Երիտասարդ պրոդյուսեր. «Երբ շրջում ես կինոշուկայում, տեսնում ես Հայաստանը ճանաչելու միտում»
«Մանկուց երազել եմ աշխատել կինոյում, բայց երբեք չեմ երազել դառնալ պրոդյուսեր: Պարզապես աշխատանքի ընթացքում դա ինձ հետաքրքրեց», - ասում է երիտասարդ պրոդյուսեր Տաթևիկ Մանուկյանը:
Մասնագիտությամբ միջազգայնագետ Տաթևիկ Մանուկյանն ուսանողության տարիներին, որպես կամավոր, ներգրավվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աշխատանքներին: Ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի կոչում` նա իր աշխատաքը շարունակում է կինոյի ոլորտում: Գործի բերումով լինելով բազմաթիվ երկրներում, մասնակցելով տարբեր կինոփառատոների և կինոշուկաների` Տաթևիկը հասկանում է, որ իրեն հատկապես հետաքրքրում է պրոդյուսերական աշխատանքը. դա այն է, ինչով նա ցանկանում է զբաղվել:
Այսօր նա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավարն է:
«Մասնագիտությամբ պրոդյուսեր չեմ»
Տաթևիկը խոստովանում է, որ իր համալսարանական կրթությունը շատ է օգնում իր աշխատանքին, քանի որ հաճախ են հարցեր լինում կապված մասնավորապես մտավոր սեփականության, հեղինակային իրավունքի, ինչպես նաև միջազգային պայմանագրերի հետ: Մյուս կողմից` նա կարծում է, որ լավ կլիներ, եթե պրոդյուսերական կրթություն ունենար:
«Իմ պրոդյուսերական աշխատանքի ընթացքում բախվում եմ բոլոր տեսակի դժվարություններին, որովհետև մասնագիտությամբ պրոդյուսեր չեմ»,- ասում է Տաթևիկը:
Նրա խոսքերով` շատ բաներ նա սովորում է աշխատաքնի ընթացքում և ինքնուս:
«Բայց լավ կլիներ, եթե ես ունենայի հիմնական կրթություն, որպեսզի ամեն անգամ նոր հեծանիվ չհայտնաբերեի, ինչը շատ հաճախ է լինում ինձ մոտ: Մյուս կողմից` դա էլ է հետաքրքիր, որ ես ինքս եմ ինձ համար հայտնաբերում նորը», - ասում է Տաթևիկը:
«TAO-ն ներքին բառ է»
2012 թ. Տաթևիկը բացում է իր պրոդյուսերական կենտրոնը` «TAO production»-ը: Նրա կարծիքով` ֆիլմ արտադրող ընկերության դեպքում ֆիլմի նկատմամբ լինում է ավելի պրոֆեսիոնալ մոտեցում: Բացի այդ` ավելի հեշտ է լինում այն ներկայացնել փառատոների և միջազգային կինոշուկայում:
Չնայած ընկերության ստեղծման գաղափարը վաղուց կար, սակայն դրան անմիջականորեն նպաստում է Լիլթ Մովիսիսյանի «Ես էլ» ֆիլմը, որը դառնում է ընկերության «առաջնեկը»:
Այն հարցին, թե ինչ է նշանակում «TAO», Տաթևիկը պատասխանում է, որ այն որևէ բացատրություն չունի, անգամ կապված չէ իր անվան հետ, ինչպես շատերն են կարծում:
«Պարզապես ներքին բառ է»,- ասում է նա:
Այժմ ընկերությունը, որպես համատեղ արտադրող, հանդես է գալիս Վրեժ Քասունու «Վիժում» ֆիլմում: Այն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ է, և այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Բացի այդ` նաև աշխատում են 2 կարճամետրաժ և 2 լիամետրաժ ֆիլմերի վրա, որոնք սցենարների զարգացման փուլում են: Իսկ կարճամետրաժ ֆիլմերից մեկի նկարահանումները կսկվեն արդեն ապրիլին:
Տաթևիկի խոսքերով` իրենք ունեն չափանիշներ, որոնցով առաջնորդվում են, սակայն դրանք ներքին, չգրված չափանիշներ են: Յուրաքանչյուր նախագիծ նրանք փորձում են դիտարկել տարբեր տեսանկյուններից և հասկանալ պոտենցիալ լսարանի պահանջները: Սահմանափակումներ չկան, բայց նաև երիտասարդ պրոդյուսերը չէր ցանկանա ներգրավվել կոմեդիայի ժանրի մեջ: Նա կարծում է` այն շատ բարդ ժանր է, և նման նախագծում պետք է ներգրավված լինեն առավելապես պարոֆեսիոնալներ: Նաև չէր մասնակցի սարսափ ֆիլմի ստեղծման: Ոչ թե այն պատճառով, որ չի սիրում կամ նկարահանման արժանի չէ համարում, այլ պարզապես գտնում է, որ դա իրենը չէ:
«Ֆիլմն ավելի խոսուն է ստացվում, երբ ռեժիսորն է գրած լինում սցենարը»
Երիտասարդ պրոդյուսերը նշում է, որ իրենց հիմնական ուղղվածությունը հեղինակային ֆիլմերն են` խաղարկային և վավերագրական:
«Շատ գնահատում եմ, երբ ռեժիսորն ինքն է գրած լինում սցենարը, այլ ոչ թե առանձին ձեռք են բերում սցենար և գտնում ռեժիսոր: Այդ դեպքում ֆիլմը շատ ավելի խոսուն է ստացվում»,- կարծում է Տաթևիկը:
Նրա խոսքերով` կինոշուկա ասվածը շատ լայն ու բազմազան է: Մի կողմից կոմերցիոն հատվածն է, որտեղ զարգացման միտումները շատ տարբեր են, մյուս կողմից` հեղինակային, այսպես կոչված` արտ-հաուս (Ֆիլմեր, որոնք նախատեսված չեն զանգվածային լսարանի համար. ոչ կոմերցիոն, ինքնուրույն կամ էլ փոքր կինոստուդիաներում նկարահանված ֆիլմեր) դաշտն է: Երկուսն էլ անհրաժեշտ են և ունեն իրենց առանձին լսարանը:
«Բայց ցանկացած խոսակցություն, առքուվաճառք կատարվում է լավ ֆիլմերի շուրջ: Անգամ բյուջեն այստեղ դեր չի խաղում: Խնդիրը ֆիլմի որակն է, բովանդակությունը» - ասում է պրոդյուսերը:
«Հանդիսատեսն ունի հեղինակային ֆիլմերի կարիք»
Նա հիշում է, որ «Ոսկե ծիրան» կինփառատոնի առաջին տարիներին շատ քիչ մարդ էր գալիս հեղինակային ֆիլմերի ցուցադրությանը, և «թվում էր, թե դա քչերին է հետաքրքրում»: Իսկ այժմ` մի քանի տարի անց, ցուցադրություններն անցնում են բազմամարդ դահլիճներում:
«Դա գալիս է ապացուցելու, որ հանդիսատեսն ունի հեղինակային ֆիլմերի կարիք, ինչը ձևական չէ: Հայաստանում արդեն կա հեղինակային ֆիլմերի լսարանը»,- ասում է Տաթևիկը:
Նրա կարծիքով` ֆիլմի դեպքում անլուրջ է խոսել ֆինանսական բացերի մասին, որովհետև ցանկացած, անգամ ամենազարգացած երկրում շատերն են բախվում այդ խնդրին: Սակայն Հայաստանում խնդիրը կապված է տեխնիկայի հետ, որի ձեռքբերման հնարավորությունները սահամանփակ են: Մյուս կողմից` Հայաստանում արդիական խնդիր է լավ սցենարիստների պակասը:
«Մնացած մասնագիտությունների ոչ թե պակաս կա, այլ կադրերի վերապատրաստման կարիք: Հայաստանում այնպիսին է իրավիճակը, որ մասնագետները ինքնազարգացմամբ են զբաղվում, ինչը ևս շատ ողջունելի է: Բայց այժմ միտումները շատ արագ են փոխվում, զարգանում և ցանկալի է ունենալ արտեկրյա փորձ»,- ասում է Տաթևիկը:
«Ժամանակի հարց է, որ մեր ֆիլմերը ևս հայտնվեն մեծ կինոշուկաներում»
Այնուամենայնիվ, նա նշում է, որ այժմ Հայաստանից բազմաթիվ ֆիլմեր են ներկայացվում միջազգային տարբեր փառատոների, որոշները նաև դառնում են մրցանակակիր:
Տաթևիկի կարծիքով` մեծ կինոշուկաներում հայտնվելու հիմնական խնդիրը կապված է մեծ անունների հետ: Այսինքն` վաճառք իրականացնող կազմակերպությունները մեծ տեղ են տալիս կամ հեղինակավոր անուններին` ռեժիսոր, դերասան և այլն, կամ էլ փառատոներում առաջին մրցանակը շահած ֆիլմերին:
«Կարծում եմ` ժամանակի հարց է, որ մեր ֆիլմերը ևս հայտնվեն մեծ կինոշուկաներում: Ես ինքս մասնակցել եմ տարբեր կինոշուկաների: Եվ երբ շրջում ես կինոշուկայում, նաև տեսնում ես միտում` ճանաչելու Հայաստանը, հայկական որոշ ֆիլմեր, ինչը շատ դրական է»,- պատմում է պրոդյուսերը:
Նրա խոսքերով` հաճախ ասում են, թե դժվար է Հայաստանի հետ համատեղ ֆիլմ ստեղծել, քանի որ բացակայում են միջազգային պայմանագրերը: Սակայն նրանք, ովքեր նման փորձ են անում, հասնում են հաջողության:
Նա հիշեցրեց, որ Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որում ինքը մասկացություն է ունեցել ֆիլմի դիստրիբուցիայի փուլում, Հոլանդիայի հետ համատեղ արտադրություն է: Առաջին անգամ 2009 թ. Ռոտերդամում ցուցադրված ֆիլմը ստացել է 10-ից ավել մրցանակներ` մասնակցելով միջազգային բազմաթիվ փառատոների:
«Լավ սցենարը, եթե հպվի սրտիս, ինձ համար կարող է լինել մեծ մուսա»
Այս տարի Տաթևիկը նաև մասնակցել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Berlinale Talent Campus» ծրագրին: 90-ից ավելի երկրների շուրջ 300 մասնակիցներից Տաթևիկը միակն էր Հայաստանից: Նրա խոսքերով` դա իրեն տվեց մեծ փորձ, անգնահատելի կապեր և համագործակցությունների նոր դաշտ:
Տաթևիկի խոսքերով` ֆիլմի ստեղծման ժամանակ նրան ավելի շատ հետաքրքում են անհատի խնդիրները, նրա դերը հասարակության մեջ, այն միջավայրը, որտեղ նա ապրում է: Այդ բոլոր խնդիրները ֆիլմի միջոցով կարելի է ներկայացնել ամենատարբեր տեսանկյուններից: Այժմ էլ կան մի քանի պայմանավորվածություններ արերկրյա իր գործընկերների հետ:
«Ցանկացած լավ սցենար, եթե հպվի սրտիս, ինձ համար կարող է լինել մեծ մուսա ու դառնալ հիմնական աշխատանքի սկիզբ», - ասում է Տաթևիկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել