HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Փաշինյանի` եթե 700 հազար մարդ մասնակցի հանրահավաքին, իշխանափոխություն հնարավոր է իրականացնել 24 ժամում

«Ես ազատության մեջ եմ գտնվում ձեր հետեւողական պայքարի շնորհիվ: Ես ուրախ եմ, որ դուք ձեր սեփական աչքերով տեսնում եք ձեր պայքարի հերթական հաղթանակը: Համոզված եղեք, որ կտեսնեք նաեւ նորանոր հաղթանակներ, և եկեք դրանում կասկած չունենանք»,- Շիրակի մարզի ՀԱԿ-ի ակտիվիստների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ասաց, որ խոսելու է երեք կարեւոր հարցերի շուրջ, եւ առաջինը մշտապես շրջանառվող ՀԱԿ-իշխանություն երկխոսության հարցն է:

«Եթե հիշում եք, ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի առաջ դրեց երեք պահանջ` Ազատության հրապարակ, մարտի 1-ի գործի վերաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում: Քանի որ իշխանությունն այդ երեք պահանջները կատարել է, ապա դրանց կատարումը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունը հասկացել է իր անկարող, անգործունակ լինելը, ինչն էլ հույս է տալիս, որ կարելի է իշխանությանն անցնցում եղանակով բացատրել, որ իրերը հավաքի  եւ խաղաղ, հանգիստ հեռանա,- նկատեց Նիկոլ Փաշինյանը,-սա, ըստ էության, առանց բախումների, առանց անհանգստությունների էս իշխանություններից ազատվելու վերջին հնարավորությունն է: Մենք բոլորս պիտի հասկանանք, որ եթե երկխոսությունը կոնկրետ արդյունքներ չտվեց Հայաստանում, տեղի է ունենալու ջրբաժան, եւ ՀԱԿ-ը, լինելով հզոր քաղաքական ուժ, հետեւողականորեն տանելու է իր պայքարը մինչեւ վերջ»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշման շուրջ պտտվող խոսակցություններին` շեշտելով, որ ՀԱԿ-ը ոչ մի հարցում իր դիրքորոշումը ոչ մեղմացրել է, ոչ  էլ փոխել է: Գոյություն ունի քաղաքական կյանք իր բոլոր վայրիվերումներով: Բանախոսը տարվող գործընթացները համեմատեց մեքենա վարելու հետ` ասելով, որ եթե, օրինակ, Երեւանից մինչեւ Գյումրի մարդը փորձի անցնել ժամում 150 կմ արագությամբ` առանց դանդաղեցնելու շրջադարձերին կամ մեղմացնելու արագությունը պահանջվող վայրերում, ապա հաստատ ձորը կգլորվի:

«ՀԱԿ-ի քաղաքականությունը պետք է մշտապես դիտարկել այս համատեքստում: Մենք 2008թ-ին դուրս ենք եկել Ա կետից եւ հասնելու ենք Բ կետ, ու դա անխուսափելի է: Հայաստանում, միեւնույն է, տեղի է ունենալու իշխանափոխություն, միեւնույն է` ավազակապետությունը հեռանալու է: Սրանում այլընտրանք չկա, բայց նրանք, ովքեր ուզում են, որ մենք մեր մեքենան անընդհատ վարենք 150 կմ/ժ արագությամբ, նրանք ուզում են, որ մենք վթարի ենթարկվենք: Բայց մենք այդ մարդկանց այդ ուրախությունը չենք պատՃառի»,-հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը:

Իշխանափոխությունը կապելով հանրահավաքների բազմամարդության հետ` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 700 հազար մարդ Ազատության հրապարակում հավաքվելու դեպքում, այն հնարավոր կլինի իրականացնել 24 ժամում, 500 հազարի դեպքում` մեկ շաբաթում, իսկ 250 հազար մարդու մասնակցությունը իշխանափոխության խնդրի լուծումը կձգձգի մինչեւ երեք ամիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter