Շուշիում կառուցվում է երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեխաների խնամքի հաստատություն է կառուցում Արցախի Շուշի քաղաքում: Շենքը կառուցվում է հիմնադրամի պատվո անդամ և մեծ բարեկամ, բարերար Հրայր Հովնանյանի հովանավորությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է Արցախի կառավարությունը:
Հաստատությունում կբնակվեն Ստեփանակերտի մանկատանը ներկայումս օթևանող 1-ից 15 տարեկան շուրջ 80 երեխաները: Այս նախաձեռնությամբ հիմնադրամը նպատակ ունի բարելավել արցախցի անպաշտպան մանուկների բնակության պայմանները: Շուշիի առողջարանային բնակլիմայական պայմանները ևս նպաստավոր կլինեն մանուկների համար:
Եռահարկ նորակառույցում նախատեսվում են երեխաների բնակության և ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ննջարաններ, խաղասենյակներ, ճաշարան, հանդիսության սրահ: Ջեռուցումն ու օդափոխությունը հարմարավետ պայմաններ կապահովեն մանուկների համար տարվա բոլոր եղանակներին:
Սպորտի հրապարակն ու փակ մարզասրահը ամբողջական ու հետաքրքիր կդարձնեն երեխաների առօրյան: Իսկ համակարգչային աշխատասենյակն ու գրադարանը, զուգակցվելով զարգացման ծրագրերի հետ, կխթանեն սաների մտավոր ու ստեղծագործական կարողությունները և կօգնեն նրանց գտնել իրենց ճանապարհը կյանքում:
Ներկայում ընթանում է երկրորդ հարկի շինարարությունը: Հաջորդ տարվա գարնանը նորակառույցն իր հարկի տակ կընդունի մանկատան խնամքին հանձնված երեխաներին:
Մեկնաբանել