HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդուարդ Շարմազանովի «պարտքն» է անջատել ընդդիմադիրների խոսափողները

ԱԺ-ում այսօր մեկնարկեց հերթական քառօրյայի նիստերի աշխատանքը: Այս նիստը, ինչպես վերջին մի քանիսը, թեժ սկսվեց: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նիստը սկսելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե վաղը մարզահամերգային համալիրի ո՞ր դահլիճում է կայանալու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, ինչպես նաեւ փորձում էր տեղեկանալ, թե ովքե՞ր են հրավիրյալները, արտասահմանից հյուրեր լինելո՞ւ են, թե՞ ոչ:

Հովիկ Աբրահամյանը պատգամավորին հիշեցրեց, որ նախորդ քառօրյաի ընթացքում ԱԺ-ի կողմից ընդունվել է օրենքի նախագիծ՝ հատուկ նիստի վերաբերյալ եւ Զ. Փոստանջյանին հորդորեց հյուրերի ցանկի վերաբերյալ տեղեկատվություններ ստանալ ԱԺ աշխատակազմից:

Զարուհի Փոստանջյանը, չբավարարվելով ԱԺ նախագահի պատասխանից, փորձում էր ճշգրտումներ անել, սակայն չթողեցին, որ նա ավարտի միտքը:

«Հարգելի պրն Աբրահամյան, ես Ձեր պատասխանից հասկացա, որ Դուք չեք ցանկանում հնչեցնել այն փաստը, որ... »,- այս նախադասությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ինչպես միշտ, իր պարտքը համարեց թույլ չտալ ԱԺ դահլիճում հնչել սուր ելույթ եւ հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը, քանի որ նրա ելույթը «կապ չունի օրակարգի հետ»:

Զարուհի Փոստանջյանը մի քանի անգամ փորձեց ավարտել ելույթը, սակայն Էդուարդ Շարմազանովն անդրդվելի էր եւ մատնացույց էր անում ԱԺ կանոնակարգ օրենքը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգով հստակ սահմանված է, թե երբ պետք է անջատվի ելույթ ունեցողի խոսափողը եւ նկատեց, որ Զարուհի Փոստանջյանի ելույթը դրա տակ չի մտնում:

Էդուարդ Շարմազանովը հրահանգեց այս անգամ էլ անջատել ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսափողը:

Իրավիճակը հստակեցնելու համար վարման կարգով ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ պետք է լսել պատգամավորի ելույթը, նոր միայն դրանից հետո եզրակացնել` պե՞տք է նրան ընդհատել, թե՞ ոչ: Մինչդեռ պատգամավորին դեռ չլսած ասում են, որ նրա ելույթը կապ չունի օրակարգի հետ եւ անջատում են խոսափողը:

«Պատգամավորի մտքինը հասկանալու համար պետք չէ լսել սկզբից մինչեւ նախավերջին նախադասությունը»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ըստ երեւույթին, իր լուռ համաձայնությամբ խրախուսում էր Էդուարդ Շարմազանովին:

«Բոլորին հորդորում եմ հաշտություն, համերաշխություն»,- հայտարարեց ԱԺ նախագահը եւ պատգամավորներին հորդորեց վաղը մեկ ժամ շուտ գալ՝ ժամը 12-ին կայանալիք հատուկ նիստին, որը վերաբերում է միայն նախագահի երդման արարողությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter