
Ալեն Սիմոնյան. «Րաֆֆին ուրիշ պլաններ ու մտքեր ուներ, բայց ժողովուրդն իրենից պահանջեց»
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Երեւանի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ մասնակցել է Ազատության հրապարակի եւ դրան հաջորդող Բաղրամյան պողոտայի իրադարձություններին:
Ալենը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Բաղրամյան պողոտայում կատարվածը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունը պատրաստ չէ ներքաղաքական դաշտին առնչվող խնդիրները լուծել քաղաքակիրթ եղանակով:
«Մեծ ցավ եմ ապրում այն բանի համար, որ ոստիկանությունն իրեն թույլ տվեց ծեծել «Բարեւ Երեւան» ցուցակի առաջին համար, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին: Մի մարդու, ով 2008 թ. իր կյանքի գնով փրկեց ոստիկանի կյանքը ու չնայած դրան Արմենը դաժան ծեծվեց, երբ տեսանյութը դիտելուց հետո կարող եմ ասել, որ դրա կարիքը չկար: Հնչում էին «7-հարկանի» հայհոյանքներ, որը չգիտեմ` ՀՀ զինանշանը կրող ոստիկանին հարիր է, թե ոչ»,- ասում է Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա` կատարվածը սադրանք էր եւ ցուցադրվեց ուժ, որպեսզի վախեցնեն մնացած ժողովրդին, գործիչներին: Նա համոզված է, որ չի հաջողվել իրականացնել իշխանության այդ ցանկությունը եւ բողոքող մարդկանց այլեւս վախեցնել չի լինի:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին` Ալեն Սիմոնյանը նշեց, որ երեկվա կատարվածը օբյեկտիվ վերլուծելու համար որոշակի ժամանակ է պետք: Նա ասաց, որ «Ժառանգական» չէ եւ որոշումների կայացմանը չի մասնակցում, եւ իր կարծիքը զուտ ցույցին մասնակցող քաղաքացու կարծիք է:
«Րաֆֆին ուրիշ պլաններ ու մտքեր ուներ այդ օրվա հետ կապված, բայց ժողովուրդն իրենից պահանջեց: Նա առնվազն 8 անգամ ասաց, որ վաղը այսինչ ժամին եւ այլն, այսինքն` ուրիշ գործողություններ էր առաջարկում, որին ի պատասխան հնչում էին սուլոցներ եւ պահանջներ, որպեսզի այդ պահին գործողություններ արվեն: Ըստ իս` պարոն Հովհաննիսյանը հասկանում էր, որ դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, եւ փորձեց միջին ինչ-որ բան գտնել, ասենք` անցնել Բաղրամյան պողոտայով, բայց միայն անցնել: Բայց ժողովրդի ցասումը այնքան շատ էր, որ տարավ Բաղրամյան»,- ասում է Ալենը:
Ըստ նրա` հարվածել են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ, վերջինս, տեսնելով, թե ինչպես են վարվել Արմեն Մարտիրոսյանի եւ մյուս երիտասարդների հետ, երբ ոստիկանների շղթան բացվել եւ հայտնվել են մի խումբ մարդիկ, որոնք «մահակներով սկսել են ծեծել եւ հայհոյել վերջին խուժանի նման», այլ բան չէր մնում, քան ժողովրդին ինչ-որ ձեւով այդ ամենից հեռու պահել:
«Ուղղակի մարդկանց տանել դեմ տալ մահակներով զինված ոստիկաններին` անիմաստ էր: Ժողովրդին տանել ծեծ ուտելու, կարծում եմ՝ դուք էլ եք համարում, որ անիմաստ է: Իհարկե, եթե դա ինչ-որ բան կփոխեր, բնական է, որ կարելի էր նմանատիպ ձեւով արտահայտել, բայց այդ րոպեին, այդ վայրում ոչ մի բան չէր փոխելու: Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետի հետ բանակցելով եւ այլ քայլերով կարողացավ խուսափել առճակատումից, որն, ինչպես շատերն էին կարծում, կարող էր վերածվել երկրորդ «մարտի 1»-ի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Ավագանու թեկնածուի կարծիքով՝ երբ երեկ ժողովուրդը չէր ենթարկվում ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին, ոչ էլ Զարուհի Փոստանջյանին, դա վկայում է, որ իշխանությունը խնդիր ունի:
«Մարդկանց այն վիճակի են հասցրել, որ նրանք ագրեսիվացել են: Այդ հուսահատությունը, աղքատությունը, արտագաղթը, սպանությունները, ինքնասպանությունները բանակում բերել հասցրել են այս վիճակին: Արմեն Մարտիրոսյանի նման մարդուն ծեծելը, քացու տակ գցելն ու հայհոյելը եւ նմանատիպ քայլերի հետեւանքը դա պետք է լիներ: Զարուհին լինի, Րաֆֆին, թե Լեւոնը, միեւնույն է, մարդիկ էլ ոչ մեկին չեն հավատում եւ երեկվա պահանջը Րաֆֆիից, թե արի գնանք Բաղրամյան, դրա վկայությունն է: Ախր մենք այդ ազգը չենք, մենք բարի ազգ ենք, հանդուրժող ենք նույնիսկ քննադատության աստիճանի, բայց մարդիկ արդեն ագրեսիվացրել են եւ դրան հասցրել է իշխանությունը»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը:
Նրա ասելով` մարդիկ արդեն հոգնել են այս վիճակից եւ այլեւս չեն վախենում եւ պատրաստ են վճռական քայլերի: «Սա այն է, ինչ ցանում է իշխանությունը: Ժողովրդի նկատմամբ այն արհամարանքը, վերեւից նայելը բերում հասցնում է եռման կետի ու հետո ասում են, թե գործողություններն անիրավ էին: Աստվածաշնչում է ասվում, որ քամի ցանողը փոթորիկ կհնձի»,- նշեց ավագանու թեկնածուն:
Լուս.՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել