HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մեղադրյալը «հացադուլ է սկսելու, իսկ եթե դա էլ անարդյունք լինի, վերջ է տալու իր կյանքին»

Վանաձորի դատարանում այսօր` ժամը 11.50-ին, նշանակված դատական նիստը դատավոր Նարինե Հովակիմյանը բացեց 40 րոպե ուշացումով: Դատավորը մեղադրական դատավճիռ կայացրեց հարթագյուղցի Արմեն, Արթուր, Մացակ Բադալյան եղբայրների վերաբերյալ: Արթուր Բադալյանին մեղավոր ճանաչեց Քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասով և դատապարտեց 4 տարի ազատազրկման: Հաշվակցելով կրած կալանքի ժամկետը` 21 օրը` վերջնական պատիժ նշանակեց 3 տարի 11 ամիս 9 օր ժամկետով: Նախկինում ընտրված խափանման միջոց գրավը փոփոխեց կալանավորմամբ և որոշում կայացրեց Արթուր Բադալյանին կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճից:

Ընդ որում, նույնիսկ մեղադրող դատախազը նման միջնորդություն չէր արել խափանման միջոց գրավը կալանքով փոխարինելու մասին: Արմեն և Մացակ Բադալյաններին դատավորը մեղավոր ճանաչեց Քր. օր. -ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտեց 200 հազար դրամ տուգանքի, խափանման միջոց ստորագրությունը թողեց անփոփոխ:  

Պաշտպանական կողմի պահանջներից մեկը դատաքննությունը վերսկսելն էր, որպեսզի հետազոտվեն իրեղեն ապացույցները: Մինչդեռ, այդ ապացույցները չհետազոտած, դատավոր Ն. Հովակիմյանը դատավճռով որոշեց վերադարձնել դրանք:

«Եթե չի հետազոտվել, ի՞նչ իրեղեն ապացույցի մասին է խոսքը»,-զարմանում է Բադալյանների պաշտպան Ռուբեն Հակոբյանը:  Դատական ակտը, վերջինիս խոսքով, միանշանակ բողոքարկվելու է: Արթուր Բադալյանն էլ դատարանում հայտարարեց, որ հացադուլ է սկսելու, իսկ եթե դա էլ անարդյունք լինի, վերջ է տալու իր կյանքին, որպեսզի գոնե այդկերպ ապացուցի իր անմեղությունը:

«Վճիռ կայացվեց խուլիգանության հանցակազմը հիմնավորող ապացույցների բացակայությամբ.  ակնհայտ ապօրինի դատական ակտ եմ ես դա համարում,-ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը,- նաև ներքին համոզմունք ունեմ, որ այդ ակտի կայացումը ոչ թե բխում էր օրենքի պահանջներից, այլ փաստորեն մեղադրանքի կողմը կարողացավ ճնշումներ գործադրել դատավորի վրա, քանի որ, լավ ճանաչելով այդ դատավորին, կարող եմ ասել, որ նա չէր կարող նման անօրինական դատական ակտ կայացնել: Ապօրինությունները, որ ի սկզբանե կային, շարունակվեցին և, փաստորեն, մեղադրանքի կողմը ավելի ուժեղ  գտնվեց, քան թե օրենքը, արդարությունն ու դատարանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter