HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Քվեարկությունից 3 օր առաջ «Մալաթիա» տոնավաճառի հարցը կլուծվի՞

«Օրական 6000 դրամը բավականին թանկ է: Պահանջում ենք այդ գումարը իջեցնել տոնավաճառի ղեկավարությունից, նաև մեր երկրի նախագահից, չէ՞ որ հարկերն իրենք են բարձրացնում: Գումարը տալիս ենք մի տաղավարի համար, որը լիովին 4 քառակուսի մետր էլ չէ: Որ տեսնեք այդ տաղավարները, ձեր ծիծաղը կգա»,- ասում է Հասմիկ Մելիքյանը, ով «Մալաթիա» տոնավաճառի մյուս առևտրականների հետ այսօր առավոտից գործադուլ է անում` պահանջելով տաղավարների վարձակալության գումարի նվազեցում:

Հասմիկի խոսքերով, բացի ֆիքսված վարձը, իրենցից օրական 1200 դրամ են վերցնում տոնավաճառի հսկիչները տաղավարի տարածքից դուրս ցուցադրվող ապրանքի համար, և ոչ մի տեղ չի ֆիքսվում դա` ասում են ուղղակի պետք է վճարեք: Առևտրականներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, ասաց, թե ինչի համար է, այնուամենայնիվ, գանձվում այդ հավելյալ1200 դրամը. «Մեզ ասում են`պետք ա «պատդերժկա» անեք»:

«Էստեղ ոչ մեկս այլևս վճարելու ի վիճակի չենք, մարդիկ բոլորը տոկոսների տակ են, էլ բանկ չկա, որ դուռը թակած չլինենք»,- ասաց առևտրականներից մեկը:

Առևտրականները փաստեցին, որ ամեն շաբաթ 1000 դրամ լույսի վարձ են տալիս, բայց բացի մեկ էներգախնայող լամպից, որը նույնիսկ մեկ ամսում 400-700 դրամից ավելի հոսանք չի սպառում, իրենք ուրիշ հոսանք սարք չունեն, նույնիսկ ՀԴՄ-ներն են տանում տանը լիցքավորում: Իսկ ահա ՀԴՄ-ի սպասարկման համար ամսական 4500 դրամ են վճարում, որը նույնպես «տեղի փողի» մեջ չի մտնում:

«Եկամտի մեծ մասը ես հետ եմ տալիս, տուն չեմ տանում, և երեխաներս այդ գումարի երեսը չեն տեսնում»,- ասաց Հասմիկը:

«Մենք պատրաստ ենք վճարել բոլոր հարկերը, բայց պետք է հասկանանք, թե ինչի համար ենք վճարում: 5000 մարդ կա էստեղ աշխատող, պատկերացնո՞ւմ եք, եթե նրանք էլ բռնեն արտագաղթի ուղին»,- ասաց մեկ ուրիշ առևտրական:

Տոնավաճառ է այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը:

Գործադուլի մեջ գտնվողների ներկայացուցիչները խոսել են տոնավաճառի տնօրինության, մասնավորապես Ռադիկ Սարգսյանի հետ: Վերջինս ասել է, որ ոչինչ հաստատ չի խոստանում, բայց հարցին ինչ-որ լուծում կտրվի մայիսի 2-ին:

Հ.Գ. Պարզապես զուգադիպությո՞ւն է, որ քվեարկության օրվանից ընդամենը 3 օր առաջ պետք է լուծվի բնակչության այս բավականին մեծ զանգվածին` շուրջ 5000 առևտրականին հուզող հարցը:

Մեկնաբանություններ (1)

Վանիկ Ալեքսանյան
Ռադիկ, սիրուն չի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter