Վրացագետ. աբխազական երկաթուղու գործարկման հարցում առաջընթաց կլինի Վրաստանի նախագահի ընտրությունից հետո
«Անդրկովկասում չունենք մի օրինակ, երբ էթնոքաղաքական կոնֆլիկտի պատճառով փակված հաղորդակցման ուղին վերկանգնվել է: Չենք կարող սպասել արագ լուծումների, որովհետև դա պահանջում է երկարաժամկետ բանակցություններ: Սակայն կարևոր է, որ այս խնդրի մասին այսօր արդեն խոսում են Վրաստանի իշխանությունները»,- «Հետքի» հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանը` անրադառնալով աբխազական երկաթուղու հնարավոր շահագործմանը:
Նրա կարծիքով` այժմ Վրաստանի նոր իշխանությունները փորձում են նոր քաղաքականություն վարել Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ: Հասկանալով, որ ռազմական միջոցով չեն կարող վերամիավորել այդ տարածքները` փորձում են «փափուկ ուժի» միջոցով, «սիրաշահելով» ցույց տալ, որ Վրաստանը ոչ թե թշնամի է, այլ երկիր, որը կարող է աբխազների համար ավելի հետաքրքիր լինել, քան Ռուսաստանը:
Իսկ Մ. Սահակաշվիլիի ժամանակ Վրաստանի իշխանությունները համարում էին, որ վարել բանակցություններ այն դեպքում, երբ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, կնշանակեր, որ Վրաստանը ճանաչում է ստեղծված քաղաքական իրականությունը: Եվ պատահական չէ, որ երկաթուղու հարցը բարձրացվեց մասնավորապես Վրաստանի իշխանափոխությունից հետո:
Վրացագետ Ալիկ Էրոյանցի բնորոշմամբ` սկզբում Ռուսաստանը կարծես թե լռում էր` սպասելով ավելի լուրջ քայլի Վրաստանի կողմից: Սա զարմացրել էր Վրաստանին, քանի որ նա էլ համարում էր, որ Ռուսաստանը պետք է առաջինը արձագանքեր: Այնուամենայնիվ, այժմ կողմերը փորձում են համագործակցել տնտեսական, կրթամշակութային հարցերում: Կարևոր է, որ աբխազական երկաթուղու մասին խոսում են բարձր մակարդակներում:
Աբխազիայի դերը
Այսօր, երբ աբխազական երկաթուղու վերաբացման գործընթացը դեռ նախնական փուլում է, թե վրացական, թե ռուսական կողմը շարունակում են միմյանց հղում անել` նշելով, թե դիմացինի քայլերից է կախված գործընթացի զարգացումը:
Խոսելով աբխազական երկաթուղու մասին, Աբխազիայից առավել մենք շրջանառում ենք Վրաստանի և Ռուսաստանի անունները: Հետևելով աբխազական կողմի արձագանքներին՝ կարելի է եզրակացնել, որ այն առանձնապես ոգևորված չէ երկաթուղու հնարավոր վերաբացմամբ, ի տարբերություն, օրինակ, հայկական կողմի:
Սակայն մյուս կողմից էլ հասկանալի է, որ աբխազական երկաթուղին վրաց-ռուսական հարաբերությունների հնարավոր բարելավման գործոններից մեկն է միայն` շղթայի մեկ օղակը:
Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այս գործընթացում եթե անգամ Աբխազիան վախենա և համաձայնություն չտա երկաթուղու գործարկմանը, բայց Մոսկվան դա ցանականա, ապա կարող է ազդել Աբխազիայի վրա:
«Աբխազները զգուշավոր են այս հարցի նկատմամբ: Աբխազիան կարող է խնդիրներ ստեղծել շահագործման տեսանկյունից: Բայց նաև Ռուսաստանի ազդեցությունն Աբխազիայի վրա այնքան մեծ է, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող է այդ հարցը լուծել»,- ասում է Ս. Մինասյանը:
Ա. Էրոյանցը կարծում է, որ աբխազական կողմի դիրքորոշումը կախված կլինի ռուսական կողմից:
Հայաստանի դերը
«ՀՀ-ն կողմ է աբխազական երկաթուղու բացմանը, քանի որ դա բխում է իր շահերից»,- հայտարարեց Ա. Էրոյանցը:
Այն, որ աբխազական երկաթուղու վերաբացումը ձեռնտու է հայկական կողմին, կարծես թե ոչ ոք չի էլ վիճարկում: Եվ պատահական չէ, որ հարցը լայն քննարկումների տեղիք է տվել: Այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի այցը Մոսկվա համընկավ, վկայում է այն մասին, որ կողմերի միջև կա որոշակի համաձայնություն:
«Միայն մենք ենք, որ խնդիրը չենք հարուցել, և ցանկություններս շատ մեծ է: Այնպես որ ես այստեղ ակնկալում եմ դրական տեղաշարժեր, իսկ դա ուղղակի հսկայական օգուտ կբերի մեր տնտեսությանը և ոչ միայն: Մենք (նկատի ունեմ մեր գործարարներին) այսօր, ցավոք, որպեսզի Մոսկվայից մեկ տոննա բեռ երկաթուղով տեղափոխենք Երևան, ծախսում ենք 190 դոլար մեկ տոննայի համար: Սա սարսափելի մեծ գին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
«Այս իրավիճակում Հայաստանը ամենաշահագրգռված կողմն է, բայց նաև այն նվազագույն չափով կարող է ազդել գործընթացի վրա»,- կարծում է Ս. Մինասյանը:
Նրա կարծիքով` Հայաստանը կարող է իրականացնել միջնորդական դիվանագիտություն, բայց ոչ ավելին: Իսկ արդեն գործնական փուլում գուցե և տնտեսական, ֆինանսական աջակցություն ցույց տա երկաթգծի վերականգնման հարցում:
«Հայաստանը թե այժմ, թե ընթացքում կարող է իր լուրջ դերակատարումը խաղալ` լինելով միջնորդ վրաց-ռուսական հարաբերությունների բարելավվման և զարգացման հարցում»,- կարծում է Ա. Էրոյանցը:
Նրա կարծիքով` այստեղ կարելի է գործածել երկու երկրների հետ լավ հարաբերություններ ունենալու հանգամանքը, ինչը մեծապես կարևոր է Հայաստանի համար: Այդ դեպքում վերջինիս դերը կմեծանա արդեն բուն գործընթացի ընթացքում: Ա. Էրոյանցը կարծում է, որ հայկական կողմը, որի համար դրական է իր բացահայտ դիրքորոշումը հարցի վերաբերյալ, պետք է պարբերաբար հանդես գա երկաթգծի վերաբացման մասին հայտարարություններով:
Ադրբեջանի դերը
Եթե Հայաստանի դեպքում ակնհայտ են օգուտները երկաթուղու վերաբացման դեպքում, ապա Ադրբեջանի դեպքում անկհայտ են վնասները:
«Ադրբեջանը շահագրգռված կողմ չէ, առավել ևս, որ այնտեղ նախատեսված է Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը, և նրանք այլ նպատակներ ունեն»,- ասում է Ալիկ Էրոյանցը:
Նրա կարծքով` ադրբեջանին ձեռնտու չէ նաև վրաց-ռուսական հարաբերությունների բարելավումը: Այժմ նա Վրաստանի առևտրային խոշոր գործընկերն է և կարևոր դերակատարում ունի: Իրավիճակը կարող է փոխվել, եթե Վրաստանն իր էներգետիկ հարցերը կարգավորի Ռուսաստանի հետ:
Արևմուտքի դերը
Ա. Էրոյանցի խոսքով` Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին ակտիվորեն հետևում է նաև Արևմուտքը, որը պարբերաբար քննադատում է վարչապետ Իվանիշվիլիին: Միաժամանակ Սահակաշվիլիին և Իվանիշվիլիին կոչ է անում համագործակցել: Իսկ Վրաստանի ներքաղաքական լարվածությունն այնքան մեծ է, որ ազդում է նաև արտաքին քաղաքականության վրա: Այդ նույն լարվածության հետ է կապված Սահակաշվիլիի մշտական քննադատությունը` այդ թվում կապված աբխազական երկաթուղու վերաբացմանը, ինչը նա բացասական է գնահատում:
«Արևմուտքում որոշ ուժեր խանդով են նայում այն հնարավորությանը, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները կարող են դրական զարգացում ունենալ: Բայց նաև պրագմատիկ ուժերը հասկանում են, որ դա տարածաշրջանային զարգացման տեսանկյունից դրական կլինի»,- ասում է Ս. Մինասյանը:
Նրա կարծիքով` ԱՄՆ-ին այս պահին ավելի շատ հետաքրքրում է, թե որքանով արդյունավետ կլինի իշխանափոխությունը Վրաստանում:
Քաղաքագետների կարծիքով` ԱՄՆ-ն ունի իր շահերը, բայց աբխազական երկթուղու հարցում նրա միջամտությունը զգալի չի լինի:
«Դանդաղ, քայլ առ քայլ, բայց հարաբերությունները կգան մի մակարդակի, երբ աբխազական երկաթուղու մասին արդեն առարկայնորեն կխոսեն», - կարծում է Ա. Էրոյանցը:
Նրա կարծիքով` գործընթացի ավելի լուրջ և կոնկրետ առաջընթաց կարձանագրվի Վրաստանի նախագահական ընտրություններից հետո, ինչին հավանաբար սպասում է ռուսական կողմը: Այդ ժամանակ արդեն ռուսական կողմի համար ավելի հեշտ կլինի համագործակցել նոր իշխանությունների հետ: Վրաստանի հոկտեմբերյան ընտրություններից հետո ավելի հստակ կլինեն թե ռուսական, թե վրացական կողմի դիրքորոշումը և հետագա քայլերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել