj e yevxist mtahogich.ardyoq petakan voreve hskoxutyn ka ays volortum?
hasmik
ayd tunavor metaxnery haytnabervel en nayev Kapaniy gyuxmterqneri meg
Ռուզաննա
լավ կլիներ, պարոն Սաղաթելյանն ասեր, թե Հայաստանի որ մասում է, որ գյուղմթերքներն ու ջրերը զերծ են վտանգավոր, թունավոր նյութերից ու մետաղներից...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter