HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյոք թունելի վերջում լույս երևո՞ւմ է...

Արդյոք պահը չէ՞ կանգ առնել «մեր ազգային բացառիկությունն ապացուցելու այս մրցապայքարում» և փորձել հասկանալ, թե ինչպես ենք պղծել մեր Հայրենիքը վերջին 23 տարիների ընթացքում:

Երկիրը վերածել ենք բեմահարթակի, որտեղ ամեն վայրկյան Աբսուրդի թատրոն է խաղարկվում:

Պատմականորեն այնպես է ստացվել, որ մենք ապրում ենք անցյալով. մանկուց վստահ ենք եղել, որ մեր նախնիներն անմիջական ավանդ են ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում՝ սկսած Արարատ լեռան գագաթին Նոյի իջնելուց:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր հայի հոգի հպարտությամբ է լցվում պատմական նման անցյալ ունեցող ժողովրդի մասնիկը լինելուց. անցյալ, որ դարերի ընթացքում ձևավորվել է արժանի զավակների արարչագործությամբ, զավակներ, որոնցով կարող է հպարտանալ ցանկացած ժողովուրդ:

Սակայն, ինձ որպես երկրի հասարակ բնակչի, հուզում է մեկ հարց. մենք՝ որպես Երրորդ Հանրապետության քաղաքացիներ, ներկայումս ի՞նչ ենք արել մեր Հայրենիքի համար:

Առաջին անվիճելի փաստարկը, որ կնշեն շատերը, մեր անկախությունն է:

Ինքնըստինքյան ենթադրվում էր, որ անկախությունը պետք է նպաստեր տաղանդավոր և բարոյական բարձր հատկանիշներ ունեցող անհատների մուտքը հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային և սոցիալ-տնտեսական ասպարեզ, անհատներ, որոնք պատրաստ կլինեին անշահախնդրորեն ծառայել սեփական ժողովրդին, փառաբանել Հայրենիքը, քանզի յուրաքանչյուր հայի համար անկախությունը ոչ միայն իրավական հասկացություն է, այլև բարոյական կատեգորիա:

Իսկ ի՞նչ ձեռք բերեցինք իրականում…

Այնպիսի կենսապայմաններ ստեղծեցինք 90-ականների «ծանր տարիներին», որ ավելի քան 800 հազար աշխատունակ և գործունյա մարդ լքեց հանրապետությունը:

Հանուն շահադիտական, քաղաքական պատվամոլության՝ ոչնչացրեցինք երկրի արդյունաբերական ներուժը:

Շաղակրատելով «նոր տնտեսական մտածողության» մասին` արժեզրկեցինք երկրի գիտատեխնիկական և կրթական համակարգը՝ կադրային ներուժը ցրելով աշխարհով մեկ:

«Հողը՝ գյուղացուն» լոզունգի տակ գյուղը քանդեցինք և փոքր քաղաքները դատապարտեցինք ամայացման:

«Տնտեսության զարգացում» ասելով հասկացանք երկրի ընդերքն ու բնական ռեսուրսները վարձակալության տալը՝ որպես հետևանք ստանալով շրջակա միջավայրի ոչնչացումը:

Պետական ռեսուրսները, որպես կանոն, օգտագործեցինք և օգտագործում ենք շահադիտական ընտանեկան-ցեղային կարիքների և նեղ խմբային (կլանային) շահերի բավարարման նպատակով:

Պետական իշխանությունը վերածեցինք համակարգված մի մեխանիզմի, որով բնակչությանը զրկեցինք առողջության պահպանման, անհրաժեշտ կրթություն ստանալու, ծերության պաշտպանության և արժանապատիվ կյանքի իր իրավունքներից:

Ավելի քան 20 տարի անց դեռևս չենք լուծել աղետի գոտու հիմնախնդիրները:

Մեր  հասարակությունը ձեռք է բերել խնամարկյալի հոգեբանություն:

Մենք անընդհատ և բոլոր մակարդակներում օգնություն ենք հայցում և կորցրել ենք աշխատելու մեր դարավոր ունակությունը:

Ստեղծել ենք աղքատների և թշվառների «բանակ»:

Յուրաքանչյուր ընտրություն վերածում ենք խեղկատակության, այդ թվում նաև` երկրի նախագահի ընտրությունը:

Վերոնշյալ «ձեռքբերումները» (առանց մանրամասնելու) կարելի է անսահմանորեն թվարկել, և դա բոլորն են անում իրենց հնարավորությունների և իրազեկության չափով` անկախ նրանից, թե «բարիկադի որ կողմում են գտնվում»` իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր:

Այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը, մեր սնափառության ու նարցիսականության հետևանքն է՝ հանուն մեր նեղ անձնական պատվամոլության:

Ի՞նչը կամ ովքե՞ր կարող են հպարտության զգացում առաջացնել մեր ժամանակակցի մոտ վերջին ավելի քան քսանամյա ժամանակահատվածում: Միգուցե հայրենական «մտավորականնե՞րը», քաղաքական և գործարար վերնախա՞վը, հոգևորականության ներկայացուցիչնե՞րը  կամ գիտության և տեխնիկայի այս կամ այն բնագավառի բարձր արհեստավարժ  մասնագետնե՞րը:  Ո՞վքեր …

