HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի կնոջ պատմություն

Երեւանի Նոր Արեշ թաղամասի N փողոցը կարծես կենդանացած լինի մարդկային ճակատագրերի մասին հանճարեղ գրող Նար-Դոսի պատմվածքներից։ Նեղ, քանդված ճանապարհներով այս թաղամասում արձակած ցնցոտիներով, վայրի հայացքով, կիսադատարկ շիշը ձեռքին հարբեցողի ետեւից ոչ ոք չի շրջվի. սովորական բան է։

 Հայհոյանքով համեմված զրույցն այստեղ միանգամայն բնական է, ապտակով կամ նույնիսկ ոտքի հարվածով երեխային տրված հրամանը՝ անհրաժեշտություն։ «Կինը խոհանոցից վիզայով է դուրս գալիս» ինչ-որ մեկի արած եւ արդեն հայտնի դարձած արտահայտությունը միանգամայն ակտուալ է մեծամասամբ Բաքվից և Կիրովաբադից եկած փախստականներով բնակեցված այս փողոցում։

Փողոցի՝ իրար կողք շարված սեփական տներից մեկում ապրում է մի կին՝ Նաիրուհի անունով։ Նուրբ դիմագծերով, փոքրիկ մարմնով այս կինը տարբերվում է իր հարեւանուհիների մեծ մասից։ Նա այն մարդկանցից է, ովքեր ապրում են իրենց սեփական ներաշխարհում ամփոփված, երբեք ինքնուրույն որոշումներ չեն ընդունում, նույնիսկ եթե այն իրենց սեփական կյանքին է առնչվում, եւ ում կյանքը դասավորվում է հանգամանքներից, որոնք ղեկավարում են ուրիշները։ 

Նա ծնվել է 43 տարի առաջ Եղեգնաձորի Չիվա գյուղում։ Կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանում Սոչիի համալսարանի մասնաճյուղը՝ հյուրանոցի ադմինիստրատոր մասնագիտությամբ եւ տեղավորվել աշխատելու Ջերմուկ քաղաքում։ Իր հասակակիցների՝ ամուսնանալու բաղձալի երազանքի հանդեպ Նաիրուհին անտարբեր էր։ Նա, իհարկե, ուզում էր երբեւիցե երեխա ունենալ։ Որ շարունակություն լինի, որ օր ծերության միայնակ չմնա։ Իսկ տղամարդն այստեղ դիտարկվում էր սոսկ որպես այդ ցանկության իրականացման համար անհրաժեշտ տարր։  

Երբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը, Նաիրուհու մոտ առաջացավ մեկ այլ երազանք, ոչ պակաս ուժեղ՝ մասնակցել պատերազմին։ 1989 թվականի օգոստոսին նա, առանց որեւէ մեկին զգուշացնելու, մեկնեց Ստեփանակերտ եւ  ընդունվեց մանկավարժական ինստիտուտ։ Բայց պատերազմն իրականում շատ ավելի սարսափելի էր, քան իր ամենահամարձակ երեւակայության մեջ։ Պայթյուններ, կրակոցներ, անդադար դժոխային աղմուկ։ Հյուրանոցում չկա տեղ, եւ նա նեղլիկ մահճակալը կիսում է մի տարեց կնոջ հետ Գյումրիից, ով կորցրել է հարազատներին Սպիտակի երկրաշարժի ժամանակ՝ մեկ տարի առաջ։ Հյուրանոցում տոթ է ու կեղտոտ։ Այս բոլորին գումարվում են ծնողների, հինգ քույրերի ու եղբայրների հեռախոսազանգերը՝ ի՞նչ ես անում այդտեղ մենակ։ Գժվե՞լ ես։ Շուտ տուն արի՛։ 

Նաիրուհին վերադարձավ։ Նրան ընդունեցին աշխատանքի Եղեգնաձորի հյուրանոցում։ Մի օր գնաց ծնողներին այցելության։ Նաիրուհու ծնողները տարվա մեծ մասն անցկացնում էին սարերում՝ գյուղից հեռու։ Եղբայրներն ու քույրերը սփռված էին ողջ Հայաստանում, իսկ եղբայրներից մեկն ապրում էր Ռուսաստանում։ Ծնողներին հաճախ չէր ստացվում այցելել։ 

Հայրը բողոքեց. «Մարդն էլ վեց երեխա մեծացնի, ու հիմա ոչ ոք չգա, դուռդ չթակի, չասի՝ ո՞նց ես»։ Այդ բառերը մխրճվեցին Նաիրուհու սրտում։ Որքա՜ն միայնակ են նրանք իրենց զգում, նա երբեք չպետք է թողնի նրանց։ Հրաժարվելով հյուրանոցի, հետո էլ՝ հարազատ գյուղի դպրոցում աշխատանքից՝ նա մնաց ծնողների հետ սարերում։ Օգնում էր նրանց տնտեսության մեջ, գրում էր բանաստեղծություններ, ձիու վրա սլանում էր ընդարձակ դաշտերով։ Անցավ մի քանի տարի։ Հայրը մահացավ, և մոր հետ վերադարձան Չիվա։ Ապրում էին եղբոր ընտանիքի հետ նույն տանը։ Նաիրուհին տեղավորվեց դպրոցում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի: Անգլերենին բավականին լավ էր տիրապետում, պարտադիր առարկա էր հյուրանոցային գործ ուսումնասիրելիս։ Նա արդեն երեսուն տարեկան էր, եւ մայրն անընդհատ մատնանշում էր այս կամ այն նախկին դասընկերուհուն, որ ամուսնացավ, ընտանիք կազմեց՝ ի տարբերություն իր դստեր։ 

Մի օր Նաիրուհին դպրոցում էր, երբ լուր հասավ, թե իրեն Երեւանից եկել են տեսնելու։ Պոտենցիալ փեսացուին ուղեկցել էր Նաիրուհու վաղեմի ծանոթը։ Տղան համակրելի էր, լավ հագնված, քչախոս։ Նաիրուհուն նա դուր չեկավ առաջին իսկ հայացքից։ «Քաղաքի պիժոն է»,- արհամարհական շշնջաց մորը։ Սակայն տղային՝ Սարգիսին անմիջապես հավանեցին Նաիրուհու հարազատները, հատկապես մայրը։ «Թող այդպես լինի»,- որոշեց ամուսնությանը նախկինի պես կարեւորություն չտվող Նաիրուհին, ու մեկ շաբաթից հարսանիքը կայացավ։ Նրանց ամուսնությունը քաղաքացիական էր։ Հարսանիքին պարզվեց, որ տղան մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել, կինը փախչել է նրանից՝ «սրբելով, տանելով ողջ տունը»։ Այդ պատճառով տղան զգուշանում էր օրինական ամուսնությունից։ 

Սարգիսը հիմնականում աշխատում էր շինարարության վրա, բայց «ոսկե ձեռքեր» ուներ ցանկացած արհեստում։ Նրանց ամուսնության առաջին իսկ օրերին էլ բացահայտվեց Սարգիսի առաջին կնոջ հեռանալու պատճառը. Սարգիսը մոլագար հարբեցող էր տասը տարեկանից։ Պարզվեց, որ նրան չորրորդ դասարանում հեռացրել են դպրոցից խուլիգանության համար։ Նաիրուհու համար  այդ հանգամանքն արդեն մեծագույն ամոթ էր այն տարիներին,երբ անգամ միայն ուսումնարան, այլ ոչ համալսարան ավարտելն «ամոթ» էր։ Երեխան տասը տարեկանից հոր՝ ստաժավոր «ալկաշի» հետ սկսել էր աշխատել շինարարությունում ու գործարաններում։ Տղամարդկանց հետ հավասար աշխատել էր ու նրանց հետ հավասար խմել։ 

Ամուսնության առաջին ամիսներն անցան շոկի մեջ։ Սարգիսը շատ հազվադեպ էր լինում սթափ վիճակում։ Այդ ժամանակ նա խելոք, նույնիսկ խեղճ անձնավորություն էր։ Բայց երբ խմում էր, վերածվում էր վայրենի գազանի, հայհոյհում ու ծեծում էր կնոջը։ Նաիրուհին համբերում էր ու միայն լալիս։ 54 կիլոգրամից նիհարեց մինչև 39 կիլոգրամ։  

Սեփական կյանքն ու երջանկությունը հանուն երեխաների զոհելը հին հայկական ազգային հատկանիշ է։ Շատ կանայք նույնիսկ կարծում են, որ ավելի լավ է երեխան մեծանա հարբեցող հոր կողքին, քան ընդհանրապես հայր չունենա։ Սակայն Նաիրուհին ու Սարգիսը դեռ երեխա չունեին։ Պատճառը, որ կանգնեցրեց կնոջն ամուսնուց հեռանալու մտքից, ամոթն էր։ Այն միտքը, որ բոլորը գյուղում մատով ցույց կտան իրեն ու մեջքի ետևում կշշնջան՝ «բաժանված է», սարսափ էր առաջացնում։ Եղեգնաձորում դա հավասար է անբարոյականությանը։ Ամուսնալուծված կինը դատապարտված է իր հետագա կյանքն ապրել միայնակ, լավագույն դեպքում՝ ինչ-որ մեկի սիրուհու կարգավիճակով։ 

Իսկ բացի հարազատ գյուղից Նաիրուհին  գնալու ուրիշ տեղ չուներ։

«Ինչու՞,- հարցրեց նա իրեն ամուսնու հետ ծանոթացրած Մկրտիչին։- Չէ՞ որ դու գիտեիր»։
«Գիտեի։ Քեզ էլ գիտեի։ Ու համոզված էի, որ միայն դու կարող ես փրկել նրան»։ 

Ցավոք, փրկչի դերը Նաիրուհուն չհաջողվեց։ Ընդհակառակը, ինքն էլ սկսեց ընկղմվել հուսահատության ճահիճը։ Ամուսնությունից երեք տարի հետո ծնվեց նրանց տղան, մեկ տարի անց էլ՝ աղջիկը։ Եւս երեք տարի անցավ. Նաիրուհին այլեւս չդիմացավ, վերցրեց երեխաներին ու մեկնեց Ռոստով՝ եղբոր մոտ։ Այնտեղ ապրեց երկու տարի։ Գրում էր հայալեզու «Նոր դար» ամսագրի համար, բայց հոնորարը չէր բավականացնում ապրելուն։ Մի անգամ գերեզմանի քարի մշակման արտադրամասի մոտով անցնելիս հայտարարություն տեսավ, որ անհրաժեշտ են քանդակողներ։ Մտավ ու խնդրեց հնարավորություն տալ իրեն՝ փորձելու։ Առաջին անգամ ձեռքը մարմարի կտոր տվեցին եւ առաջարկեցին մեխակ քանդակել։ Հաջորդ օրը նրան վերցրեցին աշխատանքի։ Աշխատավարձն այստեղ նորմալ էր, աշխատանքը՝ հետաքրքիր։ Բայց մեկ տարի անց արտադրամասի պետը կռվի ժամանակ մարդ սպանեց ու փախավ, արտադրամասն էլ փակեցին։ Նաիրուհին երեխաների հետ դարձյալ մնաց եղբոր հույսին։ Եղբայրը դեմ չէր, երեխաներին սիրում էր իր զավակների պես, բայց նրա կնոջ համար նրանք «այն ալկաշի» երեխաներն էին, եւ նա չէր թաքցնում դա։ 

Նաիրուհին երեխաների հետ վերադարձավ Հայաստան, Եղեգնաձոր։ Նրա համար արդեն միեւնույն էր, թե մարդիկ ինչ կասեին։  Ի զարմանս իրեն՝ ոչ ոք ոչինչ էլ չասաց։ Նրան նույնիսկ աշխատանքի ընդունեցին դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցչուհի։ Այն երեք տարիների ընթացքում, որ Նաիրուհին երեխաների հետ ապրեց գյուղում, Սարգիսը ոչ մի փորձ չարեց սեփական երեխաներին այցելելու։ Հետո Նաիրուհուն ազատեցին աշխատանքից։ Նրա տեղը պետք էր եկել մեկին, ում չէին կարողացել մերժել։ Իսկ գյուղի տանը նույնպես հարս կար ու եղբոր երեխաները։ Միակ ելքը Նաիրուհին տեսավ ամուսնու մոտ վերադառնալու մեջ։ 

Հիմա Նաիրուհին աշխատում է մանկապարտեզում որպես դայակ՝ 20 000 դրամ ամսական աշխատավարձով։ Երբեմն աշակերտներ է հայթայթում, որոնք վճարում են նրան ամսական 8000 դրամ։ Դա ընտանեկան բյուջեի չնչին մասն է կազմում։ Այդ երեխաները հիմնականում պարապում են դպրոցում լավ գնահատական ստանալու համար։ Ամռանը արձակուրդ են, սեպտեմբերին դեռ դաս չեն հարցնում, հունվար-փետրվարին նույնպես, դեկտեմբերին գնահատականներն արդեն ապահովված են, պարապելու  կարիք չկա։ 

Մանկապարտեզն էլ պատրաստվում են հունվար-փետրվարին փակել՝ ջեռուցում չկա։ 

Նաիրուհու երեխաները 11 եւ 10 տարեկան են, սակայն արտաքինից մի քանի տարի փոքր են երեւում։ Երկուսն էլ շատ ընդունակ են. գերազանց սովորում են դպրոցում եւ զբաղվում են նկարչությամբ։ Իրենց հայրը երբեք ոչ մի կոպեկ չի բերում տուն, բայց տնից տանում է այն ամենը, ինչը կարելի է վաճառել եւ խմել. սկզբում հեռուստացույցը, հետո կահույքը, աթոռները, նույնիսկ վարագույր կախելու ալյումինե կառնիզը։ 

Երեխաներն արդեն մի քանի տարի դասերը սովորում են հատակին նստած։ Այդ պատճառով երկուսն էլ տառապում են ողնաշարի ծռությամբ։ Տեղական պոլիկլինիկայի բժիշկը նշանակել է մերսում, լող եւ պար, բայց այդ ամենի համար գումար է պետք։ Տղայի՝ Արմենի մոտ նյարդային սթրեսից շնչահեղձություն է առաջացել։ Երեխաներն ապրում են անընդհատ վախի մթնոլորտում։ Իրենց կյանքում մեկ անգամ միայն հայրը յուրաքանչյուրին տվեց հազարական դրամ եւ մեծահոգաբար թույլատրեց ծախսել այդ փողն, ինչպես իրենք կկամենան։ Նրանք նկարչության պարագաներ խնդրեցին։ Երեխաները միշտ նկարչության համար խնայում են այն հիսունական դրամները, որ մայրը տալիս է իրենց դպրոցում մի կտոր թխվածք գնելու համար։ Մի անգամ էլ նույնիսկ փող էին հավաքել մոր համար ժավելի սպիրտ գնելու համար, ինչով շատ էին հպարտանում։ Սակայն Նաիրուհին այդ փողով շոկոլադե բատոններ գնեց, որպեսզի երեխաները տանեն իրենց հետ դպրոց. առանց այն էլ առավոտյան չեն նախաճաշում։ Երկու օր անց Սարգիսը հաշվետվություն պահանջեց երեխաներին տված գումարի համար։ Իմանալով, թե ինչի վրա է այն ծախսվել, սկսեց գոռալ, որ «իր փողերը լափել են»։ 

Նաիրուհու տասնամյա դուստրը՝ Մարինեն, ասաց նրան. «Մամ, մեկ-մեկ, շատ հաճախ չէ,  էնքան եմ ուզում, որ մեր պապան մեռնի»։ 

Սարգիսի ծնողներն ու եղբոր ընտանիքն ապրում են նույն փողոցում։ Սակայն Սարգիսի եւ նրա ընտանիքի հետ չեն շփվում։ Հոգնել են։ Առաջ հարեւանները խառնվում էին, երբ Սարգիսը գիտակցությունը կորցրած՝ փշրում էր կնոջ կողերը կամ ծեծում երեխաներին։ Հետո նրանք էլ հոգնեցին։ 

Նաիրուհին երազում է հեռանալ ամուսնուց։ Սակայն իր աշխատավարձով նույնիսկ տուն ի վիճակի չի լինի վարձել։ Իսկ եթե հանկարծ դպրոց էլ ստիպված լինեն տրանսպորտով գնա՞լ։ Նա համաձայն է ցանկացած աշխատանքի, որը նրան թույլ կտա վարձել ամենահամեստ բնակարանը եւ երեխաներին նվազագույնով ապահովել։ Նա երազում է տուն ունենալ գյուղում, տանել այնտեղ երեխաներին, ազատել նրանց այս կյանքից։ «Բայց ինչպե՞ս»,- հարցնում է նա ինքն իրեն ու բոլորին, ով պատրաստ է լսել։ Ու արդեն հոգնել է մտածել, մտածել ու ոչ մի ելք չգտնել։ Ու շարունակ գրում է բանաստեղծություններ ու պատմվածքներ իրեն շրջապատող մարդկանց մասին։ Խոստովանում է, որ եթե դա չլիներ, վաղուց արդեն կխելագարվեր։

Մեկնաբանություններ (1)

Աննա
Հնարավո՞ր է իմանալ ինչպե՞ս է հիմա այս կինը, որտե՞ղ է․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter