HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտում հաղթեց տնտեսական շահը

Պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը դարձավ իրողություն

Նոյեմբերի 3-ին Թեղուտ գյուղում «Վալլեքս գրուպ»-ը հանդիսավոր կերպով ազդարարեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի կառուցման շինարարության մեկնարկը: Արարողությանը մասնակցում էր վարչապետ Սերժ Սարգսյանը:

Շքեղ տոնակատարության համար ոչինչ խնայված չէր: Փողային նվագախումբը, բարձրախոսով քարոզվող հանքավայրի կառուցման կարեւորության կոչերը, տոնականորեն զարդարված երկար սեղաններից անդին ծխացող խորովածի ծուխը, հայ երգարվեստի աստղերի համերգը այն տպավորությունն էին ստեղծում, թե արարողության կազմակերպիչները խնդիր են ունեցել թեղուտցիներին շշմեցնելու, թե` այ այսպես, հանքավայրի շահագործումից հետո Թեղուտում «կյանքն ուրախ, ապրուստն էլ ձրի է լինելու»: 

Կատարվեց հիմնարկեքի արարողություն: Բացվեց քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած ցուլի արձանը: Ինքը` քանդակագործը, իր ստեղծած ցուլը ներկայացրեց որպես ուժի, հզորության եւ հավերժի շարժման խորհրդանիշ: Սեւ ցուլի արձանի մեջ, սակայն, մեկ այլ խորհուրդ կար. ցուլը նաեւ անողոք ու դաժան ուժի սիմվոլն է: Թե «Վալլեքս»-ի այդ ցուլն ինչպես կավերի բնությունը, ցույց կտա ապագան:

Հանքավայրի բացման մասին թեղուտցիները խոսում են լավ ապագայի ակնկալիքով: Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանը, ինչպես իր ղեկավարած գյուղի բնակիչները, անտեղյակ էր հանքավայրի շահագործման հետ կապված բնապահպանական հիմնախնդիրներից: Չէր պատկերացնում, որ բաց հանքից փոշու հետ նաեւ գազի արտանետումներ են լինելու: «ԻՆձ թվում է` այստեղ գազ չի լինելու, ի՞նչ գազի մասին է խոսքը, այստեղ ձուլարան չկա, ոչ մի գազի արտանետում չի լինելու»,- վիճում էր նա: Համայնքապետը հանքավայրի շահագործումից առաջին հերթին ակնկալում է համայնքի բյուջեի մուտքերի ավելացում, մարդկանց կենսամակարդակի բարձրացում: 

«Ճիշտ է, հնարավոր է որոշ բնապահպանական խնդիրներ առաջանան, բայց մենք վստահ ենք` համայնքի հետ կպայքարենք, որ դրանք քիչ լինեն»,- ասաց Հ. Մելիքսեթյանը: Պայքարի ձեւերի մասին նա իր պատկերացումներն ունի. «Ընկերությունը մեզ հետ հազար ու մի խնդիր ունի, այդ խնդիրները չեն լուծվի, մինչեւ մեր ուզածով չլինի»: Իսկ թե հանքավայրի շահագործմամբ իր հաշվարկով որքա՞ն կկազմեն համայնքի բյուջեի մուտքերը, գյուղապետը չգիտեր, բայց համոզված էր, որ Հայաստանի ամենահարուստ համայնքներից մեկը Թեղուտը կլինի, մյուսը` Շնողը: 

Զավեշտական են Թեղուտի համայնքապետի ընկալումները հայրենի գյուղի անտառների զանգվածային ոչնչացման մասին. «Անտառների խնդիրն, իհարկե, բնապահպանական մեծ խնդիր է, դա էլ գիտենք, որ վերջին 15 տարում Հայաստանում հարյուրապատիկ անգամ ավելի անտառ է հատվել, որը ոչ մի օգուտ էս երկրին չի բերել»,- բացատրում էր գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը: 

Թեղուտի դպրոցի տնօրեն Վառլեն Բաբայանը գտնում է, որ բնության մեջ մարդը նախ պետք է կարողանա ապրել, հետո` արարել: «Գիտեք ինչ, մենք այգիներ ունեինք, որ խորհրդային տարիներից հետո չորացել են գյուղի նկատմամբ վերաբերմունքի բացակայության պատճառով, հիմա գիգանտ ձեռնարկությունը կարող է օգնության ձեռք մեկնել»,- ասում է Վ. Բաբայանը: 

Հանքավայրի շահագործումից մեծ է նաեւ կառավարության ակնկալիքը: Հանքավայրն ունի 400 մլն տոննա հանքաքարի պաշարներ, որի արդյունահանումը Հայաստանին կարող է բերել տարեկան 100մլն դոլար: Լրագրողներին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Թեղուտի հանքավայրի տնտեսական նշանակությանը, ասաց. «Թեղուտը Հայաստանի ամենախոշոր տնտեսական ծրագրերից մեկն է 300մլն դոլարի համարժեք ներդրումով: Հանքավայրի շահագործման արդյունքում Հայաստանի համախառն արտադրանքը կավելանա 1- 1,5%-ով: Առաջին փուլում կստեղծվի 2000 աշխատատեղ»: Դրանով, ըստ վարչապետի, Հայաստանի հյուսիսային մասում աշխատատեղերի խնդիր այլեւս չի լինի: Զարմանալին այն է, որ հանքավայրի շահագործման առաջին փուլում ընկերությունն իր ծրագրում ակնկալում է 1280 աշխատատեղ, իր ելույթներում Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ակնարկում էր 1700-ի մասին, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը` 2000 աշխատատեղ: 

Լրագրողների` Թեղուտի բնապահպանական խնդրին վերաբերող հարցերին ի պատասխան` վարչապետը կարեւորեց ձեռնարկատիրոջ դերը եւ աշխատանքների ճիշտ կազմակերպումը: Ասաց, որ անհանգստանալու որեւէ կարիք չկա, քանի որ կառավարության որոշման մեջ սահմանված են խաղի կանոնները: Թեղուտի հանքավայրի շահագործումն այլեւս իրողություն է: Ակնհայտն այն է, որ հանքավայրի շահագործումը Թեղուտում կոչնչացնի բնությունը, շրջակա միջավայրին հասցվող վնասը դրամական արտահայտությամբ կկազմի 2.078 մլրդ դրամ, առանց մարդկանց առողջությանը հասցված վնասի գնահատման: 

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն իր տոնական ելույթում ասաց. «...Այն մտայնությունը, որ հանքավայրի շահագործումն իր հետ կբերի բնապահպանական լուրջ խնդիրներ, հօդս կցնդեն»: Մարզպետը համոզված է, որ ընկերության ղեկավարությունը կկատարի ծրագրով ամրագրված իր պարտավորությունները, որոնք միտված են բնապահպանական խնդիրների լուծմանը: Ստիպված ենք հիշեցնել մարզպետ Քոչարյանին, որ «Վալլեքս գրուպ»-ին պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանից 2006 թ. Ալավերդու մթնոլորտ պաշտոնական տվյալներով արտանետվել է 26,7 հազար տոննա միայն ծծմբային անհիդրիդ, այն դեպքում, երբ դրա տարեկան հիգիենիկ նորման 1,18 հազար տոննա է: 

Բնապահպանության նախարարությունն ընկերությանը ժամանակավորապես թույլատրել է տարեկան արտանետել 15,6 հազար տոննա ծծմբային անհիդրիդ (2006 թ.): Այդ քայլով նրան արտոնվել է չվճարել խոշոր տուգանքներ, որպեսզի այդ գումարներով կարողանա բնապահպանական տեխնոլոգիաներ տեղադրել եւ քաղաքի մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերի քանակը համապատասխանեցնել ընդունված նորմատիվներին: Այդ ժամանակը սպառվում է 2008-ի վերջին, սակայն մինչեւ օրս ոչ մի միջոցառում չի իրականացվել, քանի որ այն չի վերահսկվել ո՛չ մարզում կառավարությունը ներկայացնող մարզպետի, ո՛չ էլ հասարակության կողմից: Ու քանի որ ներդրողի բնապահպանական պարտավորությունները չեն վերահսկվում, դրանք երբեք էլ չեն կատարվի: 

«Բնապահպանական հիմնախնդիրների վերահսկման պատասխանատուն,- ըստ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի,- պետությունն է: Մենք ունենք հատուկ կառույց` բնապահպանության նախարարություն, որը Թեղուտի հարցերով պետք է մտնի օրենքի շրջանակների մեջ, բնապահպանության նախարարությունը Թեղուտի հանքերի վերաբերյալ չի ընդունել պրոֆեսիոնալ որոշում, իսկ հիմա մենք չունենք նորմալ մեխանիզմներ, որոնք պետք է վերահսկեն հանքավայրի շահագործման գործընթացը, հարց է ծագում` ո՞վ կկատարի բնապահպանական ծրագրերը, երբ շփվում ենք բնապահպանական տեսչության հետ, անընդհատ լսում ենք` աշխատող չունենք, էլ ինչպե՞ս կվերահսկեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter