
«Շինֆորումը» հրաժարվեց «Հետքի» դեմ ներկայացրած հայցապահանջից
«Շինֆորումը» հրաժարվել է «Հետքի» դեմ ներկայացրած հայցից: Քիչ առաջ այս մասին հայտարարեց Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը, ում վարույթում պետք է քննվեր նշված գործը:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Հետքի» դեմ «Շինֆորում» ՍՊԸ-ի հայցով դատաքննությունը: Սակայն կողմերը նիստին ներկա չէին:
Դատավոր Սամվել Թադևոսյանը որոշեց նիստն առանց կողմերի անցկացնել և հայտնեց, որ մարտի 5-ին «Շինֆորում» ՍՊԸ-ն հայցից հրաժարվելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան: Միջնորդության հիման վրա գործի կարճման մասին դատական ակտը կհրապարակվի ապրիլի 19-ին:
Հիշեցնենք, որ «Շինֆորում» ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ ընկերության տնօրեն Տիգրան Գասպարյանը վիճարկում էր այս տարվա հունվարի 26-ին և փետրվարի 1-ին «Հետքում» Դանիել Իոաննեսյանի հեղինակային սյունակում հրապարակված Չափումները վկայում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղին կառուցվել է «ատկատներով» եւ Պարզաբանումներ Ծիծեռնակաբերդի խճուղու մասին հրապարակման վերաբերյալ նյութերը՝ համարելով, որ դրանք արատավորել են կազմակերպության գործարար համբավը:
Գասպարյանը դատարանից խնդրել էր պարտավորեցնել հերքել վերոնշյալ հոդվածներում պարունակվող` գործարար համբավն արատավորող տեղեկությունները եւ որպես գործարար համբավին զրպարտության միջոցով պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձել 2 մլն դրամ, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 44,000:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել