Դատակոչվել են նաև Գյումրիի նախկին քաղաքապետը, նրա դուստրն ու եղբայրը
Համեմատած նախորդ նիստերին՝ դատարան ներկայացած ընդամենը մեկ վկայի հարցաքննությունն այս անգամ անցավ բավական խաղաղ մթնոլորտում: Միայն մեկ անգամ սպանված Կարեն Եսայանի մայրը որոշեց նկատողություն անել ամբաստանյալ Հարություն Սարգսյանին՝ հրահանգելով նրան նստել ու լռել: Դատակոչված վկա Գարիկ Պապոյանի հարցաքննության ժամանակ կրքեր չբորբոքվեցին, տուժող կողմը զերծ մնաց ամբաստանյալին անիծելուց եւ գլխին լուտանքներ տալուց, ինչին դատաքննության մասնակիցները ականջալուր էին նախորդ բոլոր նիստերի ընթացքում:
Վկա Գարիկ Պապոյանն, ով Հարություն Սարգսյանի մոտ ընկերն էր, ասաց, որ ճանաչել է նաեւ Կարեն Եսայանին: Ամբաստանյալի հետ մտերմությունը սկսվել է դեռեւս Գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին: Գարիկի եւ Հարությունի ընտանիքները եւս մոտ հարաբերություններ են ունեցել: Ակադեմիան ավարտելուց հետո Գարիկը զբաղվել է դարբնությամբ, ինչպես հայրը, իսկ Հարությունը բիզնեսով՝ արտերկրից մեքենաներ էր ներկրում վաճառքի համար: Գարիկ Պապոյանը պատմեց, որ քրոջ ընտանիքի համար եւս Հարությունը «դրսից» մեքենա է բերել, որը փեսան վաճառել է 5 ամիս անց:
Գարիկի պատմելով, շատ հաճախ, ընկերներով Հարությունի բերած մեքենաները նախքան ավտոշուկա տանելը, տարել են ավտոլվացման կետ: «Ինչու դուք»,-հետաքրքրվեց մեղադրողը: «Դե կարող է իրան հարմար չէղներ, գործեր ունենար, մեզի կխնդրեր, կտանեինք: Ինչ կա ըդուր մեջը»,-պատասխանեց վկան: Գարիկը, պատասխանելով մեղադրող կողմի հարցերին, ասաց, որ սովորաբար մեքենաները տանում էին Հարութենց տանն ամենամոտ՝ Շիրակացի փողոցում գտնվող ավտոլվացման կետերից որեւէ մեկը: «Դե ըդտեղ ամեն 50-100 մետրը մե հատմ կա, մենք ամենամոտիկը կտանեինք, այսինքն՝ հիմնականում Լենքոշի հայաթի ավտոմոյկեն»,-նկատեց վկան:
Պաշտպանական կողմին հետաքրքրում էր, թե տանը կից գործող փոքրիկ խանութի համար Հարություն Սարգսյանն արդյոք օգտվել է Տերյան փողոցում գտնվող առեւտրի մեծածախ խանութներից: Վկան էլ նկատեց, որ թե՛ իրենց տուն գալու համար, որը նույնպես գտնվում է նշված փողոցում, թե՛ ապրանք գնելու համար Հարությունը պիտի հասներ Տերյան փողոց, իսկ դրա համար նա պիտի անցներ նախ Աբովյան փողոցով, որն հատվում է Տերյան փողոցի հետ: Ի դեպ, Աբովյան փողոցում է գտնվում Մանյա Ղուկասյանի ղեկավարած երաժշտական դպրոցը, եւ ամբաստանյալը, ինչպես եւ ցանկացած մարդ, ով Տերյան փողոց հասնելու համար ընտրում է այդ երթուղին, ուզի, թե չուզի պիտի անցնի դպրոցի մոտով:
Մեղադրող կողմին հետաքրքրում էր, թե Գարիկը երբեւէ լսել է, որ Հարությունը սիրահարված է Մանյա Ղուկասյանին կամ ուզում է ամուսնանալ:
«Չէ, ըդպես բան չկար, եթե էղներ կիմանայի»,-պատասխանեց վկան: Դատախազը նաեւ հետաքրքրվեց, թե վկան վերջին անգամ երբ էր տեսել կամ զրուցել ամբաստանյալի հետ: Պարզվեց, որ դեպքի օրը՝ 2012թ-ի ապրիլի 12-ին, Գարիկը ոչ միայն հեռախոսազրույց էր ունեցել Հարությունի հետ, այլեւ հանդիպել էին: Հանդիպումը եղել է ցերեկային ժամերին: Գարիկը տեղյակ է եղել, որ ընկերը պիտի Վրաստան գնա:
«Իսկ ի՞նչ հագուստ էր նրա հագին, երբ հանդիպեցիք»,-հարցրեց փաստաբան Լուսինե Սահակյանը: «Հմի չեմ հիշե, թե ինչ էր հագած, բայց թունդ գույնի էր»,-նկատեց վկան:
Հետո, արդեն երեկոյան իմացել է, որ ոստիկանությունը որոնում է Հարությունին ինչ-որ սպանության կասկածանքով: Ընկերոջ ձերբակալությունից հետո Գարիկ Պապոյանին որպես վկա հրավիրել են հարցաքննության եւ ոստիկանական բաժանմունքում պահել երկու օր: «Եթե ուզենայիք գնալ տուն, կկարողանայիք գնալ»,-հարցերց փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Օր թողնեին, ինչի չէի էրթա, թողնող չկար: Երկրորդ օրը իրիգունը նոր բաց են թողել ինձի»,-պատասխանեց Գարիկ Պապոյանը: «Նշանակում է՝ ապօրինի կերպով սահմանափակել են քո ազատ տեղաշարժվելու իրավունքը»,-նկատեց փաստաբանը:
Պապոյանին քննելուց հետո դատավոր Մարտին Սարոյանը կես ժամ ընդմիջում հայտարարեց: Դատական նիստը վերսկսելուց հետո մեղադրող կողմը միջնորդեց պատշաճ ծանուցված, սակայն անհայտ պատճառներով դատարան չներկայացող վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնել: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Պաշտպանական կողմն էլ իր հերթին փորձեց ճշտել, թե արդյոք, որպես վկաներ դատարան ներկայանալու համար ծանուցվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա դուստր՝ Մանյա Ղուկասյանը եւ եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը: Դատավոր Մարտին Սարոյանը հայտնեց, որ նշված վկաները դատարան են ներկայանալու հաջորդ դատական նիստին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել