
Ալավերդու պղնձաձուլարանի ծխատարում վթար է տեղի ունեցել
Այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասից հազիվ 100 մետր վերև, դեպի Կոշաբերդ բարձրացող ծխատարում վթար էր տեղի ունեցել:
Ծխատարի որոշ հատված փլվել էր, ինչի պատճառով մետալուրգիական արտադրամասի արտանետումները ամբողջությամբ չէին հասնում Կոշաբերդի գագաթի ծխնելույզին և ինչպես ծխատարի քանդված հատվածից, այնպես էլ գործարանի մետալուրգիական արտադրամասից մեծ քանակությամբ ծուխ էր ժայթքում: Գազն արագությամբ տարածվեց Ալավերդու Մադան, Զորավար Ադրանիկի, Թումանյան փողոցի, գործարանի սանիտարական գոտում գտնվող բնակելի շենքերի և այլ թաղամասերի վրա: Շնչելը անհնարին էր դարձել գործարանի հարևանությամբ գտնվող ճոպանուղու`քաղաքի ներքևի հատվածի կայանում: Հիշեցնենք, որ Կոշաբերդի ծխատարի անորակ կառուցման մասին «Հետքը» ժամանակին անդրադարձել էր: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը 2011թ.-ին հուլիսին Ալավերդիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է. «Փաստորեն 2 տարի հետո Թեղուտի լեռնահանքային պղինձ-մոլիբդենային կոմբինատը սկսելու է աշխատել, որը տարեկան արտադրելու է մոտ 28 000 տոննա պղինձ խտանյութի մեջ»:
Թեղուտի խտանյութը վերամշակելու համար Վ.Մեջլումյանը նաև ասաց, որ «Վալլեքս»-ի առաջ ծառացել է նոր պղնձաձուլական գործարան կառուցելու խնդիրը: Օրերս Թեղուտ ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը հանքավայրի և կոմբինատի շահագործման մասին «Հետքին» ասաց. «Հիմա հանքավայրում ընթանում են մակաբացման աշխատանքներ: Այն սկսել ենք 2012թ.-ից, մոտ 17 մլն տոննա մակաբացման աշխատանքներ ենք կատարել, շարունակական է դա, մինչև կոմբինատ կգործարկվի, հանքային մարմինը ինքը պատրաստ կլինի, որպեսզի մշակվի: Մեր ծրագրում լեռնահարստացման կոմբինատը կշահագործվի 2014թ.-ի կեսերին»:
Այսուհանդերձ, եթե այս անգամ էլ հավատում ենք Թեղուտ ՓԲԸ-ի գլխավոր վարչության անդամի տեղեկատվությանը, ապա հիրավի Թեղուտի հանքավայրի շահագործումը 7 սարի հետևում չէ, իսկ Ալավերդիում նոր պղնձաձուլական գործարան կառուցելու Վալերի Մեջլույանի գաղափարը դեռևս կյանքի չի կոչվում:
Հարց է առաջանում՝ միթե «Վալլեքսի» սեփականատերը պատրաստվում է Թեղուտի հանքավայրը շահագործելուց հետո բարոյապես և ֆիզիկապես մաշված տեխնոլոգիաներով հագեցած Ալավերդու պղնձաձուլական գործարանում իրականացնել իր նախատեսած 60 000 տոնայից ավելի պղնձի արտադրությունը:
Մեկնաբանել