HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ամերիկահայ երաժիշտ. «Երաժշտությունը կարող է օգնել քաղաքացիական հասարակության զարգացմանը»

«Ինձ համար երաժշտությունն ազատություն է: Այն, ինչ չես կարող բառերով բացատրել խոսակցության մեջ, կարող ես անել երաժշտության միջոցով», - «Հետքի» հետ զրույցում ասաց ամերիկահայ երաժիշտ Րաֆֆի Վարդանյանը:

Մարտի 30-ին Ր. Վարդանյանի (Raffi Joe) համերգի ժամանակ տեղի ունեցավ նաև նրա առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որը նա անվանել է «Pushkin street»: Չնայած ալբոմում տեղ գտած երգերը ծնվել են տարբեր տարիների ընթացքում, կոնկրետ ալբոմի վրա երաժիշտն աշխատել է շուրջ մեկ տարի:

Ր. Վարդանյանի խոսքերով` ալբոմի ստեղծմանը նրան ոգեշնչել է 2012 թ.-ի փետրվարին Հայասատան կատարած այցը, երբ նա առիթ է ունեցել նվագել մասնավորապես Երևանի Պուշկինի փողոցում: Րաֆֆին ասում է,  որ երկար տարիներ է, ինչ ստեղծագործում է, բայց եկավ մի պահ, երբ արդեն կարիք կար իր ստեղծածը ամբողջական դարձնել ալբոմի միջոցով:

«Հասկացա, որ կամ հիմա, կամ երբեք», - ասում է նա:

Այս ալբոմը միավորում է տարբեր ոճերի երգեր` սկսած հայկական ռոքից մինչև լատինական երաժշտություն: Raffi Joe-ի և Deem communications-ի նախաձեռնությամբ ալբոմից վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է ONEArmenia կազմակերպության «Support free house» ծրագրին: Ծրագրի նպատակն է աջակցել բռնության ենթարկված կանանց և նրանց համար ստեղծել հատուկ կացարաններ: 

«Երաժշտությունը փող աշխատելու միջոց չէ, այլ փող աշխատելուց շատ ավելի կարևոր, լուրջ գործ է: Մենք հավատում ենք, որ երաժշտությունը միայն արվսետի արժեք չունի, այլ կարող է օգնել նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը: Հավատում ենք, որ կանայք տղամարդկանց հետ հավասար են, և նրանց նկատմամբ կիրառվող բռնությունն անընդունելի է», - ասում է Րաֆֆին:

Այժմ ամերիկահայ երաժիշտն ապրում է Հայաստանում: 1970-ականններին նրա ծնողները Բեյրութից տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ նա ծնվել և ապրել է:

«Ես հայ եմ և այստեղ ինձ շատ հանգիստ եմ զգում: Սփյուռքի մեջ մարդ պետք է փորձի հայ մնալ, բայց Հայաստանում դու քո բնական վիճակում ես: Այստեղ ինձ դուր է գալիս ժողովրդի ջերմությունը, երկրի գեղեցկությունը», – ասում Րաֆֆին:

Միաժամանակ` նա նշում է, որ ապրելով Հայաստանում, տեսնում է բազմաթիվ լուրջ խնդիրներ: Նա կարծում է, որ օգտագործելով յուրաքանչյուր հնարավորություն` կարելի է օգտակար լինել, լուծել որոշ խնդիրներ` այդպիսով պայքարելով մեր երկրի ապագայի համար:

Այժմ Հայաստանում նա նաև դասախոսություններ է կարդում, որոնք վերաբերում են տարբեր թեմաների` սցենարի ստեղծում, երաժշտություն, կամավորություն և այլն: Այդ նպատակով նա նաև շրջում է Հայաստանի տարբեր մարզերով: Ամերիկահայ երաժիտը կարծում է, որ պետք է ամեն կերպ նպաստել քաղաքացիական հասարկաության ձևավորմանն ու զարգացմանը:

Ավարտելով ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի անվան համալսարանն ու Փիբոդի կոնսերվատորիան` Րաֆֆին ուսուցում է ստացել նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոսների մոտ: Նա Հայաստան է եկել 2012 թ.-ի օգոստոսին` մեկ տարվա ծրագրով և ամռանը կրկին պետք է վերադառնա ԱՄՆ:

«Բայց Հայաստանը միշտ սրտումս է: Չեմ հուսահատվում, որովհետև գիտեմ, որ հետ կվերադառնամ», - ասում է Րաֆֆին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter