
Լացո՞վ, թե՞ գործով, արցունքո՞վ, թե՞ արդյունքով ճանաչել տանք Ցեղասպանությունը
Քաղքենի կանանց մի տեսակ կա, որը երբ հարազատ է կորցնում, առաջին հերթին մտածում է, թե սգո արարողությունների ժամանակ ի՞նչ հանդերձով ներկայանա, որի մեջ ավելի գեղեցիկ-տպավորիչ լինի ու ավելի ազդեցիկ-սգավոր: Այսինքն` «համապատասխան տեսքով» հանրությանը ներկայանալը բոլոր հարցերի մեջ առաջին տեղում է: Ապրիլի 24-ին եւ ընդհանրապես Ցեղասպանության հետ կապված հարցերում մեր պետությունը հիմնականում նմանվում է քաղքենի կնոջ այդ տիպին` առաջնորդվելով հետեւյալ «կարգախոսով»` ամեն ինչ` ինչը բխում է ձեւից ու ամեն ինչ` հանուն ձեւի:
Արդեն մենք սովոր ենք, որ ապրիլի 24-ին առավոտից երեկո հեռուստատեսությամբ ու ռադիոյով հեռարձակվելու է սգո երաժշտություն, որի ներքո` պետության ղեկավարների ու ժողովրդի երթ, անմար կրակի շուրջ դրվող ահռելի քանակությամբ ծաղիկներ, որն, ի վերջո, կրակի շուրջը դառնում է պարիսպ, հիշատակի արցունքոտ խոսքեր, սահմռկեցուցիչ նկարներ, դեռեւս կենդանի` հատուկենտ ականատեսների սարսափազդու պատմություններ. այնպիսի տպավորություն է, կարծես մի ամբողջ ժողովուրդ մազոխիզմով է զբաղված ու կառավարությունը նպաստում է դրան: Ամեն տարի մի նոր բան մտածող է լինում, որն անմիջապես «փորձարկվում» ու հաջորդ տարի արդեն դառնում է ավանդույթ... գիշերային երթեր, մոմերով երթեր, պատուհաններին` մոմեր... Եւ ոչ ոք մի պահ կանգ չի առնում ու ասի` ի՞նչ խոսք, շատ գեղեցիկ ու հուզիչ է, որ ամեն հայ իր սրբազան պարտքն է համարում՝ գնալ Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ դնել անմեղ զոհերի հիշատակի համար վառվող անմար կրակի մոտ, ամեն հայ պարտավոր է գոնե այդ օրը մի պահ լռելյայն գլուխ խոնարհել, բայց ամեն հայ նաեւ պարտավոր է ընդունել, որ չի կարելի մի առումով ընկնել ծայրահեղությունների գիրկը, մյուս առումով` ոչինչ չանել:
Միայն լացը չի կարող աշխարհին ստիպել ճանաչել Ցեղասպանությունը, պետք է նաեւ գործ, եւ այդ գործը գիտության լեզվով խոսելն է:
Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը, երբ գնում էր Եվրոպա, իր խոսքերով` «հայերու համար ազատություն բերելու», նրան հարցրին` ինչպե՞ս պիտի խոսես, չէ՞ որ օտար լեզվով խոսել չգիտես, նա պատասխանեց` հայու լեզվով կխոսեմ. լաց կլինեմ:
Դար է անցել, բայց, ավաղ, հայի` աշխարհին ներկայանալու լեզուն դեռ մնացել է լացը:
Հայաստանում գործում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ունենք հումանիտար ոլորտի բազմաթիվ գիտնականներ, պատմաբաններ, ցեղասպանագետներ... Ու այդ ամենի կողքին` մի զարմանալի ու անբացատրելի իրողություն` մեր «գիտելիքահենք տնտեսություն ունեցող» պետության հումանիտար ոլորտի գիտնականներից եւ ոչ մեկը Ցեղասպանության թեմայով եւ ոչ մի տպագրած հոդված չունի՝ ազդեցության գործակից ունեցող հեղինակավոր միջազգային ամսագրերում, այնինչ գիտնականի գլխավոր գործը հոդվածների տպագրությունն է, պետության (ինչպես նաեւ անհատ-բարերարների) գործն էլ` իր համար այդքան կարեւորություն ներկայացնող թեմայի շուրջ տպագրություններին խրախուսելը կամ գոնե դրանց լինել-չլինելով հետաքրքրվելը: Զարմանալիորեն, մինչ այժմ այդ մասին ոչինչ չի խոսվել, կարծես թե նորմալ երեւույթ է, որ համարյա մեկ դար աղաղակվում է Ցեղասպանության ճանաչման հարցն ու համարյա չկան միջազգային ակադեմիական հեղինակավոր տպագրություններ:
Թե ինչո՞ւ է պետությունն այսքան անհաղորդ, դժվար է ասել: Կան միայն ենթադրվող վարկածներ, օրինակ, որ դա գիտության հետ կապված խնդիր է ու ղեկավարության տեսադաշտում է այն չափով, ինչ չափով նա կարեւորություն է տալիս գիտության հետ կապված մյուս խնդիրներին: Մյուս վարկածը` որ իրենց կարծիքով «հայու լեզվով» խոսելն աշխարհին ավելի շատ բան կներկայացնի, քան գիտելիքի ու գիտնականի լեզվով խոսքը, կամ` տեղյակ չեն, որ գիտնականի գործը տպագրությունն է։ Այնինչ, ազդեցիկ խոսքն աշխարհում գիտական փաստերի լեզվով խոսքն է: Վարկածներ կարելի է էլի թվարկել, բայց դրանցից ոչ մեկն էլ չի փարատում զարմանքը: Թվում էր, թե` ինչպես ծնողն է ասում` օրագիրդ բեր, տեսնեմ` ի՞նչ ես արել, այնպես էլ, պիտի որ, «պետություն-ծնողը» վաղուց հարցրած լիներ, թե ի վերջո, ի՞նչ արդյունքներ ունենք... իսկ աշխարհին որեւէ լուրջ բան կարող է ասել գիտական արդյունքը եւ ոչ թե արցունքը` իր տարբեր դրսեւորումներով:
Իհարկե, շտապեմ ասել, որ այս առումով, ուղիղ մեկ տարի առաջ մենք լուրջ նորություն ունեցանք. «Նուշիկյան ասոցիացիայի» կողմից տրվեց 500-հազարանոց խրախուսավճարի խոստում նրան, ով այսօր աշխարհում գոյություն ունեցող ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող եւ գրախոսվող միջազգային երեք պարբերականներից ((Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies եւ Genocide Studies and Prevention)) որեւէ մեկում կտպագրի առնվազն 5000 բառ պարունակող հոդված:
Այդ պահին Գարեգին Նուշիկյանի խոստումը նման էր Թեհլերյանի կրակոցին, որ նոր շրջանի ու նորովի մոտեցման սկիզբ էր դնում: Ի վերջո, գտնվեց մեկը, ով այս հարցը դրեց աշխարհին գիտականորեն ներկայացնելու հողի վրա:
Որախալի է նաեւ, որ Գարեգին Նուշիկյանն առաջինը եղավ, բայց ո՛չ միակը. նրան կարճ ժամանակ անց հաջորդեց «Տաշիր» հիմնադրամի եւ Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության համատեղ ջանքերով, Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, կազմակերպած մրցանակաբաշխությունը՝ ինդեքսավորվող կամ ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար (ԾՐԱԳԻՐ՝ ՀՑ100_ՊԳՖԱ-Տ.3_Ա)։ Այստեղ սահմանները բավական ընդլայնվեցին՝ չկար սահմանափակում՝ տպագրելու միայն նշված երեք պարբերականներում, չկար բառաքանակային պայման, հետեւաբար, այստեղ գրանցվեց նաեւ արդյունք: Իհարկե, ըստ «Տաշիր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանի՝ «Տաշիր» բարեգրծական հիմնադրամն ակնկալում էր շատ ավելի մեծ թվով հրապարակումներ եւ պատրաստ էր խրախուսել բոլորին հավասարապես, ընդ որում, յուրաքանչյուրի ստանալիք գումարը չէր փոխվելու՝ մասնակիցների քանակից կախված, քանի որ ոչ թե հաստատվել էր ընդհանուր բյուջեն, այլ յուրաքանչյուրին տրվելիք գումարի չափը՝ անկախ քանակից, բայց էլի ոգեւորող հանգամանք է, որ մրցույթին եղավ երեք դիմող՝ Վահրամ Ռաֆիկի Այվազյանը (Զորյան ինստիտուտի ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների 2012 թ.-ի համալսարանական ծրագրի շրջանավարտ), «Ցեղասպանություն. Մտադրությունը, հիմնավորումը եւ տիպոլոգիան» աշխատությամբ, Տիգրան Նորայրի Սարուխանյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոնստանցի համալսարանի այցելու գիտաշխատող), «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արմին Թ. Վեգների (1886-1978թ.թ.) հրապարակախոսական վկայությունները եւ Հայոց ցեղասպանությունը» աշխատությամբ եւ ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը (Shavkat Kasymov, University of Notre Dame, Indiana, USA), «Հայոց ցեղասպանության օրինակը եւ միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» աշխատությամբ։
Ուրեմն` «Նուշիկյան ասոցիացիան» եւ «Տաշիր» հիմնադրամն առաջարկեցին ոչ թե արցունք, այլ արդյունք:
Արդարացի լինելու համար, պիտի ասենք, որ Ցեղասպանության ճանաչման գործը միայն պետությանը չի վերաբերում. դա մեր ազգային խնդիրն է, հետեւաբար խնդիրն է յուրաքանչյուր հայի, մանավանդ այն անհատի, որը կարող է իր ձայնը հասանելի դարձնել աշխարհին: Նման հնարավորություն ունեցող անհատներ շատ ունենք, մնում է՝ նրանց մեջ գտնվեն այնպիսիք, որոնք հետեւեն «Նուշիկյան ասոցիացիային» եւ «Տաշիր» հիմնադրամին եւ մեր ազգային այդքան կարեւորություն ունեցող խնդիրը կարեւորեն գործով:
Այնուամենայնիվ, հարկ է նշել նաեւ, որ նման անհատների գործն է խրախուսելը, գիտնականի գործը, անկախ մրցանակաբաշխություններից, գիտական հոդված գրելը, ցեղասպանագիտությամբ զբաղվողներինը՝ այդ հարցը գիտական հողի վրա դնելը:
Այսինքն` ո՛չ լացին ու` առա՜ջ ի գործ…
Մանե Հակոբյան
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել