
Ծիրանենին ցրտահարվել է, բայց վաղ է ասել, որ բերք չի լինի
Մարտի 24-ի լույս 25-ի գիշերը Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը իջել էր -1 եւ տեղ-տեղ նույնիսկ -3 աստիճան, ինչը անհետեւանք չի կարող մնալ գյուղատնտեսության, հատկապես` պտղատու ծառերի վրա, քանի որ ջերմաստիճանի նվազումը համընկել է ծիրանենիների ծաղկման փուլի հետ: Ծիրանենին ծաղկել է Արմավիրի եւ Արարատի մարզերում, եւ մյուս մազերում կարծես թե մտահոգվելու առիթ չկա:
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ցրտահարության օրն ինքն անձամբ է հեռուստատեսությամբ գյուղացիներին բացատրել, թե ինչպես կարելի է պաշտպանիչ միջոցառումներ կիրառելով բերքը փրկել: Գյուղնախարարը նույնպես եղել է մարզերում եւ խորհրդատուների ու մարզպետարանի վարչության պետերի մակարդակով բացատրական աշխատանքներ տարել:
«Բնականաբար, ինչպես հաճախ է պատահում, ոչ բոլորն են այդ խորհուրդներին հետեւել, բայց շատերը հետեւել են եւ ծխեցումով հնարավոր է մինչեւ 100 տոկոսանոց արդյունք ապահովել»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:
Փոխնախարարի ասելով՝ աչքի համար որոշ հատվածներում ցրտահարությունն արդեն ակնհայտ է, բայց սպասվող բերքի վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենա` որեւէ մեկը չի կարող ասել:
Ըստ նրան` հազարավոր ծաղիկներից եթե նույնիսկ 5 տոկոսը պտուղ տա, ապա ռեկորդային բերք կստացվի: Բացի դրանից՝ չի բացառվում, որ ցրտահարությունը որոշակի ֆունկցիոնալ փոփոխություններ առաջացրած լինի, ասենք` ծաղիկը փարթամ աճի, փոշոտում կատարվի, սակայն հետագայում պտուղ չտա, կամ պտուղը չմեծանա ու թափվի:
Մոտ 20 օր հետո, երբ ավարտվի ծիրանենու ծաղկումը, եւ պտուղը աճի, այդ դեպքում հստակ կկարողանան գնահատական տալ:
«Այս պահին չեմ կարծում, որ լուրջ մտահոգությունների առիթ կա, որ կորուստներ կունենանք եւ այլն, բայց ի՞նչ չափով կլինի՝ պարզ կլինի ավելի ուշ: Բողբոջած ծառերի մասով վտանգ չկա, ցրտահարությունը սպառնում է հողին հնարավորինս մոտ գտնվող ծաղիկներին»,- ասաց փոխնախարարը:
Ըստ Հայպետհիդրոմետի տվյալներին՝ մինչեւ ամսի 31-ը բացասական ջերմաստիճան Արարատյան դաշտավայրում չի սպասվում: Գիշերը նվազագույնը կլինի +1 աստիճան, ինչը ցրտահարության վտանգ չի առաջացնում:
«Բայց վտանգը դեռ չի վերացել, տարիներ են եղել, որ մինչեւ ապրիլի 22-ը ցրտահարության դեպքեր են եղել, այնպես որ դեռ վաղ է կանխատեսել, թե վտանգն անցավ»,- ավելացրեց Գառնիկ Պետրոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել