Բումերանգի ռուսական էֆեկտը
Կազանում անցած շաբաթ կայացած եռակողմ հանդիպման անարդյունք ելքը բխում էր թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի շահերից:
Եւ Երեւանը եւ Բաքուն այդ հանդիպմանը գնացել էին ոչ թե ստորագրելու սեղանին դրված, արդեն վերջնական տեսքի բերված մադրիդյան փաստաթուղթը, այլ վիժեցնելու այն: Հայաստանին դա պետք չէր, որովհետեւ արդյունքում ընդամենը անորոշ հեռանկարում, անորոշ տարածքում, անորոշ ձեւակերպմամբ ինքնորոշման հարցում անցկացնելու խոստման դիմաց Ադրբեջանին էր հանձնելու ազատագրված տարածքները: Իսկ Ադրբեջանին` որովհետեւ որդեգրել եւ անշեղորեն իրականացնում է Հայաստանին մինչեւ վերջ քամելու, ամեն ինչ միանգամից ստանալու մաքսիմալիստական ծրագիր:
Միակ կողմը, որին Կազանի հանդիպման նման ելքը ձեռնտու չէր, 2008-ից բանակցային գործընթացում գրեթե միանձնյա միջնորդական առաքելություն ստանձնած Ռուսաստանն է: Կազանը հստակ ցույց տվեց, որ տարածաշրջանում իր անվերապահ ազդեցության ողջ պոտենցիալով հանդերձ` Մոսկվան ի վիճակի չէ բանակցող կողմերին հանգեցնել դիրքորոշումների գոնե որոշակի մերձեցման: Բանակցային գործընթացում ռուսական «դարաշրջանը» ակնհայտորեն մոտենում է ավարտին, եւ սա շատ լավ հասկանում են բոլորը: Մոսկվան ստեղծված իրավիճակից իր անբավարարությունն արդեն սկսել է արտահայտել` լուրջ ջղաձգություններ ցուցաբերելով:
Նախ` «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, գրեց, թե Մեդվեդեւն այնքան է հիասթափվել Կազանի հանդիպումից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ անգամ վերջնագիր է ներկայացրել երկու նախագահներին: Այս գործելաոճի պատճառները հասկանալի են. Մոսկվան չէր կարող իր հիասթափությունն արտահայտել բացեիբաց, որովհետեւ դա հավասարազոր էր լինելու կապիտուլյացիայի:
Մի բան, որին Ռուսաստանը երբեք չի գնա: Փոխարենը նա գործի է դրել իր այսպես կոչված փորձագիտական «հրետանին»` դրա միջոցով անուղղակիորեն սպառնալով, թե եթե Մոսկվան հանկարծ որոշի «ձեռքերը լվանալ» բանակցություններից, պատերազմը կդառնա անխուսափելի: Եվ որպեսզի այս թեզն ավելի համոզիչ հնչի, նույն փորձագիտական «ստորաբաժանման» միջոցով ռուսական միջնորդության ձախողման քավության նոխազ է դարձվում ԱՄՆ-ն` Իրանի դեմ ռազմական արշավ սկսելու իր ծրագրերով ու ԼՂ հակամարտության գոտին դրա պլացդարմը դարձնելու նկրտումներով: Երեւան-Մոսկվա վերջին արբանյակային տեսակամուրջում հենց այս գաղափարներն էին զարգացնում ռուս փորձագետներ Սերգեյ Միխեեւն ու Վլադիմիր Զախարովը:
Հուսահատությունից ու անելանելիությունից ծնված Մոսկվայի այս ձեռնարկումները հասկանալի են. իր այս ձախողմամբ Ռուսաստանը թե ԱՄՆ-ին եւ թե Եվրամիությանը նախաձեռնողականությունն իրենց ձեռքը վերցնելու իրական հնարավորություն է ընձեռում: Իսկ այդ դեպքում Մոսկվան կամ վերածվում է պարզ հանդիսատեսի կամ, Իրանի հետ նոր դաշինք կազմելով, սկսում է ներքուստ տորպեդահարել Արեւմուտքի ջանքերը:
Վերջինս իր հերթին ամբողջությամբ մադրիդյան գործընթացի վրա հենվելու ռեսուրս չունի` մի կողմից հաշվի առնելով Ռուսաստանի ձախողման փորձն ու նույն թակարդն ընկնելու հեռանկարը, մյուս կողմից` այն ակնհայտ իրողությունը, որ այդ գործընթացը ոչ թե մերձեցնում է բանակցող կողմերի դիրքորոշումները, այլ դրանք ավելի ու ավելի է հեռացնում իրարից: Այսինքն` սա կարգավորման նոր մեխանիզմներ գտնելու, բանակցությունները շարունակելու, նոր բանաձեւեր մշակելու խնդիր է առաջացնում:
Այս գիտակցումն Արեւմուտքում արդեն ձեւավորվում ու հաստատվում է: Նախ` ԱՄՆ Պետդեպարտամենտը օրերս առանց այլեւայլությունների հայտարարեց, թե հիասթափված է կազանյան բանակցությունների նման ելքից: Այդ հիասթափությունը ոչ այնքան բանակցողներից էր, որքան Մոսկվայից: Վաշինգտոնը այդպիսով հասկացրեց, որ ռուսական խաղը մոտենում է ավարտին:
Չի կարելի բացառել, որ Կազանում կողմերը որեւէ փաստաթուղթ չստորագրեցին` շատ լավ հասկանալով միջնորդների միջեւ ստեղծված իրավիճակի նրբությունները: Դրա ազդանշանները Արեւմուտքը տվեց հենց Կազանի հանդիպման նախօրեին Եվրախորհրդարանում ԼՂ հարցով լսումներ կազմակերպելով եւ դրա ընթացքում մի քանի հստակ ուղերձներ հնչեցնելով:
Նախ` ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ եթե Կազանում հաջողություն ամրագրել չհաջողվի, միջնորդները ստիպված են լինելու կարգավորման նոր հայեցակարգ ներկայացնել: Իսկ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ուղղակիորեն հայտարարեց, թե դեմ չի լինի, եթե հակամարտության կարգավորման գործընթացում Եվրամիությունը նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը:
Այս ամենի ֆոնին բնավ պատահական չէր, որ ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ համանախագահող երկիրը` Ֆրանսիան, ոչ միայն Կազանի կապակցությամբ հիասթափություն չհայտնեց, այլեւ արտգործնախարարության մակարդակով պաշտոնապես հայտարարեց, թե գործընթացը շարունակվում է, եւ որ առաջիկայում տեղի է ունենալու ՄԽ համանախագահողների այցը տարածաշրջան:
Չի կարելի բացառել, որ սրանք կարգավորման բանակցային գործընթացում Ֆրանսիայի դեմքով ԵՄ-ի ակտիվացման առաջին նշաններն են: Նման սցենարը ԱՄՆ-ին ձեռնտու է այնքանով, որ ԼՂ կարգավորման գործընթացում ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանային կայունության ավելի ռեալ երաշխիքներ է տալիս:
Անցած երկու տարիների ընթացքում ԵՄ-ն հետեւողականորեն նախապատրաստվում էր` պրոցեսի մեջ ներգրավվելու: 2010-ի մայիսին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց ԼՂ մասին, իսկ մեկ տարի անց` 2011-ի ապրիլին, նոր բանաձեւով հարավկովկասյան չճանաչված պետությունների հետ ուղղակի շփումներ հաստատելու եւ այդ տարածքներում հումանիտար ծրագրեր իրականացնելու խնդիր դրեց ԵՄ-ի առջեւ: Իսկ ԼՂ հարցով Եվրախորհրդարանի լսումները հակամարտության կարգավորումը ԵՄ-ի մանդատի տակ տեղափոխելու անթաքույց հայտ էր:
Եթե նկատի առնենք, որ անցած երկու տարվա ընթացքում ԵԽ-ն մի քանի անգամ հայտարարել է ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հայտնի սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին, ապա նրա ինտեգրացիոն քաղաքականության, համագործակցության միջոցով հակամարտությունների կարգավորման վաղեմի փորձի, բազմաթիվ ծրագրերով տարածաշրջանի երկրներում արդեն իսկ ամուր արմատներ գցած լինելու իրողությունների համադրությունը կարող է բանակցային գործընթացը բոլորովին նոր ու ավելի կառուցողական հունի մեջ գցել:
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, թե արդյո±ք դա կհանգեցնի բանակցությունների ձեւաչափի փոփոխության, եւ արդյո՞ք Ռուսաստանը կհամակերպվի իրեն վերապահվող համեստ դերակատարության հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել