
Կառավարության քաղաքականությունը չի փոխվի. Տիգրան Սարգսյանը նորից վարչապետ է
Քիչ առաջ ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված ՀՀԿ գործադիր մարմնի եւ դրան հաջորդած ՀՀԿ խորհրդի նիստերը:
Նախագահը խորհրդի անդամներին է ներկայացրեց վարչապետի թեկնածուին: ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո այդ պաշտոնում կնշանակվի Տիգրան Սարգսյանը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա ասելով` «հույս ունեն, որ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ձեւավորված կառավարությունը նոր եռանդով ու էներգիայով կաշխատի: Բոլոր դժվարություններով հանդերձ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության առջև դրված էր ապահովել 7%-անոց աճ, եւ այդ խնդրի լուծումն իրագործվեց»:
Թեեւ վարչապետի նշանակումից 20 օրվա ընթացքում է ձեւավորվում կառավարության նոր կազմը, սակայն այսօր Սերժ Սարգսյանն առաջարկել է իրենց պաշտոններում թողնել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Կառավարության մյուս անդամների անունները հայտնի կդառնան առաջիկայում:
Քաղաքական շրջանակներում շատերը հույս ունեին, որ նախագահը վերջին պաշտոնավարման շրջանը կսկսի նոր վարչապետով, ով կկարողանա հնարավորինս բավարարել քաղաքացիների դժգոհությունները եւ մեղմել հարկային քաղաքականությունը, ավելի շեշտադրել սոցիալ-տնտեսական հարցերը:
Տիգրան Սարգսյանի վերանշանակումը այդ պաշտոնում ցույց է տալիս, որ կառավարությունը շարունակելու է անցած 5 տարիների նույն գործելաոճը, ինչից դժգոհ է քաղաքացիների մեծամասնությունը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել