HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նժդեհ Մելքոնյան

Փոխարժեքի արժեւորումը Հայաստանում. անխուսափելի ծուղա՞կ, թե՞ վատ քաղաքականության հետեւանք

Սկիզբը

Մաս II

Այս հոդվածի առաջին մասում մենք վերհիշեցինք որոշ տնտեսական հիմնադրույթներ` կապված փոխարժեքի արժեւորման հետ, եւ դիտարկեցինք փոխարժեքի արժեւորումից բխող որոշ վնասներ: Հետեւելով առաջին հարցին` եկանք նաեւ այն եզրակացության, որ փոխարժեքի արժեւորման համապարփակ ազդեցությունը տնտեսության (հատկապես այնպիսի տնտեսության, ինչպիսին Հայաստանինն է) եւ նրա ապագա աճի հեռանկարի համար կլինի բացասական:

Այժմ թույլ տվեք անցնել երկրորդ հարցին եւ քննարկել այն պայմանները, որոնցում դրամավարկային եւ ֆինանսաբյուջետային քաղաքականություն վարող կառույցների միջամտությունը նպատակահարմար կլիներ, եւ քննարկել, թե որ տիպի քաղաքականությունը հաջողությամբ կպսակվեր փոխարժեքի արժեւորումը սանձահարելու եւ նրա ազդեցությունները նվազեցնելու գործում: Ստորեւ կներկայացնեմ, որ Հայաստանի քաղաքականություն մշակողների համընդհանուր արձագանքն ի պատասխան արտարժույթի այս համառ ներհոսքի խիստ անբավարար էր, քանի որ նրանք չկարողացան կիրառել քաղաքական հաշվառման հակադիր որեւէ միջոց, ներառյալ նրանք, որոնք կքննարկվեն ստորեւ: Ինչպես հոդվածի առաջին մասում, այստեղ էլ հղումը տնտեսագիտության տեսությանը եւ տրամաբանության ընդհանուր կանոններին դիմելը անխուսափելի կլինեն:

Այդ նույն տնտեսագիտական տեսությունը եւ ընդհանուր տրամաբանությունը հուշում են, որ խելամիտ կլիներ միջամտել եւ փորձել կանխել փոխարժեքի արժեւորումը, եթե.

1. Արժեւորումը տնտեսության վրա անդառնալի հետեւանքներ ունենա, քանի որ այն վնասում է արտադրողականությանը եւ արտահանման ծավալներին: 
2. Արժեւորման հիմքում ընկած գործոնները ժամանակավոր են կամ գոնե ապագայում կունենան նվազող ինտենսիվություն:

Հավանաբար տպավորությունն այնպիսին է, որ այս խնդիրներն ուղղակիորեն եւ հեշտությամբ հաղթահարելի են: Եվ չնայած այս երկու խնդիրներն ամենեւին էլ դյուրին չէ հաղթահարել, կփորձենք, այնուամենայնիվ, քննարկել դրանք, որպեսզի պարզենք` արդյո՞ք արժեւորումը կանխելու նպատակով միջամտությունը հիմնավորված կլիներ:

Հոդվածի առաջին մասում արդեն անդրադարձել եմ այն փաստին, որ տնտեսության արտադրողական սեկտորի աշխատանքը մեծ չափով կախված է ֆինանսական սեկտորի զարգացման մակարդակից: Զարգացած ֆինանսական շուկաները թույլ են տալիս ընկերություններին անհրաժեշտ դեպքերում պարտք վերցնել տարբեր ցնցումներին դիմակայելու համար: Զարգացած ֆինանսական համակարգում բանկերը պահանջում են ավելի քիչ գրավներ` ընկերություններին տրվող վարկերի փոխարեն եւ, բնական է, կարող են նրանց ապահովել ի հաշիվ ընկերության ապագայում ստացվելիք հոսքերի, եւ ոչ անպայմանորեն գրավի դիմաց: Ուրեմն, երբ զարգացած ֆինանսական համակարգի հետ առնչություն ունեցող ընկերությունը դժվարությունների է բախվում, պարտադիր չէ, որ դա հանգեցնի արտադրության փակման կամ էլ աշխատուժի կրճատման: Եթե անգամ ունենա, ապա ազդեցությունը ժամանակավոր կլինի, որովհետեւ ընկերությունները կարող են վարկ վերցնել, որպեսզի գոյություն պահպանեն եւ, եթե պետք է, կարող են ներդրում կատարել նոր տեխնոլոգիաներում եւ կրկին վերականգնվել: Ի հակադրություն սրան` ոչ զարգացած ֆինանսական շուկայում բանկային վարկը սակավ է, ուստի չի կարող հանդես գալ որպես պաշտպանիչ` ընդդեմ ընկերություններին հարվածող ցնցումների: Ուստի, այսպիսով, արտադրական սեկտորի վրա տարբեր ցնցումների ունենալիք ազդեցությունն ավելի արտահայտված է այս դեպքում, քան թե զարգացած ֆինանսական համակարգի դեպքում: Տեսնենք, թե որտեղ է գտնվում Հայաստանն այս սանդղակի մեջ. նրա ֆինանսական շուկաները թերզարգացած են (եւ եթե հիշողությունս չի դավաճանում, հետ են անգամ տարածքային չափանիշներով), եւ բանկերի գրավի միջոցով վարկեր տրամադրելը, ցավոք, դեռեւս աշխատելու գերիշխող ձեւն է: Սա արդեն իսկ բացատրում է ցնցումներից պաշտպանվելու ամենակարեւոր միջոցի առկայությունը: Ուստի, երբ փոխարժեքի արժեւորումը կամ որեւիցե այլ հզոր ցնցում հարվածում է արտադրողական սեկտորին, հետեւանքներն ուժեղ կլինեն արտադրողների վրա եւ կունենան այնպիսի ազդեցություն, որը շուտ չի անցնի, եթե ընդհանրապես երբեւիցե անցնի: Ազդեցության ծանր լինելու պատճառներից մեկն էլ այն է, որ հայ արտահանողներն արդեն աշխատում են շատ փոքր շահույթներով` ունենալով բարձր փոխադրամիջոցների ծախսեր եւ ստիպված լինելով առնչվել կոռումպացված մաքսային համակարգի հետ: Այսպիսով, դատելով վերեւում նշված 1-ին չափանիշով` քաղաքականության միջամտությունը (թե՛ փոխարժեքի արժեւորումը կանխելու, թե՛, օրինակ, պետական վարկային ծրագրերի միջոցով) անհրաժեշտ կլիներ` կանխելու համար փոխարժեքի արժեւորման անդառնալի ազդեցությունը տնտեսության վրա: 

Ինչ վերաբերում է ներհոսքերի կայունությանը, որն արժեւորման հիմքում է ընկած (վերը նշված 2-րդ չափանիշը), անհրաժեշտ է պատասխանել երկու հարցի. 1. արդյոք հոսքերն ամբողջովին անկա՞խ են Հայաստանի գործոններից (օրինակ` վարվող քաղաքականությունից, տնտեսության վիճակից եւ այլն), եւ 2. արդյոք այդ հոսքերը կմնա՞ն վերջին ժամանակների մակարդակին (այդ իսկ պատճառով նվազելով աճող տնտեսության համեմատ), թե նրանք շարունակելու են աճել տնտեսությանը զուգահեռ:

Թեեւ այս հարցերի քննարկումը շատ տեխնիկական է եւ այս հոդվածի շրջանակներից դուրս է, միանգամայն հավատացած եմ, որ այս հոսքերը կախված են Հայաստանի գործոններից (ներառյալ վարած տնտեսական քաղաքականությունից) եւ, հավանաբար, անկում են ապրելու ապագայում տնտեսության համընդհանուր չափերի հետ համեմատ: Ես պատրաստ եմ սրա մասին իմ կարծիքներն առանձին արտահայտել, որոնք հիմնված են ժամանակակից միջազգային տնտեսագիտության հիմունքների վրա, ինչպես նաեւ Հայաստան մուտք գործող դրամական փոխառումների դեմոգրաֆիայի վրա: Այսպիսով, ըստ այս չափանիշի` դրամավարկային կամ ֆինանսաբյուջետային քաղաքականություն վարող կառույցների միջամտությունը նույնպես ցանկալի կլիներ:

Ինչպե՞ս միջամտել

Հաստատելով, որ փոխարժեքն արժեւորումից կանխելու միջամտությունը նպատակահարմար կլիներ, եկեք դիտարկենք տնտեսվարման տարբեր տարբերակներ, որոնք Հայաստանի քաղաքականություն մշակողներին հասանելի էին, բայց որոնք չօգտագործվեցին կամ օգտագործվեցին, բայց ոչ համապատասխան ուժով եւ նման դեպքերում անհրաժեշտ նվիրվածությամբ: Ես կխմբավորեմ այս միջոցները հետեւյալ ձեւով` նրանք, որոնք բնորոշ են Կենտրոնական բանկին, ֆինանսների նախարարությանը եւ Պետական հակամենաշնորհային գործակալությանը:

Անատամ Կենտրոնական բանկ կամ չափից դուրս քիչ, չափից դուրս ուշ

Տնտեսվարման տարբերակ 1: Ինտերվենցիա/միջամտություն եւ ստերիլիզացիա` փոխարժեքի վրա ճնշումը նվազեցնելու, բայց նաեւ փողի առաջարկն անփոփոխ պահելու, դրանով իսկ ինֆլյացիոն ճնշումներից խուսափելու համար: Այս ամենը, սակայն, պահանջում է պետական պարտատոմսերի պորտֆելի կամ ԿԲ-ի կողմից թողարկված պետական պարտավորությունների առկայություն, որ ԿԲ-ն չուներ (մենք այս խնդիրը կքննարկենք հետագայում` ֆինանսների նախարարության քաղաքականության համատեքստում): Մինչդեռ այս դեպքում ԿԲ-ն ամբողջովին չպետք է մեղադրվի. նման պարագայում ԿԲ-ն կարող էր իրականացնել հետեւյալ քայլերը` 1. նպաստել խնդրի շուրջ հասարակական իրազեկության բարձրացմանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հասարակությունը կարողանա ճիշտ ձեւակերպել իր մեղադրանքը` փորձելով ազդել իրականացվող քաղաքականության ուղղության վրա, 2. թողարկել իր սեփական պարտատոմսերը, որոնք հետագայում կօգտագործվեն ստերիլիզացման համար: Չնայած ԿԲ-ն սկսեց թողարկել իր արժեթղթերը եւ վաճառել դրանք շուկայում, անկումն ու այս միջոցառման ուշացումն այն անարդյունավետ դարձրեցին: (Փորձենք մի փոքր մեկնաբանել տնտեսական այս իրավիճակը եւ համապատասխան տերմինները:

«Ինտերվենցիան» ԿԲ-ի կողմից արտարժույթի գնումն է, որն ուղղված է շրջանառության մեջ գտնվող փողի զանգվածի, այն է` դրամի առաջարկի ավելացմանը: «Ստերիլիզացիան» պետական պարտատոմսերի եւ այլ պետական/ԿԲ պարտավորությունների վաճառքն է ԿԲ կողմից, ինչը նպատակ է հետապնդում կրճատել շրջանառվող դրամի/ազգային արժույթի քանակը: Այսպես` եթե ԿԲ-ի` արտարժույթ գնելու ինտերվենցիան հանգեցնում է շրջանառվող դրամի ծավալի աճին, ապա ստերիլիզացիան կարող է շրջանառվող դրամի ծավալը հետ բերել` հավասարեցնելով ինտերվենցիայից առաջ եղած ծավալին: Իհարկե, փողի առաջարկը սղաճի վրա ազդող անկյունաքարային գործոններից է եւ, հետեւաբար, հստակ վերահսկման կարիք ունի): 

Տնտեսվարման տարբերակ 2: Ահազանգում է ավելի ագրեսիվ քաղաքականության մասին, առանձնահատկությունն այն է, որ ԿԲ-ն այս դեպքում իր հիմնական սղաճային քաղաքականությանը համահունչ որդեգրում է փոխարժեքի` «հասարակության համար օպտիմալ» մակարդակի պահպանման ուղի, անկախ նրանից, թե որքան հիմնովին է սահմանված այս տերմինը: Փոխարժեքի քաղաքականություն իրականացնելիս ԿԲ-ի հաջողությունը կախված է իր քայլերի` մտադրությունների վերաբերյալ ազդակներ հղելու ունակությունից: Սա բավականաչափ լուրջ խաղ է, ինչի արդյունքում ԿԲ-ն կարող է կորցնողի դերում հայտնվել, եթե պատշաճ կերպով չհետեւի խաղի կանոններին: Այս ազդակների վրա հիմնված խաղում հաղթելու ճանապարհներից մեկն է` հայտարարել (լրջորեն հայտարարել), որ ԿԲ-ն պատրաստակամ է հարթելու ցանկացած անցանկալի կարճաժամկետ տատանումներ կամ անցանկալի պատահական (այսինքն` շուկայական ֆունդամենտալ գործոններով չպայմանավորված) շուկայական ցնցումներ, որոնք այնքան տարածված են ներկայումս եւ լի են կործանարար պոտենցիալով: Ճիշտ միջամտությունը (այսինքն` արտարժույթի վաճառք, երբ անհրաժեշտ է վաճառել այն, եւ առք, երբ կարիք կա գնելու, այլ ոչ թե հակառակը) սովորաբար օգտակար է նման դեպքերում: ԿԲ-ն, սակայն, պարտվել է այս ազդակների խաղում, երբ, ի լրումն ԿԲ խորհրդից հնչող հաղորդագրությունների, ԿԲ-ն թույլ տվեց ֆինանսների նախարարությանը հրապարակել միջին փոխարժեքի մասին իր «ենթադրությունը»՝ որպես 2007 թ. բյուջեի ներկայացման մի մաս: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ մակարդակի վրա ֆիքսվեց փոխարժեքը 2007 թ. բյուջեում. մոտ 350 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց, ինչը կանխորոշում էր 2006 թ. համեմատ ազգային արժույթի էլ ավելի մեծ արժեւորում, կարծես տնտեսությունն արդեն իսկ բավականաչափ չէր տուժել այդ արժեւորումից: Փոխարժեքի մակարդակի նման կանխորոշումը եւ բյուջեում ամրագրելը, Հայաստանի նման տնտեսության պարագայում (տնտեսություն, որը սոցիալական եւ տնտեսական ճնշումներ է ապրում ազգային արժույթի արժեւորման արդյունքում, եւ որտեղ տնտեսվարող սուբյեկտները՝ ինչպես արտահանողները, այնպես էլ արտերկրից արտարժույթով տրանսֆերտներ ստացողները, բացարձակ այլ ակնկալիքներ ունեին), ինձ համար անհասկանալի է: ՀՀ պետական բյուջեն արտարժութային եկամուտների բավականաչափ խոշոր աղբյուրներ չունի, եւ ոչ էլ այնքան խոշոր արտարժութային ծախսեր է իրականացնում, որ ֆինանսների նախարարությունը ցանկանա «բաց եւ թափանցիկ» լինել իր քայլերում: Փոխարժեքի խնդիրը նույնիսկ ֆինանսների նախարարության գործողությունների շրջանակում չէ, հետեւաբար, ինչու՞ պետք է ԿԲ կողմից կանխատեսված փոխարժեքի մակարդակը նախարարության կողմից բացահայտվի: Հավանաբար, փորձ էր արվում ազդակ հղել հանրությանը, սակայն իրականացման ձեւն է սխալ: 

«Անտարբեր» ֆինանսների նախարարություն, կամ ինչու՞ պետք է մտահոգվենք

Տնտեսվարման տարբերակ 3: Բավականաչափ պետական պարտատոմսեր տրամադրել ԿԲ-ին, որպեսզի վերջինս օգտագործի դրանք ինտերվենցիայից հետո՝ ստերիլիզացման նպատակով: Այնինչ, ԿԲ-ն չապահովվեց բավարար գումարի պարտատոմսերով, ինչը հանգեցրեց նրան, որ ԿԲ-ն ընտրեց լավագույն տարբերակներից երկրորդը, այն է՝ որդեգրեց «անգործության» գործելակերպը: (Պետական պարտատոմսերի սակավությանը բախվելիս ԿԲ-ն չի կարող ինտերվենցիա իրականացնել, քանի որ դա կհանգեցնի փողի առաջարկի մեծացմանը եւ սղաճի բարձրացմանը, ինչը, ինքնին, անցանկալի արդյունք է` հաշվի առնելով, որ սղաճը ԿԲ գլխավոր նպատակն է: Ի հակադրություն ընդունված տեսակետի` ԿԲ-ն չի մեղադրվում փոխարժեքի կայունացման համար, այլ պատասխանատվություն է կրում գների կայունացման համար): Առանց ֆինանսների նախարարության օգնության ԿԲ-ն, իր առանց այդ էլ փոքր եւ մեծապես դոլարիզացված հաշվեկշռով, քիչ բան կարող էր անել այս պարագայում: Այս մոտեցման քննադատները պնդում են, որ ավելի մեծ քանակությամբ պետական պարտատոմսերի թողարկման արդյունքում կբարձրանա տոկոսադրույքը, ինչը տնտեսության իրական հատվածի (եւ հենց նույն արտահանողների) վրա բացասաբար կանդրադառնա, քանի որ կաճեն փոխառության ծախսերը: Իմ պատասխանն այս քննադատությանն այն է, որ սա խնդիր չէ: Շուկայում առկա է մեծածավալ լիկվիդայնություն, սակայն բանկերի կողմից ֆինանսավորվեու տեսանկյունից բավարար թվով ապահով ծրագրեր չկան, հետեւաբար, բանկերին կբավարարի ապահով պետական պարտատոմսեր ունենալը (ի տարբերություն անապահով փոխառությունների), եթե նույնիսկ դրանք բարձր տոկոսներ չեն ապահովում: Նույնիսկ եթե պետական պարտատոմսերի տոկոսադրույքը սահմանային աճ ապրի, տնտեսությունում գործող ընկերությունների համար փոխառության ծախսերը շատ ավելի բարձր են եւ անմիջապես չեն աճի, եթե բանկերը մրցակցային դաշտում են գործում: Քննադատները պնդում են նաեւ, որ ստերիլիզացիան բյուջեի համար ծախսատար է, հետեւաբար, չպետք է ձեռնարկվի: Ստերիլիզացիան, անշուշտ, կապված է ծախսերի հետ, որոնք չափվում են որպես՝ 1. տոկոսադրույք, որը պետք է վճարվի բյուջեից ԿԲ-ին տրամադրվող յուրաքանչյուր լրացուցիչ պարտատոմսի համար, եւ 2. դիֆերենցիալ տոկոսադրույք, որը պետական պարտատոմսերի եւ ԿԲ-ի կողմից պահվող արտարժութային պահուստների տոկոսադրույքի տարբերությունն է, պահուստներ, որոնք ԿԲ-ն պարտավոր է պահել ինտերվենցիայից եւ ստերիլիզացիայից հետո: Ինչեւէ, մնացյալ տնտեսության (հատկապես արտահանողների) հետ դժվարությունները կիսելու հանգամանքը քաղաքականության հանդեպ հասարակության դրական արձագանքը կապահովեր, հատկապես եթե հաշվի առնենք «անգործության» այլընտրանքային տարբերակի բացասական հետեւանքները եւ հասարակական ծախսերը: 

Տնտեսվարման տարբերակ 4: Արտահանողներին տրամադրել նպատակային եւ սուբսիդավորված փոխառություններ/վարկեր, ինչը նպատակ ունի կանխել ազգային արժույթի արժեւորման արդյունքում նրանց արտադրական հնարավորությունների վրա առկա բացասական ազդեցությունը: Սա կարող էր իրականացվել հետեւյալ կերպ՝ խթանելով որոշ ամենախոցելի վիճակում գտնվող արտահանողների, որպեսզի վերջիններս կարողանան ներդնել առավել արդյունավետ տեխնոլոգիաներ` օգտվելով հարաբերականորեն ավելի էժան ֆինանսավորման հնարավորություններից, որոնց աղբյուրը պետական բյուջեն է (որեւէ առեւտրային բանկի կամ մասնագիտացված պետական գործակալության միջոցով): Քննադատները կպնդեին, որ սուբսիդավորումը թույլատրելի չէ եւ չպետք է իրականացվի: Իմ պատասխանը հետեւյալն է՝ «հիշեք, թե հակառակ դեպքում ինչ է լինելու, եւ հանգիստ եղեք»: Առավել խոցելի արտահանողների աջակցման խնամքով մշակված փոքրամասշտաբ ծրագիրը կարող է հասարակական մեծ օգուտներ բերել՝ առանց վտանգելու տնտեսության ֆիսկալ կայունությունը: 

Տնտեսվարման տարբերակ 5: Մեծացնել օտարերկրյա արտադրամիջոցների ներմուծման վրա կատարվող ծախսերը եւ, սրանով իսկ, նվազեցնել դրամի վրա առկա ճնշումները (բարձրացնելով դոլարի նկատմամբ պահանջարկը): Ի լրումն ողջ ֆիսկալ հնարավորությունների ընդլայնման` ֆինանսների նախարարությունը կարող էր նաեւ հնարավոր համարել բյուջետային ծախսումների բաշխվածքի փոփոխությունը՝ ներքին գնումների համեմատ ավելացնելով արտաքին գնումները: Նման մոտեցումը կարող էր ոչ միայն մեղմել տարադրամի շուկայի վրա եղած ճնշումը, այլ նաեւ պահպանել ներքին գների ցածր մակարդակ (կրճատելով պահանջարկը տեղական արտադրանքի եւ ծառայությունների հանդեպ): Յուրաքանչյուր տնտեսագետ այսօր գիտի, որ ՀՀ բյուջետային ծախսերը եւ ընդհանուր դեֆիցիտը չեն համապատասխանում զարգացող երկրի կարգավիճակին, մի երկրի, որը փորձում է երկարաժամկետ աճի հիմքեր ապահովել: Այդ իսկ պատճառով ներմուծվող արտերկրյա արտադրամիջոցների վրա կատարվող ծախսումների յուրաքանչյուր լրացուցիչ միավոր ոչ միայն չէր վտանգի մեր երկրի ֆիսկալ կայունությունը, այլեւ կօգներ հզորացնել երկրի արտադրական հնարավորությունները` մեծացնելով արտադրվող ապրանքների եւ ծառայությունների առաջարկը եւ հանդես գալով որպես ապագա կայուն աճի գրավական: 

Տնտեսվարման տարբերակ 6: Հարկել անշարժ գույքի «սպառումը»: Չնայած այն հանգամանքին, որ դրամի հետագա արժեւորումը կանխելու նպատակով կիրառվող կապիտալի ծավալների վերահսկումը կարող էր ծախսատար (հաշվի առնելով կապիտալի ներգրավման ցանկալիությունը) եւ անարդյունավետ (հաշվի առնելով այն ուղիները, որոնցով հոսում են այդ միջոցները) լինել Հայաստանի տնտեսության համար, այսպես կոչված Հոլանդական հիվանդության տիպի բացասական հետեւանքներից (տնտեսության այլ ճյուղերի վրա բացասական հետեւանքներից) խուսափելու համար, կարելի էր այդ կապիտալ հոսքերի ուղղությունը շինարարությունից (եւ սպառումից) շեղել դեպի այլ ուղղություն: Շինարարության ոլորտը գրեթե չի հարկվում եւ, մասամբ, ՀՀ-ում հարկահավաքման ցուցանիշի ցածր մակարդակի պատճառ է հանդիսանում: Շինարարության չհարկումը կհանգեցնի տնտեսության այդ ճյուղի գերընդլայնման` մյուս ճյուղերի թերզագացման հաշվին, քանի որ շինարարության ճյուղը մրցում է տնտեսության այլ ճյուղերի հետ` արտադրության գործոններում ներդրումների (աշխատուժ եւ կապիտալ) հետ կապված: Շինարարության հարկումը նաեւ կարող է տնտեսության այս ճյուղի համար ավելի կայուն աճի ուղի նախանշել եւ ապահովագրել տնտեսությունը ապագայում անշարժ գույքի գների հնարավոր ուռճացումներից ու դրանց հետեւող ցնցակաթվածներից: (Փաստորեն, այս դեպքում անշարժ գույքն ավելի թանկ կլինի բարձր հարկերի պատճառով, ինչը, սակայն, թույլ է տալիս խուսափել ապագայում գների կտրուկ անկումից, քանի որ այս մոտեցման դեպքում աճն ավելի հավասարաչափ կլինի): Այս մոտեցման քննադատները պնդում են, որ կապիտալի/դրամական փոխանցումների հոսքերը ճկուն են եւ կնվազեն այն դեպքում, եթե իրականացվող քաղաքականությունը նպատակադրի դրանց առկայության պատճառների բացահայտումը (ենթադրվում է, որ դրամական փոխանցումները հոսում են սփյուռքում գտնվող հայերից՝ հիմնականում Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով): Սա հնարավոր տարբերակ է: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի հանդեպ սփյուռքահայության զգացմունքների ոչ ճկուն/անփոփոխ լինելու հանգամանքը, չի ակնկալվում, որ շինարարության հարկումը կնվազեցնի դրամական փոխանցումների ներհոսքը եւ սփյուռքահայությունից ստացվող այլ հոսքեր: Հակառակը` դա կօգնի նշված հոսքերն ուղղել մեկ այլ ուղղությամբ, մասնավորապես տնտեսության այլ ճյուղեր:

Անօգուտ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, կամ մեզ բավական չեն վճարում, որպեսզի գործ ունենանք օլիգարխների հետ

Տնտեսվարման տարբերակ 7: Ներմուծման ոլորտի ապամոնոպոլացում, որպեսզի գնի եւ փոխարժեքի ազդակներն ամբողջությամբ եւ արագորեն փոխանցվեն տնտեսվարող սուբյեկտներին (արտադրողներին եւ սպառողներին) եւ քաղաքականություն իրականացնողներին (ԿԲ): Դիցուք, վերհիշենք Մաս I-ում ունեցած քննարկումը: Եթե ներմուծվող ապրանքների գները դրամային արտահայտությամբ ճշգրտվեին այնպես, որ ամբողջությամբ հաշվի առնվեր փոխարժեքի արժեւորումը, դա կհանգեցներ համընդհանուր/միջին գների ավելի ցածր մակարդակի: Քանի որ դա կնշանակեր դեֆլյացիա, ԿԲ-ն կկարողանար միջամտել արտարժույթի շուկայում ինտերվենցիա իրականացնելով՝ առանց հետագա ստերիլիզացման անհրաժեշտության: (Փորձենք մանրամասնել. քանի որ ներմուծվող ապրանքների ներքին գներն անկում են ապրում, ԿԲ-ն այս դեպքում ավելի մեծ ինտերվալ է վերահսկում եւ կարող է ազատորեն գործել իր նպատակադրած սղաճի մակարդակի եւ ընթացիկ (ավելի ցածր) գների սահմաններում: Այդ իսկ պատճառով, ԿԲ-ն կարող է իրեն «թույլ տալ» ավելի մեծ ծավալի արտարժույթ գնել՝ ազգային արժույթի արժեւորումը կանխելու նպատակով): Այս դեպքում պետական պարտատոմսերի լրացուցիչ պահանջ չի լինի, եւ ստերիլիզացման արդյունքում տոկոսադրույքների բարձրացման խնդիր էլ ընդհանրապես չի ծագի: Այս մոտեցման քննադատները մեջբերում են այն քաղաքական-տնտեսական սահմանափակումները, որոնց բախվում են քաղաքականություն իրականացնող մարմինները` ասելով, որ այս պարագայում «ոչ տնտեսական ծախսերը» բարձր են: Պարզվում է, որ ՀՀ-ում որոշ ներմուծողներ կառավարության հետ ամուր կապեր ունեն (ավելին՝ եթե չեն գործում իշխանական բարձրագույն շերտի հովանավորության ներքո), եւ նրանց հետ «գործ » ունենալը շատ բարդ է: Ես կանգ կառնեմ այստեղ, քանի որ այն էապես դուրս է սույն հոդվածի շրջանակներից եւ գործ ունի փոփոխությունների իրականացման համար բավականաչափ քաղաքական կամքի դրսեւորման հետ, եւ ոչ այնքան` տնտեսական քաղաքականության:

Հաղթողներ եւ պարտվողներ

Ամփոփելով` նշեմ, որ կրկին կշեշտեի այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունն իրականացնող մարմինները հնարավորություն են ունեցել կիրառելու նշյալ 7 տնտեսվարման տարբերակներից ցանկացածը եւ, հավանաբար, նաեւ այլ տարբերակներ՝ տնտեսության վրա ազգային արժույթի արժեւորման բացասական հետեւանքները մեղմելու նպատակով: Իհարկե, խնդրի հաղթահարման համար տնտեսվարման մի քանի տարբերակներ ձեռքի տակ ունենալու դրական կողմն այն է, որ պարտադիր չէ անընդհատ հետեւել դրանցից միայն մեկին: Փոխարենը քաղաքականություն իրականացնող մարմինը կարող է հենվել այդ տարբերակների ցանկացած խելամիտ համակցության վրա, տարբերակներ, որոնց միաժամանակյա իրականացումը (ի շնորհիվ այս միջոցների փոխհարստացման) կհանգեցնի խնդրի լուծմանը: Ցավոք, իմ տեսանկյունից, իրականացված քայլերը մեծապես ոչ ադեկվատ են եղել, եւ մենք դեռեւս պետք է քաղենք այդ սխալների պտուղները ամիսներ, եթե ոչ՝ տարիներ շարունակ: 

Այսպիսով, ի՞նչն է վտանգի տակ, եւ ովքե՞ր են այստեղ հաղթողներն ու պարտվողները: 

Պարտվողներ

-Արտահանողները (մրցունակության կորուստ) եւ բնակչության այն հատվածը, ում կենսաապահովումը կախված է արտահանման հատվածից (աշխատատեղերի կորուստ, աշխատավարձերի կրճատում): 
-Տնային տնտեսություններ, որոնք արտարժույթով դրամական փոխանցումներ են ստանում արտերկրից (փոխանցված դրամի գնողունակության անկում): 
-Կենտրոնական բանկ (վստահության կորուստ): 

Հաղթողներ 

-Ներմուծողներ: 

Թեեւ ես չեմ միանում այն կարծիքին, ըստ որի փոխարժեքի արժեւորումը միտումնավոր է իրականացված եւ հարում է փոքրաթիվ, բայց հզոր ներմուծողների շահերին (գուցեեւ սա անարդարացի մեղադրանք է), սակայն կարծում եմ` այն փաստը, որ քաղաքականության իրականացման համար պատասխանատու մարմինները չեն կարողացել պատշաճ կերպով արձագանքել եւ խնդրին լուծում տալ՝ կանխելով անցանկալի հետեւանքները, հավասարապես բացասական կարող է դիտվել: Ի վերջո, արդյունքը նույնն է՝ ներմուծողներն ավելի են հարստացել մնացյալ տնտեսության հաշվին, այնինչ քաղաքականություն իրականացնող մարմինները կարող էին կանխել դա: Ո՞վ պետք է մեղադրվի: Ցավում եմ, բայց սա եւ շատ նման հարցեր անպատասխան են մնում այսօրվա Հայաստանում:

Նժդեհ Մելքոնյանը տնտեսագետ է, ապրում է ԱՄՆ- ի Ինդիանա նահանգում եւ մասնագիտանում է տնտեսական զարգացման հարցերում` ներառյալ անցումային տնտեսությունների ոլորտը:

Հոդվածը թարգմանված է անգլերենից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter