HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ձեր երիտասարդությունը հիշեցնում է մեր երիտասարդությունը». ապրիլի 7-ը ծերանոցում

«Շուտ-շուտ եկեք մեզ մոտ, աչքներս ջահելների կարոտ ա», - ասում է Նորքի ծերանոցի տատիկներից մեկը: 

Ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության օրը, «Պարգևենք ժպիտ» երիտասարդական նախաձեռնությունը այցելել էր Նորքի ծերանոց : Երիտասարդները որոշել էին անակնկալ մատուցել ծերերին` փորձելով հետաքրքրություն մտցնել նրանց առօրյայում:

Ծերանոցի տատիկների ու պապիկների մի խումբ հավաքվել էր տեղի դահլիճում, որտեղ նրանց համար ելույթ ունեցավ «Խազեր» երգչախումբը: Մեծահասակների համար երիտասարդները երգում էին Կոմիտաս: Այնուհետև շուրջ 20 երիտասարդ կամավորներ ծաղիկներ նվիրեցին իգական սեռի ներկայացուցիչներին, ինչպես նաև քաղցրավենիք բոլոր ներկաներին: Սակայն տատիկների մի մասը ցանկացավ իրենց ծաղիկները նվիրել իրենց բուժքույրերին` այդպիսով իրենց շնորհակալությունը հայտնելով իրենց խնամելու համար:

 «Ձեզ սիրուն ընտանիքներ եմ մաղթում»:

«Առողջ լինեք, երջանիկ լինեք, լավ ընատանիքներ ունենաք»:

«Սիրելով կամուսնանաք, լավ սիրած ունենանք»:

«Էհ, ձեր երիտասարդությունը մեզ մեր երիտասարդությունն ա հիշացնում»

«Էլի եկեք մեզմոտ, շատ ուրախացանք»

«Միշտ էսպես երիտասարդ մնաք»

Այսպես էին արտահայտվում տատիկներն ու պապիկները` բարեմաղթանքներ ասում երիտասարդներին և օրհնում նրանց:

Անուշ տատիկը կամավորներին պատմում էր, որ ինքը արդեն չորրորդ անգամ է ամուսնացել, ընդ որում` վերջին ամուսնությունը եղել է հենց ծերանոցում: Նա հիշում է, որ իր այժմյան ամուսինը` Հարութը, մի օր իրեն ասաց` ախր շատ սիրուն ես է, ու այդպես սկվեց նրանց սիրո պատմությունը, որն ավարտվեց ամուսնությամբ: Երիտասարդներին էլ խորհուրդ էր տալիս` անպայման սիրեք, նոր ամուսնացեք, առանց սիրո ոչինչ չանեք:

Ծերանոցի քույրերից մեկը պատմում է, որ այստեղ կա շուրջ 250 մեծահասակ: Նրանցից մի քանիսն ամուսնացել են հենց ծերանոցում: Իսկ երբ խոսք անդրադարձան նրանց ընտանիքներին, նա մի պահ լռեց, հետո ավելացրեց, որ որոշները գալիս են, բայց ոչ հաճախ, հիմնականում թոշակների ժամանակ: Սակայն կան նաև այնպիսիք, ովքեր ընտանիք չունեն, շատ են նաև փախստականները:

Հանդիպման վերջում երիտասարդներն ու մեծահասակները միմյանց շնորհակալություն հայտնեցին` կրկին հանդիպելու ակնկալիքով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter