HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր պարզ կդառնա՝ Հայաստանի հավաքականը կշարունակի՞ պայքարը երկրորդ տեղի համար

Այսօր՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական B խմբի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Մեր ընտրանին այս պահին 3 խաղից հետո ունի 3 միավոր եւ ընթանում է նախավերջին՝ 5-րդ տեղում: Չեխերը 4 խաղից վաստակել են 5 միավոր եւ 4-րդ տեղում են: 

Հայաստանի հավաքականը խաղին ներկայանում է մի շարք կորուստներով: Մասնավորապես, որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնեն երկու հենակետային կիսապաշտպանները՝ Կառլեն Մկրտչյանը եւ Արթուր Եդիգարյանը, ինչպես նաեւ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, վնասվածքից լիովին չի ապաքինվել ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը: Արաս Օզբիլիզն էլ վնասվածք ունի, սակայն միացել է թիմին:

Մեր ազգայինը նախկինում երկու անգամ հանդիպել է Չեխիայի ընտրանուն: Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երեւանում մեր ընտրանին 0-3 հաշվով զիջեց հյուրերին, իսկ Օլոմոուցում խաղն ավարտվեց 1-4 հաշվով. հեղինակության գոլը խփեց Արա Հակոբյանը:

Եթե այն ժամանակ թիմը մարզական խնդիր չէր լուծում, ապա այժմ դրված է երկրորդ տեղի համար պայքարելու հարցը (առաջին տեղը գրեթե ապահովագրված է իտալացիների կողմից): Իսկ դրան հավակնում են նաեւ Բուլղարիան, Դանիան, Չեխիան: Միավորների կորուստը, առավել եւս՝ պարտությունը գործնականում կփակի երկրորդ հորիզոնական տանող ճանապարհը, եւ թիմը, փաստորեն, հետագա խաղերում պիտի մտածի պարզապես հանդիսատեսին գեղեցիկ ու արդյունավետ խաղով ուրախացնելու մասին: Իսկ անցյալ շրջափուլից հետո, երբ Հայաստանի հավաքականը շատ մոտ էր փլեյ-օֆի ուղեգիր նվաճելուն եւ միայն Իռլանդիայի հետ վերջին խաղում բասկ մրցավար Իտուրալդե Գոնսալեսի միջամտությամբ ցավալի պարտություն կրեց, հայ հանդիսականը դարձել է ավելի պահանջկոտ, ու ցածր ցուցանիշ կհամարվի, եթե թիմը չկարողանա կրկնել գոնե նախորդ արդյունքը՝ 3-րդ տեղ ընտրական խմբում:    

Լուս.՝ armsport.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter