«Լարինդա և Վանեսիո»-ն` առաջին անգամ Հ. Պարոնյանի բեմի վրա
Ապրիլի 13-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ «Լարինդա և Վանեսիո» կատակերգական օպերայի պրեմիերան: Այն ներկայացնում էին ֆրանսաբնակ օպերային երգիչ Մուրդա Ամիրխանյանը և ֆրանսուհի Ան-Շարլոտ Մոնվիլը: Ներկայացման բեմադրիչը Բրունո Ստրեֆն է:
Թատրոնում այցելուներին դիմավորում էին 18-րդ դարի հագուստներով ու կեղծամներով երիտասարդ աղջիկներ: Նույն տեսքով բեմի վրա նվագում էին նաև նվագախմբի անդամները:
Բարոկո ոճի այս օպերային ներկայացումը կազմված էր 3 գործողությունից: Առաջին գործողության մեջ տեսնում ենք երիտասարդ Լարինդային` ի դեմս կոլորատուրային սոպրանո Ան-Շարլոտ Մոնվիլի:
Նա սպասուհի է, բայց որոշում է փոխել իր կյանքը` ամուսնանալով իր տիրոջ` Վանեսիոյի հետ: Չնայած նա ծեր է և աչքի չի ընկնում գեղեցկությամբ և խելքով, բայց հարուստ է: Նրա միջոցով Լարինդան կարող է փոխել իր սոցիալական խավը:
«Ես աղքատ եմ, բայց խելացի եմ», - երգում է Լարինդան:
![]() |
![]() |
Եվ ահա երիտասարդ սպասուհին իր տիրոջն է ներկայանում սուսերամարտի ուսուցչի տեսքով: Պարապունքների ժամանակ «ուսուցիչն» իր աշակերտին հայտնում է գեղեցկուհի բարոնուհի Ստելիդորա դ’Արբելլայի մասին: Վերջինս իբր սիրահարված է Վանեսիոյին և ցանկանում է հանդիպել նրան:
Երկրորդ գործողության մեջ տեսնում ենք ևս մեկ անգամ կերպարանափոխված սպասուհուն` այս անգամ արդեն որպես բարոնուհի դ’Արբելլա: Ծեր Վանեսիոն միանագամից սիրահարվում է երիտասարդ գեղեցկուհուն և նրան շռայլում թանկարժեք նվերներ: Լարինդային հաջողվում է հասնել իր նպատակին. ամուսնանալ հարուստ Վանեսիոյի հետ և նրա հետ կնքել ամուսնական պայմանագիր:
![]() |
![]() |
Երրորդ գործողության մեջ նորաթուխ ազնվական տիկինը ցանկանում է թունավորել իր ամուսնուն և փախչել: Սակայն ծեր ամուսնուն հաջողվում է բացահայտել խաբեությունը: Այնուամենայնիվ, նա ներում է իր երիտասարդ կնոջը և կարողանում է ընդունել նրան անգամ որպես սպասուհի: Ներկայացումն ավարտվում է ամուսինների` միմյանց սեր խոստովանելով:
Ներկայացումը տևում է 1 ժամ 10 րոպե: Ամբողջ ներկայացումն անցնում է թեթև, գեղեցիկ դերասանական խաղով և հնչեղ երգեցողությամբ: Գործողությունների ընթացքում էլ հանդիսատեսը չէր հասցնի ձանձրանալ, որովհետև հնչում էր նվագախմբի կենդանի երաժշտությունը: Հանդիսատեսի գոհունակության մասին էին վկայում բազմաթիվ ծաղիկները, երկարատև ծափահարություններն ու հիացական բացականչությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ



Մեկնաբանել