HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արծվիկ Մինասյանն առաջարկում է «Նաիրիտի» խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծել ժամանակավոր հանձնաժողով

Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը փորձում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերաբերյալ գրավոր պատասխաններ ստանալ կառավարությունից, սակայն արդեն երկրորդ անգամ է՝ ստացել է կիսատ-պռատ և իրարամերժ պատասխաններ:

Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց, որ փորձում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկություն ներկայացնել` հանձնաժողովի կազմում ընդգրկելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և հատկապես «Հետք» թերթի ներկայացուցիչներին, որոնք ուսումնասիրություններ են կատարել և դրանցով կարող են օգտակար լինել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

Ըստ Արծվիկ Մինասյանի`ժամանակավոր հանձնաժողովը պետք է  ուսումնասիրի հետևյալ հարցերը.

1. Մասնավորեցման գործընթացը և այն պարտավորությունը, որ 120 մլն դոլարի ներդրում պետք է իրականացվեր «Նաիրիտը» վերագործարկելու համար, և այդպես էլ այդ գումարը չի ներդրվել: Դրա փոխարեն տեղի են ունեցել մի շարք բաժնետիրական գործարքներ, ընդհուպ` անհասկանալի գործարքներ: Մասնավորապես, մի գործարքում «Նաիրիտը» «Մահուդի» գործարանի բաժնետոմսերը ձեռք է բերում 9.5 մլն դոլարով, իսկ մի քանի ամիս հետո վաճառում է 950 հազար դոլարով, այսինքն` անհասկանալի մի շարժ է կատարվել, որը «Նաիրիտից» ռեսուրսներ է տարել:

2. Հսկայական ծավալների վարկային միջոցներ են ներգրավվել «Նաիրիտի» վերագործարկման համար, և այդպես էլ պարզ չեն այդ միջոցների օգտագործման ուղղությունները, արդյունավետությունը և չափը:

3. «Նաիրիտի» վերագործարկումը և ապագա գործունեությունը, որը անորոշ է: Փաստացի այսօր տեսնում ենք, որ հսկայական թվով աշխատակիցներ անընդհատ բողոքում են իրենց աշխատավարձերի ուշացումից: Սա ոչ թե ընթացիկ խնդիր է, այլ համակարգային լուրջ հարց: Այդ համակարգը լիարժեք պատկերացնելու, ընկալելու համար անհրաժեշտ են համակողմանի վերլուծություն և «Նաիրիտի» հետագա գործունեության համար կոնկրետ ծրագրային մոտեցումներ, ընդհուպ` օրենսդրական փոփոխություններ:

4. «Հետք» թերթը հրապարակել է մի շարք վերլուծություններ, փաստեր և մեղադրանքներ, որոնք առնչվում են Հայաստանի տարբեր պաշտոնատար անձանց: Այդ ժամանակավոր հանձնաժողովը պետք է ուսումնասիրի նաև այդ փաստերը և քրեական հանցագործության նշաններ ունեցող փորձերը իրավապահ մարմիններին փոխանցելուց զատ՝ նաև իրականացնի իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ հսկողություն, թե ինչ են իրականացրել, և ինչու են այդ հրապարակումները այդպես էլ մնացել անպատասխան:

5. Ինչպես է պետք գործարկել «Նաիրիտը», որը հազարավոր աշխատատեղեր ապահովող, հիմնական արդյունաբերական, Հայաստանի տնտեսական հսկաներից մեկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter