HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Լևոն Սարգսյան. «Մեր հիմնադրամի հնարավորություններն այսքան են ներում»

«Ցավոք սրտի հիմա դեռևս միջոցները չեն բավարարում, բայց ես հուսով եմ, նաև երազում եմ, որ ժամանակ գա, որ Հայաստանի յուրաքանչյուր մարզում այսպիսի մի միջազգային փառատոն լինի», - անրադառնալով «Վերածնունդ» փառատոնին` «Հետքի» հետ զրույցում ասաց Լևոն Սարգսյանը:

Վերջինս մրցույթ-փառոտնի կազմկոմիտեի նախագահն է, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան:

Կարևորելով դասական երաժշտության փառատոնի անցկացումը` նա նշեց, որ ցանկալի կլիներ փառատոներ անցկացվեին արվեստի, մշակույթի տարբեր բնագավառներից:   

«Մշակութային կյանքը միայն մայրաքաղաքով չպետք է սահմանափակվի: Մարզերում էլ դա պետք է տեղի ունենա, որպեսզի մարզերի մշակութային կյանքն էլ զարթոնք ապրի, որպեսզի մարզի բնակիչներն իրենց արվեստից կտրված կամ զրկված չզգան», - ասում է Լ. Սարգսյանը:

Նրա խոսքերով` բացի այն, որ կարևոր է միջազգային փառատոների անցկացումը մասնավորապես Հայաստանում, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այլ երկրների ներկայացուցիչներ գալիս և ծանոթանում են Հայաստանի մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին:

«Դա, փաստորեն, ինչ-որ տեղ մշակույթի արտահանում է», - ասում է նա:

Լ. Սարգսյանի խոսքերով` հարուստ մշակույթ ունենք, բայց պետք են նաև լուրջ ֆինանսական միջոցներ, որպեսզի այդ մշակույթը ներկայացվի ավելի լայն շրջանակների:  

«Ինչքան հնարավոր է, այնքան կազմակերպում ենք: Մեր հիմնադրամի հնարավորություններն այսքան են ներում», - ասում է Լ. Սարգսյանը:

«Հետքի» այն դիտարկմանը, որ Հայաստանում կան բազմաթիվ մեծահարուստներ, կա նաև սփյուռքի օժանդակությունը, և կարելի է այդ ռեսուսները կենտրոնացնել ու նպաստել մշակույթի զարգացմանը, Լ. Սարգսյանը պատասխանեց, որ կան բարերարներ, որոնք օգնում են:

«Բայց այդ նույն բարերարները տարբեր բնագավառների են օգնության հասնում: Միայն մշակույթով չէ այդ մարդկանց գործունեությունը սահմանափակվում: Ուղղակի դրա մասին մենք հաճախ մոռանում ենք: Բոլորիս թվում է, որ եթե ինչ-որ մի բնագավառով մենք զբաղվում ենք, դա ամենակարևոր բնագավառն է: Բայց բնագառավռները շատ են: Այնպես չէ, որ չեն անում», - ասում է Լ. Սարգսյանը:

Նրա խոսքերով` տարեցտարի նկատվում է առաջընթաց մշակույթի զարգացման բնագավառում, բայց տարեցտարի ավելանում են նաև ծրագրերը:  

«Իսկ բարեգործությունը բարի կամքի արտահայտում պետք է լինի: Այն մտածելակերպի, գիտակցության խնդիր է», - հավելեց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter