
Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը
Նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր ստանձնելով պաշտոնավարման երկրորդ շրջանը, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, քիչ առաջ ընդունեց կառավարության հրաժարականը: Կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ Սերժ Սարգսյանը ստորագրեց կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը:
Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նախարարները գտնվում էին նախագահի նստավայրում: Տիգրան Սարգսյանն իր խոսում նշեց, որ իրենց համար պատիվ է եղել նախագահի հետ աշխատելը: «Ես ուզում եմ նշել, որ այս տարիների ընթացքում մեր թիմը փորձել է կատարել Ձեր կողմից դրված բոլոր խնդիրները»,-նշեց արդեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ քաղաքացիները դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած խնդիրներից:
«Դուք ակնհայտորեն աշխատել եք բարդ պայմաններում եւ լուծել եք շատ դեպքերում, անհնարին թվացող խնդիրներ: Դուք դիմագրավել եք մարտահրավերներին, եւ դա ձեզ պատիվ է բերում»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ կառավարությունը ծառայել է ժողովրդին, իսկ ծառայելը նշանակում է ապրել: Դիմելով կառավարությանը` նախագահը նշեց, որ անկախ գնահատականներից այս կառավորությունը նոր ձեւավորվող կառավարության համար ստեղծել է բարենպաստ պայմաններ:
Մեկնաբանել