
ԱԺ փոխխոսնակի ամուսինը չի ներկայանում դատարան
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Արարատի հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանը, չի ներկայանում Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվում է «Նորաշեն 2007»-ի հայտնի գործը:
Հիշեցնենք, որ դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում 2012-ի հունվարից քննվում է «Նորաշեն 2007» արտադրական կոոպերատիվի ղեկավարներ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանի գործը, որոնք մեղադրվում են քաղաքացիներին խաբելու եւ նրանց վճարած գումարների դիմաց բնակարաններով չապահովելու մեջ: Եվս 4 մեղադրյալի մասով գործն անջատվել է եւ քննվում է առանձին:
Քրեական գործը բավականին երկար է, դրանում կան բազմաթիվ դրվագներ, մասնավորապես՝ շինարարություն իրականացնող կոոպերատիվին պարտք տված անձանց վերաբերյալ ցուցմունքներ են տրվել թե Թադեւոսյանի, թե Սամվելյանի կողմից: Բանն այն է, որ վերջիններս ֆինանսական դժվարություններ են ունեցել շինարարական աշխատանքները շարունակելու հարցում եւ կոոպերատիվի շահառուներից գումարներ ստանալուն զուգահեռ դիմել են տարբեր մարդկանց: Սրանք էլ տարբեր ձեւերով պարտք են տվել, այդ թվում՝ տոկոսով գումարներ: Պարտքերի դիմաց կոոպերատիվի ղեկավարները գրավադրել են իրենց շահառուներին պատկանող տները: Եվ քանի որ պարտքերը չեն կարողացել վերադարձնել, պարտատերերից ոմանք հրաժարվում են վերադարձնել բնակարանները՝ նշելով, թե դրանք գնել են (պարտք վերցնելիս առքուվաճառքի ձեւական պայմանագրեր են ստորագրվել նրանց ու պարտապանների միջեւ, սակայն գործարքի իրական հիմքը եղել է գրավի դիմաց տոկոսով գումար տալը, մյուս կողմից՝ գոյություն ունեն նախավճարների պայմանագրեր շահառուների ու կոոպերատիվի միջեւ):
Նախաքննության ժամանակ շոշափվել է նաեւ Դավիթ Բեգլարյանի անունը, որը ամբաստանյալների հետ ծանոթացել է գործընկերոջ՝ ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Ռազմիկ Ավագյանի միջոցով:
«Հետքը» գրել է այն մասին, որ ժամանակին քննիչ Վաղինակ Ջանազյանը իր որոշման մեջ հաստատել էր Բեգլարյանի կողմից 5 տոկոսով 300.000 դոլար գումար տալու փաստը, բայց նաեւ գրել էր, որ Բեգլարյանը շահույթ չի ստացել, հետեւաբար՝ հանցակազմ չկա: Սակայն հետագայում դատախազ Հարություն Հարությունյանը վերացրել էր այդ որոշումը, եւ քննիչը նոր որոշում էր կազմել, որտեղ հերքված էր համարել Բեգլարյանի կողմից տոկոսով գումար տալու հանգամանքը:
Բնակիչները մեզ պատմել էին, որ գիտեն, թե ինչ է եղել Ջանազյանի առաջին որոշումից հետո. «Դե, որոշման մասին ծանուցում են իրենց (կողմերին, տվյալ դեպքում` Բեգլարյանին- հեղ.), ներքին ինֆորմացիան հաստատ գիտենք: Թուղթը թափ է տվել (ի նկատի ունեն Հերմինե Նաղդալյանին - հեղ.) Ջանազյանի երեսին, թե` էս ի՞նչ ես գրել, պատասխան ես տալո՞ւ սրա համար, գլխիցդ ձեռ ես քաշե՞լ»:
Դավիթ Բեգլարյանը այս գործով այժմ ոչ թե որպես մեղադրյալ, այլ վկա է անցնում, սակայն միեւնույնն է՝ դատարան չի ներկայանում: Դատական նիստերին մշտապես մասնակցող բնակիչները «Հետքին» հայտնել են, որ դատավորը պայմանավորվածություն է ձեռք բերել Բեգլարյանի հետ, եւ վերջինս պետք է ներկայանա դատարան: Մասնավորապես, ըստ նրանց, նման կերպ իբրեւ վկա դատարան է եկել նաեւ «էսկո-կոնցեռն»-ի ղեկավար Սարգիս Աղաբեկյանը, որը նախկինում կրկին վաշխառության մեղադրանքով ձերբակալվել էր, սակայն հետո գործը կարճվեց: Բնակիչների հավաստմամբ՝ Աղաբեկյանը քաղաքացիներին վերադարձրել է իրենց տները: Իսկ պարտատեր Բեգլարյանի, ավելի ճիշտ նրա կնոջ՝ Հերմինե Նաղդալյանի մոտ հայտնված 14 բնակարաններից 8-ի տերերը առայժմ պայքարում են՝ իրենց բնակարանները հետ ստանալու համար (մյուս 6-ը վերադարձվել են): Նաղդալյանն ասում է, թե ինքն էլ է տուժել կոոպերատիվի ղեկավարների գործողություններից, սակայն բնակիչների հետ նրա բանակցությունները արդյունք չեն տվել, եւ բնակիչները հույս ունեն քաղհայցերով վերադարձնել իրենց գույքը:
Ներկայացնում ենք Ա. Թադեւոսյանի եւ Լ. Սամվելյանի աշխատանքային տետրի այն էջը, որտեղ նշված են նրանց պարտատերերը: 5-րդ տողում գրված է Բեգլարյանի անունը, որը, ինչպես երեւում է նշումներից, 2009-ի փետրվարի 19-23-ը ընկած հատվածում 5 տոկոսով 300.000 դոլար գումար է տվել, եւ փոխարենը կնքվել է 14 բնակարանի պայմանագիր: Այս տետրը կցվել է գործի նյութերին, սակայն ստացվում է, որ թե ամբաստանյալների ցուցմունքները, թե իրեղեն ապացույցները ավելի թույլ են գտնվել, քան լավ պաշտոն ունենալը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել