Սեմինար՝ նվիրված երիտասարդների ուժերով ընդհանուր տեղեկատվական տարածություն ստեղծելուն
Համաշխարհային հայկական երիտասարդական «ՈՍՏԱՅՆ»-ի նախաձեռնությամբ ապրիլի 22-ից 28-ը Հայաստանում իրականացվեց «Երիտասարդական ՀԿ-ների դերը տեղեկատվական հասարակությունում» միջազգային ծրագիրը, որին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած 35 երիտասարդ առաջնորդ. Ֆրանսիա, Լատվիա, Գերմանիա, Վրաստան, Ուկրաինա, Ռումինիա, Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններ, Ղազախստան, Չեխիա, Բելառուս և այլն:
Միջազգային սեմինարի նպատակն էր երիտասարդների համատեղ ուժերով ստեղծել ընդհանուր տեղեկատվական տարածություն, վեր հանել առցանց երիտասարդական աշխատանքի արդյունավետ մեթոդները և խրախուսել դրանց կիրառումը հայրենիքի ու սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների կողմից: Կազմակերպիչների կարծիքով ծրագիրը հնարավորություն է ստեղծում մշակել երկարատև համագործակցության ծրագրեր և ապահովել ծրագրի շարունակականությունը:
«Ծրագրի մասնակիցները ակտիվորեն ներգրավվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքներում, այնուհետև անցան իրենց նոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման պլանավորմանը: Հրավիրված փորձագետները մասնակիցներին անհրաժեշտ հմտություններ են հաղորդում, որոնք առաջիկայում օգտագործվելու են տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների միջև առցանց հաղորդակցության դյուրացման համար»,- ասաց սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ, «ՈՍՏԱՅՆ»-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց երկրներում գործող հայկական երիտասարդական ու համայնքային կառույցների գործունեությունը, կլոր սեղանի շուրջ քննարկելու առաջիկա համատեղ ծրագրերն ու նախագծերը:
«ՈՍՏԱՅՆ» ծրագիրն իրականացնում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
«ՈՍՏԱՅՆ»-ը (World Armenian Youth Network – WostAYN) ստեղծվել է 2006 թ. Երևանում, ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ և այսօր միավորում է հայկական երիտասարդական 21 կազմակերպություն Եվրախորհրդի 15 անդամ-երկրից: Ոստայնի նպատակն է նպաստել սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, երիտասարդության ոլորտում հայրենիք-սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային և միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել