
Հովիկ Աբրահամյանը չբացառեց երկխոսության շարունակությունը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ վաղը Ազատության հրապարակում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած արարողությունից:
Ինչ վերաբերում է վաղը մարզահամերգային համալիրում նախագահի երդման արարողությանը Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրելուն, ապա նշեց, որ չեն հրավիրել, քանի որ վերջինս գտնում է, թե երկրի նախագահ ընտրվել է ինքը, այլ ոչ Սերժ Սարգսյանը:
Իսկ Սերժ Սարգսյանը կմասնակցի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությանը: Հարցի առնչությամբ Հ. Աբրահամյանը նկատեց. «ՀՀ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը: Ես այլոց դատարկ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել»:
ԱԺ նախագահը չբացառեց, որ հնարավոր է Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ երկխոսությունը շարունակվի:
«Երկխոսությունը միշտ պետք է լինի շարունակական եւ որքան քաղաքական ուժերը երկխոսեն, այնքան կշահի ժողովուրդը, պետությունը: Ես կարծում եմ, որ երբեք չի ավարտվում, չի սպառվում երկխոսությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նրան դուր չեկավ լրագրողների այն հարցը, թե նախագահի երդման արարողությանը մասնակցելո՞ւ է ԲՀԿ խանագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հորդորեց նման հարցերով դիմել հենց Գագիկ Ծառուկյանին. «Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով ինչո՞ւ եք ինձ դիմում»:
Մեկնաբանել