HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարծրատիպերի վերացման գործում մեծ է լրատվամիջոցների դերը»

«Հայաստանում հաշմանդամների կարիքները սովորաբար գուշակում են, փոխանակ պարզապես նրանց հարցնեն, թե իրենց ինչ է պետք,- ասում է հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

- Լրագրողները նույնպես հաշմանդամների խնդիրները լուսաբանելիս շատ հաճախ հենվում են իրավիճակի սեփական ընկալման վրա, օգտագործում են կարծրատիպային արտահայտություններ: Մինչդեռ հաշմանդամի հանդեպ կարծրատիպերի վերացման գործում շատ կարեւոր է լրատվամիջոցների դերը, որովհետեւ ճիշտ լուսաբանումը կարող է փոխել մարդու կյանքը, իսկ սխալ լուսաբանումը կարող է ոչ միայն ավելի ամրացնել կարծրատիպերը հասարակությունում, այլեւ նույնիսկ վնասել հաշմանդամություն ունեցող մարդուն»:

«Ունիսոն» հ/կ-ն Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ արդեն մոտ մեկ տարի է իրականացնում է «Հայաստանում բարեկեցիկ հասարակության ձեւավորում հաշմանդամների համար» ծրագիրը, որի նպատակն է «հաշմանդամի խնդիրներից տեղափոխվել մարդու իրավունքի ոլորտ»: Արմեն Ալավերդյանի հեղինակությամբ հրատարակվել է ձեռնարկ, որում խորհուրդներ են տրվում հաշմանդամություն ունեցող մարդու հանդեպ վարվելակերպի եւ ճիշտ տերմինաբանության վերաբերյալ:

Ծրագրի շրջանակներում «Ունիսոն» հ/կ-ն կազմակերպել էր սեմինար՝ «Հաշմանդամության հիմնախնդիրների լուսաբանումը Հայաստանի առաջատար լրատվամիջոցներում» խորագրով: Սեմինարի նպատակն էր լրագրողներին ներկայացնել կարծրատիպերի հաղթահարման ուղիները եւ քննարկել այլ արդիական հարցեր: 

Սեմինարը վարող Արմեն Ալավերդյանը մասնակից լրագրողներին առաջարկեց նշել, թե ինչ զուգորդումներ է առաջացնում իրենց մոտ «հաշմանդամ» բառը: Ինչպես եւ կարելի էր սպասել, զուգորդումները մեծ մասամբ բացասական էին՝ դժբախտ, սահմանափակ, օգնության կարիք ունեցող, մեկուսացված:

«Այս բոլոր բառերը,- ասում է Արմեն Ալավերդյանը,- կարծրատիպային բնույթ են կրում: Մեր լրատվամիջոցներում ընդունված է կիրառել նման բառեր, հաճախ են գործածվում նաեւ «սայլակին գամված», «տուժած» բառերը: Դրանք բոլորը ողբերգական բնույթ են կրում, մարդու հանդեպ խղճահարություն են առաջացնում»:
 
«Հաշմանդամներ. պատրանք եւ իրականություն» ձեռնարկում խորհուրդ է տրվում խուսափել արդեն վաղուց արմատացած կլիշեներից: Օրինակ՝ հիվանդ, անլիարժեք, տուժած, սահմանափակ կարողություններով մարդ, թերհաս, թերամիտ, դաուն, էպիլեպտիկ, կույր, խուլ բառերի փոխարեն կարելի է օգտագործել հաշմանդամ, հաշմանդամություն ունեցող մարդ, մտավոր հետամնացություն ունեցող մարդ, զարգացման հապաղում ունեցող երեխա, Դաունի համախտանիշով մարդ, էպիլեպսիա ունեցող մարդ, կույր ( խուլ, համր) մարդ, իսկ առողջ, նորմալ բառերի փոխարեն՝ ոչ հաշմանդամ մարդ, կարող է քայլել, լսել, տեսնել և այլն: 

Ըստ Ա. Ալավերդյանի՝ մյուս ծայրահեղությունը հաշմանդամին հերոսացնելն է: 
«Ենթադրենք՝ լրագրողը հարցազրույց է վերցնում որեւէ հաշմանդամություն ունեցող մարդուց նրա գործունեության մասին: Վերջում ստացվում է, որ ողջ հարցազրույցը հաշմանդամության մասին էր. «Ինչպե՞ս հաղթահարեցիք դա, ինչպե՞ս եք կարողացել այս սովորել, այն անել, դուք պարզապես հերոս եք»: Թվում է, թե լավ բան են ասում, հերոսը լավ բառ է, բայց իրականում սա էլ է կարծրատիպ: Այսինքն՝ ենթադրվում էր, որ հաշմանդամը պետք է բոմժ լիներ: «Հաշմանդամ ես, նստիր մետրոյում, փող մուրա», դա նորմալ կլիներ: Իսկ եթե նա դա չի արել, այլ զբաղվում է իր գործով, ուրեմն հերոս է»,- ասում է Ա. Ալավերդյանը:

Նա լրագրողների ուշադրությունը սեւեռեց նաև մեկ այլ խնդրի վրա:
«Երբ լուսաբանվում է ինչ-որ նորակառույց հաստատություն՝ լինի դա պետական կազմակերպություն, նոր ռեստորան, թե խանութ, երբեք չի նշվում՝ արդյոք այն հարմարեցվա՞ծ է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:  Օրինակ՝ երբ Երեւանի քաղաքապետարանի նոր շենքն ավարտվեց, լրագրողները գրեցին «համապատասխանում է միջազգային բոլոր նորմերին»: Բայց ո՞ր նորմերի մասին է խոսքը, երբ երկու շաբաթ առաջ ես փոխքաղաքապետի հետ ստիպված էի հանդիպել փողոցում, որովհետեւ ոչ մի թեքահարթակ կառուցված չէ այնտեղ: Ի դեպ, այդ մասին ասացի անձամբ քաղաքապետին, հիմա թեքահարթակ են կառուցում... անցագրային բյուրոյում: Հիմա որ ասես՝ այդ ի՞նչ եք անում, կասեն՝ մի լավ բան էինք ուզում անել, դա էլ չեք գնահատում»:

Մեկնաբանություններ (1)

Ռիտա
Շնորհակալություն, տեղին խոսքեր, արտահայտություններ էին նշված..;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter