HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանաբնակ քրդերը

Աշխարհում ապրում է շուրջ 40 մլն քուրդ. մոտ 20 մլն` Թուրքիայում, 9 մլն` Իրանում, 6 մլն` Իրաքում, 3 մլն` Սիրիայում, մյուսները ցրված են այլ վայրերում: Գործնականում բոլոր եվրոպական երկրներում քրդական սփյուռք կա: Ամենամեծ համայնքը` 1մլն մարդ, գրանցված է Գերմանիայում:

Քրդերը Հայաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են: Սովետական տարիներին Հայաստանում բնակվում էին շուրջ 80000 քրդեր, այժմ նրանց թիվը 40000 է: 

Քուրդ ժողովուրդը Հայաստանում ներկայացված է երկու էթնիկ խմբերով` քրդերով եւ եզդիներով: Մինչեւ 1980-ական թթ. վերջը Սովետական Հայաստանում եզդիները նույնացվում էին քրդերի հետ: Որպես առանձին փոքրամասնություն եզդիները Հայաստանում ներկայացան իշխանությունների կողմից նրանց ազգային ինքնության ճանաչման համար բարձրացված Եզդիական շարժման արդյունքում: 

Հայաստանում շատերն են մինչ օրս ենթադրում, թե քրդերն ու եզդիները երկու տարբեր ժողովուրդներ են: Քչերը գիտեն, որ եզդիներն իրենց կրոնը` էզիդիզմը, պահպանած քրդեր են: 

Հայաստանում պաշտոնապես քրդեր են համարվում իսլամ դավանող քրդերը: Նրանց քանակը երկրում 1000-ից չի անցնում: Իսկ էզիդիզմ դավանող քրդերին, կամ նրանց, ովքեր իրենց համարում են ոչ թե քուրդ, այլ եզդի, անվանում եմ եզդիներ:

Արագածոտնի մարզը քուրդ- եզդիների կոմպակտ բնակության վայրերից մեկն է: Նրանց, ովքեր ըստ իրենց ազգության ներկայանում են որպես քրդեր, բայց դավանանքով` եզդիներ: Մարզի 20 գյուղերից 11-ը քրդական են: Ալագյազ գյուղը կենտրոնականն է վերջիններիս մեջ:

75-ամյա Բիմբաշը քաշում է տերողորմյայի բաց դեղնավուն քարերը (դեմքը պատված է կնճիռների ցանցով, անսովոր բաց երկնագույն, գրեթե սպիտակ աչքերը կարծես ուղղված են դեպի ներս, դեպի անցյալ) եւ երգում է դժբախտ սիրո մասին թախծոտ մի երգ: Նրա` պատանու պես մաքուր եւ զրնգուն ձայնն արձագանքում է փոքրիկ, կահույքով չծանրաբեռնված սենյակում: Ծերունին նստած է վառարանի մոտ` ցածր աթոռի վրա, ոտքերի տակ քուջուջ են անում ճուտիկները:

Ամբողջ կյանքի ընթացքում Բիմբաշ Քոչոյանը երգել է հարսանիքներին, կնունքներին, թաղումներին: Նա կարող էր հանրահայտ դառնալ: Մի քանի անգամ առաջարկել են ձայնագրվել, բայց հրաժարվել է, իր իսկ ընտանիքում ունկնդիրների պակաս չունի: Բիմբաշը տասը երեխա է մեծացրել: Նա ոչ միայն իր բոլոր թոռների եւ ծոռների անունները չի հիշում, այլեւ` նրանց թիվը: Հիմա Բիմբաշին լսում են որդին` Խդրը, եւ մի քանի հարեւաններ իրենց երեխաների հետ. բոլորը տղամարդիկ են: Խդրի կինն էլ է տանը, բայց նա ոչ մի տեղ չի երեւում: Քուրդ կինն անտեսանելի է: Նա տղամարդկանց հետ սեղան չի նստում, չի խառնվում նրանց զրույցին: 

Տղամարդկանց ոտքերի տակ հողե հատակ է, թիկունքում` մերկ պատեր: Սենյակի պատուհանից շատ քիչ երեւում է Արագածը: Սարի գլխին հավաքվել են թափանցիկ ամպեր: Թվում է` գոլորշի է ելնում քառագագաթ խորխորատից: Ամառ է, բայց ցուրտ է խոր աշնան պես: Գույներն էլ բուռն են, աշնանային:

Ալագյազը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից է, ժամանակն էլ ամենեւին չի դիպչել նրան: Բիմբաշի տունը ճիշտ այնպիսին է, ինչպիսին նկարագրված են 19-րդ դարի հայկական տները պատմության դասագրքերում: Տանը երեք գլխավոր մաս կա` թոնրատունը կամ հացատունը, որտեղ հաց են թխում, եւ որտեղ հավաքվում է ընտանիքը ցուրտ երեկոներին: Թոնրատան մի կողմում անասունների մասնաբաժինն է, մյուսում` տանտերերի սենյակները (շատ տներում միայն մեկ սենյակ կա): Սենյակներում երկաթե մահճակալներ են, դրանցից մեկ- երկուսը անպայման հատկացվում են ներքնակների բուրգին` քրդական օժիտի հիմնական եւ պարտադիր բաղկացուցչին:

Բակում չորանում է թրիքը. դա ձմռան վառելիքն է: Գյուղացիների մեծամասնությունը տունը տաքացնում է թրիքով: Իհարկե, այն չի հերիքում ամբողջ ձմեռ, բայց վառելափայտը նրանց գրպանի համար չէ:

Խդրի կինը` Զարիֆը, պանիր է պատրաստում: «Եթե գոնե կիլոգրամին 1000 դրամ տվող գտնվի, կվաճառենք պանիրը,- ասում է Խդրը:- Հիմա միայն մեզ համար ենք պատրաստում: Բավական թանկ է մինչեւ Երեւան կամ Ապարան հասցնելու համար: Իսկ կաթը լիտրը 100 դրամով հանձնում ենք պանրի գործարանին»: Գործարանը հենց գյուղում է գտնվում: 

Խդրը կատակում է, որ ինքը քուրդ չէ, այլ իսկական հայ է:

«Ես ոչխարներ չունեմ, ի՞նչ քուրդ առանց ոչխարների»,- ասում է նա:

Խդրն ունի չորս կով, հավեր, սագեր եւ բադեր: Ոչխարներ չի պահում, քանի որ գնելու համար գումար չունի: «Իսկ մինչեւ Սովետի փլուզումը` սովխոզի ժամանակներում, ես 100 գլուխ ոչխար ունեի»,- հիշում է նա:

Խդրի երեք տղաներն էլ ծառայել են բանակում. երկուսն արդեն վերադարձել են, իսկ երրորդը շուտով կզորացրվի: Հիմա Ալագյազից ծառայության մեջ են գտնվում 6 երիտասարդներ:

Այս տարիների ընթացքում Խդրի բոլոր միջոցները ծախսվում էին երեխաների վրա, ոչխարներով զբաղվելու ժամանակ չկար: 

«Երկուսը զորացրվել են պատվոգրերով եւ շքանշաններով,- հպարտությամբ ասում է Խդրը: Երբ Սերժ Սարգսյանը (այն ժամանակ պաշտպանության նախարար) եկել էր մեր գյուղ, ձեռքս սեղմեց եւ շնորհավորեց այսպիսի որդիներ ունենալու համար»:

Խդրի ավագ որդին տանն է: Միջնեկը, որը 21 տարեկան է, մեկնել է Ռուսաստան` աշխատանք փնտրելու: «Թափառում է տարբեր քաղաքներով, ոչ մի կերպ չի կարողանում գործ գտնել, բայց վերադառնալ էլ չի կարող, այստեղ էլ աշխատանք չկա»,- սրտնեղում է Խդրը:

Նրա բոլոր որդիներն էլ ուզում են կրթություն ստանալ: «Ավագ որդիս ուզում է իրավաբան դառնալ, միջնեկը` ատամնատեխնիկ, իսկ կրտսերն ուզում է մեխանիզատոր դառնալ: Նրանց կրթության համար որտեղի՞ց այդքան գումար գտնեմ»:

Խդրի ընտանիքը կարտոֆիլ է աճեցնում: «Սա այս ցրտում աճող միակ բանն է»,- ասում է նա: Բացի այդ, գյուղում խմելու ջրի խնդիր չունեն, բայց ոռոգման ջուր առհասարակ չկա:

Հարեւան Ռյա Թազայում վերջերս գազ են քաշել: Խդրը պատմում է, որ խոստացել են իրենց գյուղն էլ գազաֆիկացնել, բայց հնարավոր է, որ շատերը չվայելեն երկնագույն վառելիքը, քանի որ մայրուղուց խողովակները մինչեւ տներ հասցնելը շատ թանկ կարժենա:

«Գյուղում ապրելը հեշտ չէ,- գլուխը տարուբերում է Բիմբաշը:- Բոլոր գյուղերում էլ նույն խնդիրներն են»:

Բիմբաշն իր ընտանիքի հետ Ապարանի շրջկենտրոնից Ալագյազ է տեղափոխվել 15 տարի առաջ: Նա ասում է, որ թեկուզ բնակիչների մեծամասնությունը հայերի կոտորածի ժամանակ այստեղ գաղթած քուրդ-եզդիների սերունդներն են, բայց իր նախնիները եկել են դեռեւս 19-րդ դարում (Հայաստանում քրդերն իսկապես հայտնվել են 19-րդ դարում-Հ.Հ): Եթե Ապարանում քրդերը հայերի նկատմամբ փոքրամասնություն են կազմում, ապա Ալագյազում 100 տնից միայն երեքն է հայկական: Սակայն, թե՛ այստեղ, եւ թե՛ Ապարանում ապրող հայերն ու քրդերը միմյանց լավ են վերաբերվում: 

«Երբ այլ շրջկենտրոններում, օրինակ` Արարատյան դաշտավայրում, քրդերի (եզդիների) եւ հայերի միջեւ կենցաղային վեճեր են առաջանում, սովորաբար մեղավոր է համարվում քուրդը,- ասում է Ալագյազի դպրոցի պատմության ուսուցիչ Ղահրաման Ալոյանը: Դա այնքան էլ ռասիզմի դրսեւորում չէ, ուղղակի հայերն իրենց մի փոքր առանձին են պահում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներից: Իսկ մեզ մոտ այդպիսի բան չկա, բոլորը հավասար են»:

Թե՛ Բիմբաշը, եւ թե՛ գյուղի մյուս բնակիչներն ընդգծում են, որ Հայաստանում նրանց կյանքը միշտ ավելի լավ է եղել, քան որեւէ այլ տեղ: Երկու ժողովուրդներն էլ ունեն նման մշակույթներ, կենցաղ, ճակատագրեր: Դհոլը, զուռնան եւ սազն իրենց ազգային երաժշտական գործիքներն են համարում եւ՛ քրդերը, եւ՛ հայերը: Երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր տոներ եւ ավանդույթներ: 

«Մինչեւ 80-ական թթ. հայրենիքից զուրկ 40 միլիոնանոց ժողովրդի մշակութային կենտրոնը Հայաստանն էր»,- ասում է Ղահրաման Ալոյանը: 

Հայաստանի Քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը դրա պատճառները բացատրում է նրանով, որ Հայաստանի քրդերն ունեին իրենց սովորույթները, մշակույթը եւ լեզուն ազատորեն կիրառելու հնարավորություն: Մուսուլմանական երկրներում, որտեղ բնակվում էր քրդերի մեծամասնությունը, արգելված էր նրանց լեզվի, մշակույթի եւ կրոնի գործածումը: Իսկ 30-ականներին Հայաստանում աշխարհում առաջին անգամ լույս տեսավ քրդական բարբառով` քուրմանջիով «Ռյա Թազա» («Նոր ուղի») թերթը: Հանրային ռադիոյով մեկ ու կես ժամանոց քրդական հաղորդում կար (հիմա կես ժամ տրված է քրդերին, կես ժամ` եզդիներին): Կապը հայաստանցի եւ արտասահմանցի քրդերի միջեւ միշտ է եղել: «Հայաստանում քրդական ռադիոն եւ քրդական թերթը մեծ ավանդ ունեցան հատկապես Իրաքի եւ Թուրքիայի քրդերի ազգային ինքնագիտակցության արթնացման մեջ»,- ասում է Կնյազ Հասանովը: 

Սովետական տարիներին արեւելագիտության ֆակուլտետում քրդագիտության ամբիոն կար: Հայաստանում ստեղծվեցին քրդերի կյանքի մասին պատմող առաջին վավերագրական կինոնկարները: 20-րդ դարի 20-ական թթ. Հայաստանում բացվեցին քրդական առաջին դպրոցները: Մի քանի տարի առաջ Արագածի Շամիրամ գյուղում կառուցվեց Լալեշի կրկնօրինակը, որն Իրաքի տարածքում գտնվող քրդերի եկեղեցական սրբազան համալիրն է:

Դե, իսկ Ալագյազը մշտապես համարվել է հայաստանաբնակ քրդերի մշակութային կենտրոնը, որը 70 տարիների ընթացքում երկրին տվել է 20 գիտնականներ, մշակութային գործիչներ եւ նույնիսկ 2 ակադեմիկոս: Ալագյազում կար նաեւ ազգային թատրոն: Հիմա այն չի գործում ֆինանսների բացակայության պատճառով: Դեռեւս երկու տարի առաջ Ալագյազում քուրդ եւ հայ երեխաների երկու պարային խմբեր կային: Այսօր դրանք էլ չեն գործում, բայց այս անգամ պատճառները ֆինանսական չեն: Օսմանը եւ Արարատը` խմբերի հիմնադիրները, ասում են, որ հենց լրանում է քուրդ աղջիկների 13-14 տարին, ծնողները նրանց հանում են խմբերից. նրանք պետք է ամուսնության մասին մտածեն: Այնպես որ, համարյա երկու տարին մեկ ստիպված են լինում նոր խումբ ստեղծել:

Ալագյազում կար թանգարան` Հայաստանում միակ քրդական թանգարանը: Ավելի ճիշտ, դա բնակելի տան մեջ մի սենյակ էր: Ալագյազի բնակչուհի Բերիտանը գյուղեգյուղ ընկած հավաքում էր ազգային տարազներ, կահ- կարասի եւ զարդեր: Տան մի սենյակը նա հատկացրել էր թանգարանին, լինելով բուժքույր` մյուս սենյակը դարձրել էր բուժկետ, իսկ երրորդը ծառայում էր որպես Քրդստանի կոմիտեի գրասենյակ: 

Այդ բուժկետը միակն էր Արագածոտնի մարզի 20 գյուղերի համար, եթե հաշվի չառնենք Ալագյազից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկահովտի պոլիկլինիկան: Ալագյազի բնակիչներն ասում են, որ շրջակայքում բոլորը գերադասում էին դիմել Բերիտանին, այդպես ավելի որակյալ էր ու էժան: Բերիտանն աշխատում էր համարյա բարեգործական սկզբունքներով: Բուժկետի աղքատ սարքավորումները ձեռք էր բերում ընկերների օգնությամբ, դեղեր գնելու համար ծախսում էր իր ողջ, ոչ մեծ աշխատավարձը: Մեկ տարի առաջ Մոսկվա աշխատանքի մեկնած տանտերերը որոշեցին վերադառնալ: Այնպես որ, թանգարանը տեղափոխվեց նրա եղբոր տուն, որտեղ մինչ օրս իրերն իրար գլխի թափված են սենյակի մի անկյունում: Ինքը` Բերիտանը, բժշկություն է սովորում «գյուղին ավելի օգտակար լինելու համար»: Գյուղ է գալիս հանգստյան օրերին եւ սպասարկում է հիվանդներին իր տանը: Մնացած օրերին բնակիչները ստիպված են մեկնել կամ Ծաղկահովիտ, կամ Ապարան: 

80 աշակերտ ունեցող Ալագյազի դպրոցը մարզի 3 դպրոցներից մեկն է: Չնայած աշակերտների մեծ մասը քրդեր են` երեք դպրոցներն էլ հայկական են: Քուրդ երեխաներն իրենց մայրենի լեզուն ուսումնասիրում են շաբաթվա մեջ երկու ժամ, բայց ոչ թե հատուկ դրա համար հատկացված ժամերի ընթացքում, այլ ուրիշ դասերի հաշվին:

Ալագյազի դպրոցը շրջանում միակն է, որի աշակերտները, սկսած 80-ականների վերջից, մշտապես ընդունվում են բուհեր` ամեն տարի 2-3 շրջանավարտ (այժմ բուհերում սովորում է 10 քուրդ երեխա): 

Ալագյազում կամաց-կամաց վերանում է աղջիկներին միայն մի քանի դասարան կրթելու միտումը, քանի որ նրանց հետագա կրթությունը մոր եւ կնոջ իրենց հիմնական դերում ամենեւին պետք չի: 

Ամռանը կազմավորվեց Հայաստանի Քրդական համայնքի խորհուրդը: Մինչ այդ քրդերը ներկայացվում էին մի շարք կազմակերպություններով, ինչպիսիք են` Հայաստանի գրողների միությանը կից, քուրմանջիով 78 տարի լույս տեսնող «Ռյա Թազա» թերթը, Արեւելագիտության ինստիտուտի քրդաբանության ֆակուլտետը, «Քուրդիստան» կոմիտեն: 

«Բոլոր այս կազմակերպություններն իրարից անկախ էին գործում, գրեթե չէին համագործակցում: Համայնքի խորհուրդն այս բոլոր կազմակերպությունները կմիավորի եւ կհամատեղի նրանց աշխատանքը»,-ասում է քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: Կազմակերպությունը կզբաղվի ներհամայնքային խնդիրներով եւ հայ- քրդական բարեկամության պահպանմամբ եւ ամրապնդմամբ:

Մնացած խնդիրների հետ մեկտեղ, նորաստեղծ կազմակերպությունը պատրաստվում է հետեւողականորեն զբաղվել քրդական դպրոցների խնդիրներով: Քրդական գյուղերի դպրոցները վերանորոգման, պատշաճ կահույքի կարիք ունեն: Ամենալուրջը դասագրքերի խնդիրն է: 
Մինչ օրս աշակերտները կրթվում են արտասահմանից բերված դասագրքերով: Մի քանի տարի առաջ եզդիները եզդիական դպրոցներին, ինչպիսին նաեւ Ալագյազի դպրոցն է, «եզդիկի» դասագիրք առաջարկեցին: «Եզդիկի» լեզուն իրականում նույն քուրմանջին է, միայն թե դասագրքերը գրված են կիրիլիցայով, որոնցից քրդերը դադարել էին օգտվել Սովետական Միության փլուզումից հետո` փոխարինելով այն նախկին լատիներենով: Հայկական կառավարությունը հավանություն տվեց դասագրքերին, բայց քրդերը չընդունեցին այն: Այժմ խորհրդի քրդական համայնքը պատրաստվում է քուրմանջիով դասագրքեր հրատարակել: 

«Մենք նաեւ ղեկավարությանը պահանջ ենք ներկայացնելու դպրոցներում քրդերենի ուսուցման համար,- ասում է Կնյազ Հասանովը:- Ես ինքս Սովետի ժամանակ հաճախում էի մի դպրոց, որտեղ շաբաթը երկու անգամ սովորում էի քուրմանջի` որպես օտար լեզու: Մենք ուզում ենք, որ քրդերին մայրենի լեզվի համար շատ ժամաքանակ հատկացվի»: 

Բայց ամենաառաջնային խնդիրը դպրոցներում ուսուցիչների պակասն է:

«Տարիքն առած ուսուցիչները թոշակի են անցնում, իսկ սերունդների հերթափոխ չկա: Այդ իսկ պատճառով կառավարությունում հարց ենք բարձրացրել, եւ այս ուսումնական տարվանից կսկսի գործել մի ծրագիր, որի համաձայն` ամեն տարի մեկ կամ երկու քուրդ շրջանավարտներ պետպատվերի շրջանակներում կստանան մանկավարժական կրթություն, առանց մրցույթի` պայմանով, որ հետո վերադառնան հայրենի գյուղ եւ ամենաքիչը երեք տարի դասավանդեն հարազատ դպրոցում»:

Հայաստանի Քրդական համայնքի խորհրդում գործում է պաշտոնական ամսաթերթը՝ «Զագրոսը»: Ե՛վ «Զագրոսը» (նախկինում«Մեսոպոտամիա»), եւ՛ «Ռյա Թազան» գոյատեւում են համայնքի միջոցներով եւ պետությունից ստացած տարեկան 500.000 դրամ օժանդակությամբ: Թերթերը հիմնականում գրում են քրդական համայնքի սուր խնդիրների, Աբդուլլա Օջալանի գլխավորած քրդական ազատագրական շարժման մասին, վերջինիս դիմանկարը կամ թեկուզ լուսանկարը կարելի է տեսնել Ալագյազի գրեթե բոլոր տներում: 

«Եթե միջոցները բավականացնեին, ապա թերթերը լույս կտեսնեին ամեն շաբաթ: Միջոցների սղության պատճառով «Ռյա Թազայի» խմբագրությունում 15 հոգուց մնացել են երկուսը»,- ասում է Կնյազ Հասանովը:

Քրդերը կարծում են, որ խորհրդարանում ամենաքիչը մեկ մանդատ պետք է հատկացվի ազգային փոքրամասնություններին, հատկապես քրդերին, քանզի նրանք ամենամեծ փոքրամասնությունն են:

Կնյազ Հասանովը հավատում է, որ իրենց սպասելիքների մասին կառավարությունը կտեղեկացվի, ասում է, որ միշտ զգացել են պետական ուշադրությունն ու հովանավորությունը: 

«Պետությունն ամեն տարի 10 մլն դրամ է հատկացնում 11 ազգային փոքրամասնությունների մշակութային, կրոնական միջոցառումներին: Սարյան փողոցում է գտնվում ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացման կենտրոնի երկհարկանի կառույցը` կոնֆերանսների դահլիճով, գրադարանային սենյակներով, միջոցառումների համար ճաշկերույթի սրահով»,- ասում է նա:

Ալագյազի թե՛ քուրդ, եւ թե՛ հայ երեխաները տիրապետում են քուրմանջիին: Հայաստանի բոլոր քրդերը, նույնիսկ խառնամուսնությունների զավակները, տիրապետում են իրենց մայրենի լեզվին: Ավանդույթներն ու սովորույթները լավ պահպանված են եւ փոխանցվում են սերնդեսերունդ, ինչը չի կարելի ասել նրանց կրոնի մասին:

«Մեր կրոնը շատ պարզ է,- ասում է Բիմբաշը,- մենք պաշտում ենք արեւը: Առավոտյան արթնացար, պատուհանը բացեցիր, արեւի ճառագայթները թափանցեցին ննջարանդ, կարդացիր քո աղոթքը. ահա ամենը»: 

Իրականում, էզիդիզմը բավական բարդ կրոն է` բազմաթիվ արգելքներով, պահքերով եւ պարտավորություններով: Էզիդ չեն դառնում, էզիդ միայն ծնվում են: Շատ գիտնականներ էզիդիզմի առաջացումը վերագրում են 11-12 դարերին: Գործնականում ոչ մի կոնկրետ վկայություն չկա այդ կրոնի ծագման մասին: Էզիդիզմն ընդհանուր արմատներ ունի զրադաշտության հետ, այնպես որ հնարավոր է` այն ավելի վաղ է առաջացել:

Էզիդիզմը մոնոթեիստական կրոն է` Աստծո եւ 7 հրեշտակապետերի գլխավորությամբ: Թե՛ Հայաստանում, եւ թե՛ նրա սահմաններից դուրս մինչ օրս կարելի է սխալ կարծիք լսել այն մասին, թե քուրդ-եզդիները խոնարհվում են դրախտից արտաքսված հրեշտակ Սիրամարգին: 

Իրականում, Սիրամարգն արեւի մարմնավորումն է, այլ ոչ թե չարիքի, ինչպես զրադաշտության ու այլ կրոնների մեջ է: Էզիդիզմի համաձայն` Աստված արարել է 7 հրեշտակապետերին, որոնք հետո նրա հետ մեկտեղ ստեղծեցին Տիեզերքը: Սիրամարգ հրեշտակը կամ Մալաքի Թաուսն առաջինն արարվեց: Աստված նրան օգնական նշանակեց «իր գլխավոր արարման` մարդու ստեղծման գործում: Երբ արարվեց Ադամը, Աստված կանչեց բոլոր հրեշտակապետերին եւ հրամայեց նրանց ծնկի գալ նրա առջեւ: Բոլորը ենթարկվեցին, բացի Սիրամարգից:

«Նա կեղտից է արարվել, իսկ ես՝ սուրբ ոգուց: Ես միայն Աստծուն եմ երկրպագում»,- ասաց Մալաքի Թաուսը:

«Դա պատասխան էր, որ ես ուզում էի լսել »,- ասաց Աստված եւ Մալաքի Թաուսին նշանակեց գլխավոր հրեշտակապետ (մեկ այլ վարկածով՝ արտաքսեց նրան դրախտից):

Եզդիները բաժանվում են երեք հիմնական խմբերի` շեյխեր եւ փիրեր (հոգեւորականներ) եւ մրիդներ (աշխարհականներ): Շեյխերի եւ փիրերի դերը նշանակալից է հասարակությունում, որովհետեւ հենց հոգեւորականությունն է այսքան տարի պահպանել եզդիական կրոնը եւ խոչընդոտել այլ ազգերի հետ նրանց ձուլմանը: Սակայն Ալագյազի բնակիչներն ասում են, որ հիմա Հայաստանում հենց հոգեւորականության պատճառով է, որ քուրդ-եզդիները լավ չգիտեն իրենց կրոնը: Շեյխերի եւ փիրերի մշուշոտ պատասխաններն արդեն չեն բավարարում «հոտին»: Չի կարելի ասել, թե նրանց այլեւս չեն հարգում, բայց հասարակության մեջ նրանց դերակատարությունը սկսել է կրել ձեւական բնույթ: Հիմա հոգեւորականությունը չի հոգում նույնիսկ եզդիական կրոնի գլխավոր օրենքների (կաստաները չխառնելու եւ այլ ազգերի ներկայացուցիչների հետ չամուսնանալու) պահպանման համար: 

Քուրդ-եզդիները հաճախ են ամուսնանում հայերի հետ. սովորաբար նման ընտանիքներում հաշվի են առնվում թե՛ հայկական, եւ թե՛ քրդական սովորույթները: Քրիստոնեությանը քրդերը հանդուրժողաբար են վերաբերվում. եկեղեցի են գնում, մոմ են վառում, երկրպագում քրիստոնեական սրբերին:

Հոդվածը պատրաստվել է վրացական «Ռեզոնանսի» թերթի պատվերով ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter