HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Այսօր Մարաղայի կոտորածի 21-րդ տարելիցն է

Մարաղայի կոտորածի 21-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Ստեփանակերտի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը իր դահլիճում կազմակերպել էր Մարինա Գրիգորյանի հեղինակած  «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի   «Մարաղա, 10 ապրիլի 1992 թ.» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը: Հանդիսականների մեծ մասը ուսանողներ ու լրագրողներ էին՝ մոտ 30 հոգի:

1992-ի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը այրեցին գյուղը և կոտորեցին բնակչությանը: Մարաղայի իրադարձությունների ընթացքում սպանվել է 80-100 հայ, այդ թվում՝ 30 կին: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, իսկ 63-ը՝ գերեվարվել: Պատանդներից ոմանց հետագայում փոխանակեցին, սակայն շատերի ճակատագիրն այսօր անհայտ է: 

«Մարաղա, 10 ապրիլի 1992 թ.»  հերոսներից մեկը՝ Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Ռոմա Կարապետյանը, ֆիլմում պատմել է, որ այդ օրը ավտոմատով ու գնդացիրով հնարավոր չէր կանգնեցնել 16 միավոր զրահատեխնիկան, այդ պատճառով էլ նա օգնություն էր կանչել. «Նույն օրը ևս  3 հարձակում էր եղել, բայց առանց տանկերի, և մենք դրանք հեշտությամբ ետ ենք մղել։ Պատկերացրեք, որ հակառակորդի տեխնիկան 1 ժամից հեռացավ։ Հետագայում պարզվեց, որ խորհրդային 4-րդ բանակի՝ Կիրովաբադի գնդում տեղակայված տանկերն էին։ Հաստատ խորհրդային ծախված գեներալի գործ էր, թե չէ այն ժամանակ ո՛չ Հայաստանն է տանկ ունեցել, ո՛չ էլ Ադրբեջանը»։

Ֆիլմի ցուցադրումից հետո կազմակերպված քննարկմանը մասնակցել է պատերազմի տարիներին անհայտ կորածների, պատանդների ու գերիների ազատմամբ զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ոսկանյանը:

«Սա ադրբեջանցիների կողմից ներխուժված առաջին հայկական գյուղն է: Այդ օրերին ուժերն իրոք անհավասար էին,- ասաց Ոսկանյանը, ով ավելացրեց, որ իրեն՝ ի շնորհիվ ադրբեջանցի իր կոլեգաների, միայն երկու մարաղացու է հաջողվել փոխանակել,- ցավոք, մնացած անհայտ կորածների մասին չկարողացանք ոչ մի տեղեկություն հայթայթել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter