
Վերին Դվինի ասորական համայնքը
Երեւանցի Սուսաննա Քալաշյանը նոր էր փոխադրվել ութերորդ դասարան, երբ նրան«փախցրեցին» հենց դպրոցի ճանապարհին: «Փախցնողը» ասորի էր, Վերին Դվին գյուղի բնակիչ: Այդ օրվանից անցել է արդեն քառասուն տարուց ավելի: Սուսաննան ունի չորս երերխա եւ տասնմեկ թոռ, իսկ ամուսինը վաղուց արդեն կենդանի չէ:
Սուսաննան լավ հասկանում է ասորերեն, բայց չի խոսում: «Շատ էի ուզում սովորել ամուսնուս մայրենի լեզուն, բայց խոսել չէր ստացվում, լեզուս փաթ էր ընկնում,- ասում է նա: - Երեւի իմ լեզուն չէ»: Ամուսինը ո՛չ Սուսաննային, ո՛չ երեխաներին եբեք չի ստիպել շփվել ասորերեն: Երեք ավագ երեխաներն իրենց ասորական արմատներին վերաբերվում են նույնքան անվրդով, որքան հայկական արմատներին: Իսկ կրտսեր որդին, Սուսաննայի պատմելով, մինչեւ ուղնուծուծն ասորի է. ողջ ազատ ժամանակը նվիրում է ասորական մշակույթի եւ պատմության ուսումնասիրությանը:
Արարատի մարզի Վերին Դվին գյուղում բնակվում է ասորական ամենամեծ համայնքը Հայաստանում: 2700 բնակչից 2000-ն ասորի են: Սուսաննայի ամուսնությունը միակ այդպիսինը չէ գյուղում: Հայերի եւ ասորիների միջեւ խառն ամուսնություններն այստեղ շատ տարածված են: Վերին Դվինի փողոցներով քայլելիս այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում չես: Բայց դա այն պատճառով է, որ բոլորն ասորերեն են խոսում: Ասորական լեզվի, պատմության եւ գրականության (որպես մեկ առարկա, մինչեւ տասնմեկերորդ դասարան) ժամերը պարտադիր են ոչ միայն ասորի, այլեւ հայ աշակերտների համար: Իսկ մնացածում ասորիները գրեթե չեն տարբերվում հայերից: Նույն սովորույթներն են, ընտանեկան արժեքները եւ ապրելակերպը: Հայերի հետ ձուլմանն իրենք` ասորիները, հանգիստ են վերաբերվում:
«Դա բնական է,- համարում է գյուղապետարանի քարտուղարուհի Մելինե Տամարազովան:- Ե՞րբ է ազգը ձգտում իրեն պահպանել: Երբ իրեն ճնշում են սփյուռքում: Իսկ եթե վերաբերմունքը բարյացակամ է, ասիմիլյացիան ինքնըստինքյան է կատարվում»:
Հայերի եւ ասորիների հարաբերությունները (մերթ բարեկամական, մերթ թշնամական) հազարամյակների պատմություն ունեն: Սակայն այժմյան Հայաստանի տարածքում ասորիները հայտնվել են հիմնականում տասնիններորդ դարում եւ քսաներորդ դարի սկզբին: Առաջին մեծ հոսքը 1828 թվականին էր` Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ Թուրքմենչայի հաշտության պայմանագրից հետո: Բազմաթիվ ասորիներ Պարսկաստանից տեղափոխվեցին Ռուսաստան, այնտեղից էլ` Հայաստան: Երկրորդ ալիքը Թուրքիայից էր` Հայոց Եղեռնի ժամանակ, որի ընթացքում զոհվել է նաեւ բազմաթիվ ասորիներ (թիվը տատանվում է 275.000-ից մինչեւ 700.000): Ասորիներն այստեղ են փախել հայերի հետ` զորավար Անդրանիկի աջակցությամբ:
Մինչ անկախության ձեռքբերումը Հայաստանում ապրում էր մոտ 7000 ասորի (հիմնականում բնակվում էին Վերին Դվին, Դիմիտրով, Արզնի գյուղերում եւ Երեւանում): Հիմա շատերը լքել են Հայաստանը` մեծամասամբ մեկնելով արտագնա աշխատանքի Ռուսաստան եւ Ուկրաինա, որտեղ «ամեն ինչ ավելի էժան է, եւ դոլարի կուրսը բարձր է»: Վերին Դվինի բնակչության մեծ մասն այժմ Ուկրաինայի Կախովկա գյուղում է, որտեղ ստեղծել է «Փոքր Վերին Դվին»:
![]() |
![]() |
Վերին Դվինում ցերեկվա ժամերին հայտնվելիս թվում է, թե այստեղ միայն երեխաներ են ապրում: Մեծերն առավոտից դաշտում են եւ վերադառնում են մթնելուց հետո: Երեխաները դասերից հետո նույնպես գնում են դաշտ` մեծերին օգնելու: «Դաշտը» հիմնականում բոստաններ են, որտեղ գյուղացիները ցանում են իրենց անհրաժեշտ կուլտուրաները եւ շատ հազվադեպ են դրանք հանում վաճառքի:
Սուսաննան բողոքում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դասերը գյուղի Պուշկինի անվան ռուսական դպրոցում քառասունհինգ րոպեից կրճատվում են մինչեւ քառասուն րոպե, որպեսզի երեխաները հասցնեն օգնել ծնողներին բերքահավաքին: Իր թոռնուհու` տասնվեցամյա Սուսաննայի դասարանի քսանութ աշակերտից գրեթե բոլորը գնում են բոստաններում աշխատելու, ոմանք օրերով դասի չեն գալիս, սակայն տատիկը թույլ չի տալիս իր թոռնիկներին բաց թողնել դասերը:
Վերին Դվին գյուղում գործում է երկու պարային ասորական համույթ` մեծերի` «Նինեվիա», եւ դպրոցական` «Արբելա»: Աշնանային ամիսներին փորձ գրեթե չեն անում, եթե ելույթի չեն պատրաստվում: Խանգարում է դարձյալ բերքահավաքը: Տասնհինգամյա Սոնա Պետրովան, ով պարում է «Աբելայում», ասում է, որ համույթը ելույթ է ունենում հիմնականում Հայաստանի ազգային փոքրամասնություններին նվիրված փառատոններին:
Սոնան պատմում է, որ եթե պարերը չլինեին, երիտասարդները գյուղում առանձնապես անելիք չունեն, միայն բոստաններն են եւ շինարարության վրա աշխատաքը, եթե ինչ-որ բան կառուցում են: Դրա համար էլ երիտասարդները ձգտում են քաղաք գնալ:
Վերին Դվինից Երեւանում սովորում է երեսունյոթ ուսանող: Նրանք հիմնականում ամեն օր դասերից հետո վերադառնում են գյուղ: Քաղաքում մնում են միայն նրանք, ովքեր բարեկամներ ունեն այնտեղ:
Գյուղապետ Լյուդմիլա Պետրովան հավաստիացնում է, որ չնայած Վերին Դվինն ունի նույն խնդիրները, ինչ որ ցանկացած այլ գյուղ, սակայն այն կառավարության եւ հատկապես Արարատի մարզպետարանի ուշադրության կենտրոնում է: Արդեն երկու տարի է ասորական այբբենարանները, որոնք նախկինում բերվում էին Ռուսաստանից, տպագրվում են նաեւ Հայաստանում: Մինչեւ հաջորդ գարուն խոստացել են ասֆալտապատել ճանապարհները: Ներկայումս վերանորոգվում է Մշակույթի տան շենքը, ուր տեղակայված են գյուղապետարանը, փոստային ծառայությունը, բուժկետը եւ գրադարանը:
Փոստային ծառայության համար պատրաստվում են առանձին շենք կառուցել: Լյուդմիլա Պետրովան հույս ունի, որ մոտ ապագայում բուժկետն էլ կառանձնանա: Դա գյուղի հիմնախնդիրներից է: Բուժկետն ապահովված է լավ տեխնիկայով, այստեղ աշխատում են մեկ բժիշկ եւ երեք բուժքույր: Սակայն բուժկետին հատկացված երեք սենյակը չի բավարարում: Օրինակ` գինեկոլոգիական աթոռը հավաքած վիճակում է տեղի բացակայության պատճառով:
![]() |
![]() |
Վերին Դվինում գործում է երկու ասորական եկեղեցի: Մեկը Շառան Հայաստանի Արեւելքի ասորական կաթոլիկության սուրբ առաքելական եկեղեցին է` կառուցված դեռ1828 թվականին, մյուսը` Մարեզը, ուղղափառ է: Եթե Հայաստանն առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, ապա ասորիները քրիստոնեությունը դեռ առաջին դարում ընդունած առաջին ազգն են: Ասորիներն ի սկզբանե նեստորիացիներ էին: Պարսկաստանից Ռուսաստան եկած ասորիներն ընդունել են ուղղափառություն: Եղեռնի ժամանակ Հայաստան գաղթածները որոշ ժամանակ պահպանել են իրենց նեստորիական հավատքը (նեստորացիները Հիսուսին դիտարկում են իբրեւ երկու առանձին անձ` մարդ Հիսուսը եւ Աստծո Որդին): Սակայն այժմ հայաստանաբնակ ասորիները կամ ուղղափառ են, կամ դավանում են կաթոլիկություն:
«Շառայում» դրված է միայն խաչ, ինչպես նեստորացիների մոտ, Մարեզում կան սրբապատկերներ:
Վերին Դվինում հայկական եկեղեցի չկա, սակայն դրա կարիքն էլ չկա. հայերը հաճախում են ասորական եկեղեցիներ, եկեղեցիների տոնին (հուլիսի 3-ին եւ հունիսի 14-ին) մասնակցում են նաեւ հարեւան հայաբնակ Ներքին Դվին գյուղի բնակիչները: Ժամերգությունը եւ պատարագը կատարում է մի քանի տարի առաջ Իրաքից եկած երիտասարդ հոգեւոր առաջնորդ Իսահակ Թամրազը:
Ասորիների եւ հայերի կրոնական տոները գրեթե նույնն են, միայն որոշ տոներում օրերի տարբերություն կա:
Եթե հարցնես յուրաքանչյուր ասորու, արդյոք նա երազու՞մ է սեփական հայրենիքի ստեղծման մասին, պատասխանը միանշանակ դրական կլինի: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նրանք կտեղափոխվեն նոր Ասորեստան, եթե այն ստեղծվի, Վերին Դվինի բնակիչներն անվստահ պատասխանում են. «Դժվար հարց է, գիտե՞ք, չէ՞ որ Հայաստանը մեր հայրենիքն է»:
Մեկնաբանել