Գնահատելով 21-րդ դարի սկիզբը` մենք կամ մեր ժառանգները կարո՞ղ ենք արդյոք առանձնացնել գոնե մի անհատի, ով կարող է լինել տվյալ ժամանակաշրջանի «Հայաստանի անունը»:

Համազգային խորին երախտագիտություն այն հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով մեզ անկախություն պարգևեցին, և ամո՛թ մեզ, որ այդպես ապաշնորհ ձևով ենք վարվում նրա հետ:

Ներկայումս մեր ամբողջ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային և սոցիալ-տնտեսական իրականությունը գտնվում է լճացման մեջ:

Համաձայն ԱՊՀ նախկին երկրներում անցկացված սոցիոլոգիական հարցումների՝ միայն Հայաստանում է, որ բնակչության 40 տոկոսն իր ապագան տեսնում է Հայրենիքից դուրս: Սարսափելի է…

Բնականաբար հարց է ծագում`հայրենյաց որդիներն ինչի՞ համար խոնարհեցին իրենց գլուխները, եթե ամեն տարի շուրջ 30-40 հազար մարդ լքում է Հայրենիքը:

Երևի թե «հայրենական ժողովրդավարության հայրերը» անձնական իշխանության համար պայքարում բաց են թողել (իսկ միգուցե չգիտեն) մի կարևոր կանխադրույթ. անկախությունը բարոյական կատեգորիա բովանդակող կարգավիճակ է, որը համատեղելի չէ ստորաքարշության, պետական գույքի հափշտակության, կաշառակերության, հիմարության և բթության, դաժանության, իշխանամոլության, դատարկաբանության, պատվամոլության, պոռնկության և մարդկային ցեղի բազմաթիվ այլ արատների հետ, որոնք մեր այս նորագույն պատմության ավելի քան քսան տարիների ընթացքում արագորեն ծաղկում են ապրել մեր հասարակությունում:

Հասարակությունն անկում է ապրում ոչ միայն սոցիալ-կենցաղային, այլ, ինչն ավելի սարսափելի է,  հոգևոր-մշակութային առումով:

Մենք կորցնում ենք մեր ինքնությունը՝ ընկնելով քաղաքակրթության կեղծ արժեքների հետևից:

Ձգտելով բավարարել մեր անազնիվ ցանկությունները, օրինակ վերցնելով վերնախավի (անկախ նրանից` նրանք իշխանությա՞ն ղեկին ենք, թե՞ պայքարում ենք դրա համար) և նրանց շրջապատի ամենաթողությունից` քանդում ենք մեր ազգի բարոյական հիմքերը:

Այն, ինչ չի հաջողվել անել հայ ժողովրդի թշնամիներին, մենք կանենք, քանի դեռ չենք հասկացել, որ կորցնում ենք մեր անկախությունը:

Հասարակական բարոյականությունը և հավատն առ իշխանություն ձևավորվում է ըստ ազգային վերնախավի վարքագծի ակնառու օրինակների:

Նոմենկլատուրայի առանձին ներկայացուցիչների հարատև փոփոխությամբ հնարավոր չէ երկրի ներսում հասնել հասարակական-քաղաքական մթնոլորտի համակարգային փոփոխության, քանի որ կառավարման պետական համակարգի ընդհանուր վարքագիծը մնում է անփոփոխ, իսկ նորանշանակ պաշտոնյան ակամա հարմարվում է «խաղի առկա կանոններին»՝ անկախ իր ներքին բարոյահոգեբանական կերտվածքի:

Գոյություն ունեցող «խաղի կանոնների» համակարգային փոփոխությունը կատարվում է կա՛մ հեղափոխական ճանապարհով՝ «ներքևից», ինչը կարող է կործանարար լինել մեր երկրի համար, կա՛մ որոշակի նվիրյալ մարդկանց խմբի միջոցով (Սինգապուրի կամ Իսլանդիայի փորձը), երբ ձևավորվում է նոր արժեհամակարգ երկրի համար:

Սինգապուրյան տարբերակը շատ բարդ է և վտանգավոր: Առանձին որևէ անհատ ի վիճակի չէ այն իրականացել. դրա համար անհրաժեշտ է հավատակիցների բավականին ուժեղ թիմ: Կա՞ն արդյոք մեր հայրենիքում բարձր բարոյական արժեքներով օժտված նվիրյալներ, որոնք պատրաստ են անշահախնդրորեն ծառայել Հայրենիքին: Սա՛ է խնդիրը… 

Լևոն Ներսիսյան

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների

հայկական կենտրոն ՀԿ գործադիր տնօրեն 

15.04.2013թ.

Մեկնաբանություններ (1)

ar
kan,bajc ed mardkanc toxnoxa petq vor ashxaten,u ed mardik petqa linen drsic,vor bernvac chlinen canot barekam esim inch partakanutjuneri tak,zamanakin erb Vazgen Sargsjann Montein handznec Martunu chakatn miajn eder glxavorn vor na chi nkni texacineri kam urisneri azdecutjan tak,dra hamar petqen ajdpisi mardik,nranq drserumen,ete iroq naxagahn uzena ksksi nranic vor ira axpernerin u barekamnerin iranic heracni u pashtoner ta lriv ankax mardkanc,vorin es chem havatum vor tenc qajler klini,mnuma hamakerpvel u spasel te erbenq prcnelu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter