
Մուրադ Ամիրխանյան. «Ես չեմ ուզում հոգնեցնել, ես ուզում եմ միշտ ցանկալի լինել»
«Ես ամեն անգամ ինձ հարց եմ տալիս, թե ինչ կարող եմ անել իմ երկրի համար: Այժմ հնարավորություն ունեմ իմ հայ հանդիսատեսին ներկայացնել այն գոհարը, որ գտել եմ, այն հաջողությամբ, որ ունեցել եմ եվրոպական բեմերում»,- ասում է ֆրանսաբնակ հայազգի օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը:
Ապրիլի 13-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում Մուրադ Ամիրխանյանը և ֆրանսուհի Ան-Շարլոտ Մոնվիլն առաջին անգամ ներկայացնելու են «Լարինդան և Վանեսիոն» բարոկկո ժանրի կատակերգական օպերան: Օպերան տևում է 1 ժամ 10 րոպե:
Մ. Ամիրխանյանի խոսքով՝ ինքը միշտ մտածել է, թե ինչ կարելի է ներկայացնել հանդիսատեսին, որը կլինի և թեթև, և հետաքրքիր, և բովանդակալից: Եվ ահա նա կարողացել է «պեղել» Ադոլֆ Հասսեի այս գործը: Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2011 թ. Ավինյոնի միջազգային փառատոնում, այնուհետև մեծ հաջողություն է ունեցել այլ երկրներում ևս: Առաջիկայում օպերան կներկայացվի նաև Իտալիայում:
Մ. Ամիրխանյանը շատ ուրախ է, որ Հայաստանում առաջին անգամ ներկայացվելու է բարոկկո ժանրի օպերա, և տվյալ դեպքում արվեստը դառնում է կապող օղակ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև:
Օպերային երգիչը կարծում է, որ օպերան ամենևին բարդ ընկալելի ժանր չէ, և այս ներկայացմանը կարող են գալ անգամ 9-10 տարեկանները: Նա համոզված է, որ ցածր տարիքայինները ևս կընկալեն օպերան, քանի որ «այն հասանելի է»:
«Լարինդան և Վանեսիոն» ներկայացման արտիստները աշխատել են հայկական նվագախմբի հետ, որի հետ բեմ կբարձրանան ներկայացման օրը:
Մ. Ամիխանյանը նախատեսել էր, որ նվագախմբի անդամները ևս լինեն կեղծամներով և հատուկ զգեստներով, իսկ ներկայացման օրը մարդկանց դիմավորեն 18-րդ դարի զգեստներ հագած աղջիկներ, որպեսզի հանդիսատեսի շրջանում միանգամից համապատասխան տրամադրություն ստեղծվի:
Չնայած օպերային երգիչները միմյանց հետ ավելի վաղ էին ծանոթ և միասին համերգներ են ունեցել, սակայն սա առաջին օպերան է, որ միասին են ներկայացնում:
Ան-Շարլոտի խոսքով՝ ինքը հիացած է իր հայ գործընկերոջով, և իրենց միջև կան թե արտիստական կապ, թե ներդաշնակ էներգետիկ դաշտ:
«Մենք ամեն անգամ ներկայացումից ներկայացում բացահայտում ենք իրար»,- ասում է երգչուհին:
Մ. Ամիրխանյանը ներկայացումից հետո նախատեսում է լինել նաև Գյումրիում, քանի որ ծնունդով այնտեղից է: Միաժամանակ երգիչը հպարտ է, որ լինելով օտար ափերում, չի փոխել իր անունն ու ազգանունը, փորձել է մնալ հայ՝ չնայած իրեն բազմաթիվ լուրջ և հեռանկարային առաջարկներ են արել՝ դավանանքը փոխելու պայմանով, այդ թվում առաջարկ՝ կապված Լա Սկալայի հետ:
Հարցին, թե արդյոք չի՞ նախատեսում մենահամերգով հանդես գալ Հայաստանում, ֆրանսաբնակ երգիչը պատասխանեց, որ համերգ ունեցել է 2008 թ., բայց իր մեջ հարց է առաջանում՝ արդյոք իր ժողովուրդն ուզո՞ւմ է, որ ինքը կրկին համերգով հանդես գա:
«Ես չեմ ուզում հոգնեցնել, ես ուզում եմ միշտ ցանկալի լինել»,- հավելեց օպերային երգիչը:
Մեկնաբանել