HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ընտրական վերջնագծին ընդառաջ. ինչ ստացան ու կորցրին դերակատարները

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը հատում է եզրագիծը: Մայիսի 5-ի քվեարկությամբ պարզ կլինի, թե ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչ չափով կարողացավ այս շրջանն օգտագործել ընտրողներին ավելի համոզիչ ներկայանալու համար: Ընդհանուր առմամբ, սակայն, ընտրարշավը նախորդներից ոչնչով չտարբերվեց, թեև իրականում կար դրա համար թե բավարար միջավայր, թե ռեսուրսներ, թե էներգետիկա:

Ամենակարևոր առանձնահատկությունը, որն ուներ երևանյան ընտրական այս մարաթոնը, փաստացի փետրվարին կայացած նախագահական ընտրությունների սրբագրման, ամփոփման ներքին նշանակությունն էր: Այն ընկած էր մասնակից բոլոր ուժերի գործողությունների, մոտիվացիաների հիմքում: Թե ինչ դրսևորումներ դրանք ոնեցան, կարելի է դիտարկել մասնավորապես իշխանության դրած խնդիրների և դրանց հասնելու համար ընտրված մարտավարության վերլուծության հիման վրա:

Իշխող կուսակցությունը, ՀՀԿ-ն, երկու հիմնական խնդիր ուներ լուծելու:

  • Առաջինը նախագահական ընտրությունների արդյունքները Երևանի կտրվածքով սրբագրելն է: Սա լինելու է մի ստուգատես, որտեղ որոշվելու է, թե որքանով է ունակ իշխանությունը հասունացող քաղաքացիական գիտակցության պայմաններում լուծելու սահուն վերարտադրության խնդիրը, որի նկատմամբ հավատը սասանվեց նախագահական ընտրությունների ժամանակ: ՀՀԿ-ն առաջին հերթին ինքն իրեն, երկրորդ հերթին` հասարակությանը և մրցակից ուժերին փորձելու է համոզել, որ հատկապես մայրաքաղաքում լիովին տիրապետում է իրավիճակին:

Իրականում այս խնդիրն այնքան էլ հեշտ չի լինելու լուծել: Պատճառը ոչ թե ուժեղ մրցակցությունն է, որն իրականում գոյություն չուներ, այլ ընտրողների վարքագծի անկանխատեսելիությունը: Իշխանությունը բախվել է իր համար թերևս ամենաբարդ մարտահրավերին. երբ գիտակցում է, որ նախկինում հաջողությամբ կիրառվող «տեխնոլոգիաները»` վարչական լծակների բացահայտ ու ամբողջական շահագործումը, ընտրակաշառքները, քրեական ու թաղային հեղինակությունների ազդեցություններն այլևս չեն օգնում և կարող են տհաճ անակնալներ մատուցել:

  • Երկրորդ խնդիրը ընտրությունների քաղաքական նշանակությունը ընդհուպ զրոյական մակարդակի նսեմացնելն է: Ինքնին Տարոն Մարգարյանի թեկնածության առաջադրումը դրան ուղղված առաջին քայլն էր: Այս մարտավարությունն անհրաժեշտ էր` ավագանու ընտրությունները նախագահական ընտրությունների տրամաբանական շարունակության առանցքից հանելու համար: Եթե ճակատագրականության այն սինդրոմը, որով հայաստանցի ընտրողը մոտենում է նախագահական ընտրություններին, իլյուստրացվեր նաև ավագանու ընտրություններում, կարելի էր ուղղակի բացառել ՀՀԿ-ի վերարտադրումը: Մի բան է, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնը իշխանությունից խլելն ընկալվում է իշխանափոխության գլոբալ նպատակադրման ռակուրսով, մեկ այլ բան, երբ ընտրողը դրան մոտենում է որպես առավելագույնը քաղաքի գլխավոր մենեջերի ընտրության:

Վերարտադրության խնդրի լուծման համար ՀՀԿ-ն փաստացի ապավինել է երեք կարևոր գործոնի: Եվ այդ երեքն էլ փաստացի հաջողությամբ աշխատեցին:

1.Առաջինը, բնականաբար, ՕԵԿ-ի` իր կցորդի օգտագործումն էր որպես գործիք: Դրա մասնակցությունն ընտրություններին լրացուցիչ ձայներ բերելն էր: Եթե նկատի առնենք արտակարգ իրավիճակների նախարարության վարչական լծակները, որոնք անխնա ու հարաբերականորեն աննկատ շահագործվեցին ՕԵԿ-ի օգտին, քաղաքապետի ՕԵԿ-ական թեկնածու Արմեն Երիցյանի` իբրև հմուտ կազմակերպչի ու ղեկավարի կերպարի դերակատարությունը, այս արբանյակ կուսակցությունը կարող է շոշափելի օգուտ բերել իշխանությանը: Ի վերջո, եթե ՀՀԿ-ին հաջողվի իրագործել նրան քաղաքապետարան քարշ տալու օպերացիան, ապա հնարավորություն կունենա 40 տոկոս քվեն չապահովելու պարագայում հենվել ՕԵԿ-ի վրա կոալիցիոն մեծամասնություն ձևավորելու իմաստով: Այս տեսանկյունից ՕԵԿ-ի մասնակցությունը բոֆերի նշանակություն ունի ՀՀԿ-ի համար, թեև նկատելի է, որ ՕԵԿ-ը այս ընտրարշավը փորձեց օգտագործել իբրև քիչ թե շատ ինքնուրույն խաղացող երևալու համար:

2. ՀՀԿ-ի երկրորդ աշխատող գործոնը կառավարության ձևավորման հարցը առկախված թողնելն էր: ՀՀԿ-ն միտումնավոր այս հարցի լուծումը թողել է երևանյան ընտրություններից հետո` ցանկացած տեսակի անակնկալներից ապահովագրվելու համար: Եթե ՀՀԿ-ՕԵԿ տանդեմին չհաջողվի 40 տոկոս քվե ստանալ, ՀՀԿ-ն անպայման փորձելու է ընդդիմադիր բևեռում խաղացող ուժերից որևէ մեկին ներքաշել կոալիցիոն հարաբերությունների մեջ: Ինքնին ուշագրավ էր այն փաստը, որ առ այսօր ընդդիմադիր որևէ կուսակցություն ուղղակի և բաց հայտարարություն չի արել այն մասին, որ ընտրություններից հետո ավագանիում տեղեր ունենալու դեպքում բացառում է իշխանության կուսակցության հետ համագործակցությունը և կոալիցիայի ձևավորումը: Կառավարության ներկայիս կիսաձևավորված վիճակը, ըստ էության, ՀՀԿ-ի համար խայծի դեր է կատարում, որը նկատելի ինտրիգայնություն է հաղորդում ընտրություններին ու հատկապես հետընտրական զարգացումներին:

3. Եվ վերջապես երրորդը, որը նախորդի տրամաբանական շարունակությունն է, իշխանությունը բացարձակապես քարոզչական հակադրության, առճակատման մեջ չմտավ ընդդիմության հետ: Դրա ամենավառ դրսևորումը բացահայտ կերպով դեբատներից հրաժարվելու` ՀՀԿ նախընտրական շտաբի դիրքորոշումն էր: Եվ այս մարտավարությունը պատահական չէր ընտրվել: ՀՀԿ-ն, նախընտրելով ինքն իր համար, բոլորից անկախ ընտրարշավ անցկացնելու տարբերակը, ընդդիմադիր ուժերին մղեց ներքին «գզվռտոցների» տիրույթ: Այս ընտրություններին ընդդիմադիր ուժերն առավելաբար իրար դեմ էին պայքարում, քան իշխանության, թեև բոլորն էլ հայտարարել էին, թե իրենց հիմնական թիրախը, մրցակիցը ՀՀԿ-ն է:

Վերջինիս այս հաշվարկը կառուցվեց նախագահական ընտրություններին չմասնակցելուց հետո ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի` քաղաքական դաշտում իրենց կորցրած դիրքրերը վերագտնելու ուղղությամբ ծավալած ռեաբիլիտացիոն անխուսափելի գործունեության վրա: Այդ դիրքերը նվաճել էր «Բարև Երևան» դաշինքի վերածված` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունն ու նրա շուրջը մեկնարկած քաղաքացիական շարժումը: Երևանի ընտրությունները այդ երեք կուսակցությունների  վերադարձի ապահովման միակ առարկայական հնարավորությունն էր, ինչը նրանց ստիպեց մտնել դիրքային խուլ պայքարի մեջ: Հատկապես ցավոտ ստացվեց ԲՀԿ-ի բախումը «Ժառանգության» հետ, ինչը բնական էր` հաշվի առնելով, որ «Ժառանգությունը» մեծ հաշվով հենց ԲՀԿ-ի տարածքի, այլընտրանքայնության վրա էր կառուցել իր ամրոցները: Այս պայքարի հետևանքը եղավ այն, որ ընդդիմությանը չհաջողվեց հանդես գալ միասնական թեկնածուով, ինչի առաջադրմանը հավակնում էին հավասարապես ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», և առ այսօր չի հաջողվում նաև պայմանավորվածությունների հանգել ավագանիում իշխանությանը հակակշռող և մեծամասնություն կազմելու պլանը ձախողելուն ուղղված հետընտրական դաշինք ձևավորելու հարցում: Փոխադարձ մեղարդանքները, որոնք ընկած էին ընդդիմադիր ուժերի քարոզչության առանցքում, հավասարապես թուլացրին բոլորին: Նրանց գործնականում չհաջողվեց հասնել ամենակարևորին` համոզելու երևանցի ընտրողին, որ ունակ են գրավելու իշխանության Երևանի քաղաքապետի «բաստիոնը» և կազմակերպված այդ հանգուցակետից զարգացնել ամբողջական իշխանափոխությունը: Այդքանով հանդերձ, նրանք ոչ միայն չկարողացան ընտրողի գիտակցությանը հասցնել, որ սա իրական փոփոխության հնարավորություն է, այլ գրեթե վերջնականապես թաղեցին միասնական ընդդիմության գաղափարը:

Հաշվի առնելով թե իշխանության մոտ առկա մտավախությունները, թե ընդդիմադիր դաշտում ծայր առած ներքին բախումները` որոշիչ մանդատի իրավունքը ձեռք է բերում սովորական ընտրողների հավաքական կամքը: Մայիսի 5-ին հիմնական գործող անձը լինելու է երևանցին: Եվ մեծապես նրա ընտրություն է կախված լինելու ոչ միայն Երևանի հետագան, այլ նաև քաղաքական պրոցեսների հետագա հունավորման ուղղությունը: 

Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter