Քաղաքապետարանի ապրիլի մեկը
Լեռ Կամսար
Ապրիլի 1-ին կառավարությունը վերջապես ժողովրդի սուտ խոսելու պահանջի մասին էլ է հոգում։ Տարվա 364 օրը ինքն է ստախոսում, մի օր գեթ թողնում է ժողովրդին ստելու...
Ճշմարտությունը թանկ է գնահատվում` որովհետև աշխարհում գոյություն ունի սուտը։ Սուտը չլիներ` ճշմարտության երեսը ո՞վ կնայեր։
Այս նույն կարծիքին են եղել մեր նախնիները, որոնք ազատություն են տվել մարդկանց տարվա մեջ մեկ օր` ապրիլի մեկին, ուզածին չափ խաբել իրար։
Եվ լավ բան է ողջ տարվա ստությունը կենտրոնացնել ընդամենը մի օրվա մեջ։ Եթե այս օրինակով տարվա մի օրն էլ հատկացվեր մարդասպանությանը, մի օր` գողությանը, մարդիկ փոխանակ տարվա բոլոր օրերին սպանվելու և կողոպտվելու, մի օր կսպանվեին` մնացյալ օրերը ազատ կապրեին…
Երևանի Քաղաքապետարանը մեծ հիմնարկ է։ Նա ունի 365 սենյակ հասարակ, իսկ 366 սենյակ նահանջ տարում։ Յուրաքանչյուր այդ սենյակների մեջ զետեղված է մի «բաժին»։
Ի՞նչ կդառնար քաղաքացիների վիճակը, եթե այդ 366 բաժանմունքները միահամուռ խաբեին իրենց ու ամեն օր ասեին` այսօր գնա վաղը արի։
Խայտառակություն։
Ու որպեսզի չլինի այդ խայտառակությունը, Քաղաքապետարանը մի իմաստուն որոշում է կայացրել։
Նա իր 366 բաժանմունքներից միմիայն «մի պատուհանին» է իրավունք տվել խաբել, և խաբվել ցանկացող քաղաքացուն ասում է` խաբվել ես ուզում` այստեղ գնա, չհամարձակվես ուրիշ բաժին մտնել։
Մի օր ես խաբվելու սաստիկ կարիք զգալով, ելա Քաղաքապետարան գնացի ու`
- Խնդրեմ խաբեք ինձ,- ասացի։
- Առի՞թը։
- Դրան առիթ է պետք։
Մի թեթև այո։ Գծելիք պլան-բան չունե՞ս։
- Ունեմ։
- Բեր չգծենք ու անվերջ խաբենք։
- Բայց խնդրում եմ շատ չցավեցնես։
Ոչ մի ցավ։
- Հա~, իմ ատամնաբույժն էլ էր ասում «ոչ մի ցավ», բայց երբ քաշեց ատամս, քիչ մնաց ուշաթափվեի։
- Ո~չ, ո~չ, ո~չ, մեզ մոտ գործը ուշաթափության չի հասնի։ Շա~տ մեղմ։ Նախ քո «գործը» քարտուղարուհին կմոռանա իր մատյանների մեջ և քեզ կուղարկի փնտրելու մյուս աշխատակիցների մոտ։ Հետո «հանկարծ» կգտնի և կուղարկի տեխնիկին, որ գա տունդ չափի։ Տեխնիկը քեզ չվախեցնելու համար կասի կգամ երկու օրից, երբ չվախեցար` կասի կգամ երկու շաբաթից, հետո երկու ամսից, նայած քո դիմացկունությանը։ Մարդ կա մինչև մի տարի էլ դիմանում է։
- Մահվան դեպքեր պատահո՞ւմ են։
- Ո՛չ։ Որովհետև անվերջ գնալ-գալու համար մարդ պետք է անպայման կենդանի լինի և առողջ։ Մեռնում են միայն «պլանը» ստանալուց հետո…
1960թ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել