HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Արտահանումն այս պայմաններում իմաստ չունի»

Խորհրդային տարիներին շվեյցարական պանիր Մոսկվայի համար հիմնականում (մոտ 70 տոկոս) արտադրում էր Շիրակի մարզի «Աշոցքի պանրի գործարանը»: Տարեկան արտադրվող 1500 տոննայից 300-ը ուղարկվում էր Մոսկվա: Գործարանի տեղանքը հատուկ էր ընտրված` 2050մ բարձրության վրա. շվեյցարական պանրի համար անհրաժեշտ էր միայն բարձրագոտի արոտավայրերում ստեղծված կաթ, որը մթերվում էր շրջակա գյուղերից:

1976 թվականին հիմնադրված գործարանն աշխատեց մինչեւ 1988-ի երկրաշարժը, հետո երեք տարի փակվեց, մինչեւ որ աղետի գոտում աշխատող ուկրաինացի շինարարներն այն մասամբ վերակառուցեցին: Այդպես կիսակառույց վիճակում էլ այն շահագործվեց 1996 թվականին: Դրանից հետո ամեն տարի ինչ-որ բան վերանորոգվում ու ավելացվում է, բայց հսկայական չափերի հասնող գործարանի վրա դեռեւս մնացել է երկրաշարժի հետքը:

Գործարանն այլեւս չվերականգնեց իր նախկին հզորությունը: Հիմա շահագործվում է գործարանի միայն 10 տոկոսը: Արտադրվում է հիմնականում 5-6 տեսակ պանիր, փոքր քանակությամբ թթվասեր, կաթնաշոռ եւ կաթ: Վերջիններս ամբողջությամբ սպառվում են Գյումրիում: Պանիրը մեծամասամբ ուղարկվում է Երեւան (70 տոկոս), մնացածը` Գյումրի: 

Գործարանի պանիրը չի արտահանվում միայն մեկ պատճառով. դրամի եւ դոլարի տատանումներն արտահանումը դարձնում են ոչ շահութաբեր: 

«2004 թվականին մեկ անգամ 20 տոննա «Լոռի» արտահանեցինք Մոսկվա: Նոր էինք սկսել կապեր հաստատել, բայց դադարեցրինք: Երեք տարի առաջ «Լոռին» հնարավոր էր արտահանել եւ վաճառել 1կգ.-ը 2-2.5 դոլարով, այսօր, որպեսզի շահույթ ստանամ, պետք է արտահանեմ 4 դոլարով: Պարզ է, որ Մոսկվայում ոչ ոք «Լոռի» պանրի համար 4 դոլար չի վճարի: Հայկական «Լոռին» Մոսկվայում լավ շուկա ունի: Ռուսաստանում նույնիսկ վերջին տարիներին հայերի նախաձեռնությամբ բացվեցին «Լոռի» պանրի արտադրամասեր, բայց ռուսական «Լոռին» հայկականին երբեք չի հասնի: Շատ կարեւոր է ոչ միայն պանրի պատրաստման տեխնոլոգիան եւ վարպետությունը, այլ նաեւ այն, թե ինչ կլիմայական պայմաններում է կաթը ստացվել»,- ասում է «Աշոցքի պանրի գործարանի» տնօրեն Գրիգորի Բաղդասարյանը: Նա 30 տարի աշխատում է այդ գործարանում: 

Գրիգորի Բաղդասարյան Արմեն Գիգոյան

«Աշոցքի պանրի գործարանի» տնօրենն ասում է, որ արտահանումը շատ կարեւոր է իր բիզնեսի զարգացման համար: «20 տոննա արտահանելու դեպքում մենք միանգամից խոշոր գումար կստանայինք եւ ստիպված չէինք լինի վարկ վերցնել: Իսկ ներքին շուկայում նույնիսկ 2 ամսում 20 տոննա չենք վաճառում: Եթե չենք արտահանում, ուրեմն ստիպված պիտի վարկ վերցնենք, որ կանխիկ գումար ունենանք, գյուղացուն տանք: Գյուղացին չի կարող սպասել, պիտի կանխիկ գումար տաս նրան: Բայց այստեղ մի խնդիր կա. պանիրն այն ապրանքը չէ, որ այնքան շահութաբերություն ապահովի, որ ես կարողանամ վարկի տոկոսները փակել: Պանրի շահութաբերությունը 7-10 տոկոս է, բայց վարկն ինձ տալիս են 15 կամ 14 տոկոս տոկոսադրույքով, ոչ պակաս: Վարկ չվերցնեմ` պիտի փակեմ գործարանը: Մենք այս դրվածքով չենք զարգանում, հազիվ ծերը ծերին ենք հասցնում»,- ասում է Գրիգորի Բաղդասարյանը:

Հայաստանում պանրագործությունը հիմնականում զարգացած է Լոռու մարզում` Տաշիր քաղաքում: Այնտեղի պանրագործները հայտնի են իրենց վարպետությամբ, եւ նրանց որոշ մասը շարունակում է պանիր արտահանել Ռուսաստան եւ Միացյալ նահանգներ: «Արտահանում են պատրաստի արտադրանք եւ պանրի հումք (կիսապատրաստ), որը հետո վերամշակվում է: Հումք տարեկան արտահանվում է 1000 տոննա, պանիր` 300 տոննա: Հիմնականում «Լոռի» տեսակը»,- ասում է «Լարի» պանրագործների միության տնօրեն Արմեն Գիգոյանը: Շատ փոքր քանակությամբ արտահանվում է նաեւ այծի կաթից պատրաստված պանիր: Այն համարվում է դելիկատես եւ վաճառվում է ինքնարժեքից երկու անգամ թանկ: Նախ` այծի կաթը քիչ է, երկրորդ` միայն Եղեգնաձորում են այն պատրաստում: 

Պանրի արտադրամասերը հիմնականում հարկ վճարում են պարզեցված եղանակով` 5-4 տոկոս: Արտադրության ծավալներն ավելացնելու դեպքում պիտի վճարեն ավելացված արժեքի հարկ` 20 տոկոս: Արտահանումն ազատված է ավելացված արժեքի հարկից, սակայն այս պայմաններում դա արդեն քիչ իմաստ ունի: 

Այնուհանդերձ, Հայաստանում պանրագործությունը շարունակում է զարգանալ: Դժվար է ասել, թե քանի միավոր է ներգրավված այս բիզնեսում, քանի որ շուկա է մտնում նաեւ գյուղացին, որը չի երեւում հարկային դաշտում, եւ թեպետ արդեն համեմատաբար քիչ, բայց, այնուամենայնիվ, դեռեւս որոշակի կշիռ ունի շուկայում: Գյուղացուն ավելի ձեռնտու է կաթը հանձնել վերամշակողին, բայց երբեմն նաեւ լավ հաշվարկ անողներ են գտնվում եւ, թարմ կաթից լավ պանիր պատրաստելով, վաճառում են 900-1000 դրամով, որն ավելի էժան է գործարանների արտադրանքից: Այս առումով դաշտը դեռեւս ամբողջությամբ չի կայացել` որպես հստակ գործող մեխանիզմ: Գործարանի աշխատողները` նույն գյուղացիները, ասում են, որ գյուղացիները հիմա ավելի շատ հակված են իրենց գործով զբաղվել, քան պանիր պատրաստել. «Ամեն մեկն իր գործով»: 5 տարի առաջ գյուղացիների 70 տոկոսն իրենց կաթից պանիր էին պատրաստում, հիմա 10-12 տոկոսն է դրանով զբաղվում, շատերը հանձնում են վերամշակողներին: «Աշոցքի պանրի գործարանին» օրական միջինը 300 հոգի կաթ է հանձնում` 5-40 կգ:

Ինչպես այլ ապրանք, պանիրը եւս դժվարանում է մրցակցել ներմուծված ապրանքի հետ: Թեպետ այս դեպքում ներմուծված պանրի կշիռն ավելի փոքր է, քան տեղում արտադրվածը: «Օրինակ` «Չեդդեր» տեսակի պանրի ինքնարժեքն իմ հաշվարկով 1900-2000 դրամ է: Հումք շատ է գնում, քան «Լոռի» պանրի համար: Բայց շուկայում նույն այդ ներմուծված «Չեդդեր»-ը 1600 դրամ է: Չգիտեմ` ինչպես է այդպես ստացվում, բայց փաստ է»,- ասում է «Աշոցքի պանրի գործարանի» տնօրենը:

Գործարանի աշխատողները հիմնականում Գյումրիից, Աշոցք եւ Մուսայելյան գյուղերից են: Գործարանի ուղղությամբ ավտոբուս կա, բայց երբեմն տնօրենն ինքն է, աշխատանքի գնալիս, ճանապարհից մեքենայով տանում իր աշխատողներին, որոնք երբեմն ստիպված են ոտքով հասնել աշխատանքի, երբեմն էլ` պատահական մեքենա կանգնեցնել: Գյումրիից մինչեւ գործարան 30 կմ է: Աշխատողներն ասում են, որ գյուղերի բնակիչներն ավելի շատ նախընտրում են անասնապահությամբ զբաղվել, քան աշխատանքի գնալ, քանի որ վերջին տարիներին կաթը երկու անգամ թանկացավ, իսկ կաթ մթերող կազմակերպությունների միջեւ արդեն իսկ լուրջ մրցակցություն կա: Եթե անցյալ տարի կաթի 1կգ-ը գյուղացիները վաճառում էին 80 դրամով, այսօր` 100 դրամով: Շրջանի ամեն մի գյուղում 5- 6 մթերող կա: Գործարանում հիմա աշխատում է 15 մարդ, բանվորի միջին աշխատավարձը 50.000 դրամ է: Նոյեմբերից մինչեւ մայիս գործարանը փակվում է. ձմռան ամիսներին ճանապարհները բոլոր ուղղություններով կորում են ձյան տակ: 

«Աշոցքի պանրի գործարանը» հիմնանորոգման կարիք ունի. լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: Վերջին տարիներին պանրագործությունը զարգացել է եւ շարունակում է զարգանալ, բայց ներքին շուկան սպառված է կամ շուտով սպառվելու է, քանի որ պանրագործական արտադրամասերն արդեն կայունանում են, իսկ արտահանման մասին կոնկրետ այս գործարանի տնօրենը նախընտրում է առայժմ չմտածել` «այս պայմաններում իմաստ չունի» պատճառաբանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter