
Արդյո՞ք Իսրայելը կհրաժարվի իր գաղափարախոսությունից
Մայիսի 18-ին Կնեսետի կրթության և մշակույթի հանձնաժողովում քննարկման էր դրվել Հայոց ցեղասպանության ընդունման հարցը: Սակայն հարցի քննարկումը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
«Սա Իսրայելի ազգային, պետական շահերից բխող քայլ է, որը հայերի ազգային պետական շահերի հետ ոչ մի առնչություն չունի, բացի փաղաքշանքը»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:
Նրա խոսքերով` Իսրայելը Հոլոքոստը համարում է եզակի և բացառիկ երևույթ: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` նա ստիպված կլինի հրաժարվել իր գաղափարախոսությունից, որը նա չի անի: Միաժամանակ Շիրինյանը նշեց, որ Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը միմյանցից տարբերվոմ են. Հայոց ցեղասպանությունը աշխարհում առաջին ցեղասպանությունն է, կատարվել է հայ ժողովրդի բնօրրանում: Այն նաև քաղաքակրթական, մշակութային ցեղասպանություն է և հիմա դեռ շարունակվում է Արևմտյան Հայաստանում: Իսկ Հոլոքոստը տեղի է ունեցել Եվրոպայում:
Մյուս բանախոսի` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը նշեց, որ հրեաները որպես ցեղասպանված ժողովուրդ առաջինը պետք է ընդունեին Հայոց ցեղասպանությունը, բայց չեն արել: Բացի այդ` գոյություն ունի անկախ Պաղեստինի ստեղծման խնդիրը: Թուրքիան այս հարցում շահագրգիռ է, իսկ Իսրայելը փորձում է նրան ճնշել: Արդյունքում Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցն օգտագործում է իր քաղաքական շահերի համար:
Շիրինյանի կարծիքով` մյուս հանգամանքը, որ խոչընդոտում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը, հրեաների դիրքն է ԱՄՆ-ում և Թուրքիայում: Հրեաների հարուստ խավը ԱՄՆ-ում քաղաքական, մտավոր, գիտական էլիտայի մասն է: Բացի այդ` հրեաները քեմալական Թուրքիայի ստեղծման մեջ զգալի դեր են ունեցել:
«Մենք հակադիր բևեռներում ենք: Իսրայելին պետք են կռվաններ` Թուրքիային զսպելու համար: Իրենց խնդիրը մենք չենք, այլ Թուրքիան է»,- հայտարարեց Մինասյանը:
Բանախոսներն առաջարկեցին այս հարցի վերաբերյալ իրենց բանաձևերն ու լուծումները: Շիրինյանի կարծիքով` պետք է լինել պոզիտիվ անտարբեր, զուսպ և ոչ խանադավառ: Իսկ Մինասյանի կարծիքով` մեր գլխավոր խնդիրը պետք է լինի ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլև միջազգային իրավունքի նորմերի քննարկման հասնելը:
«Ցեղասպանության պատմաճանաչողական շրջանն արդեն անցել է, հիմա գլխավորը պահանջատիրության խնդիրն է»,- նշեց Մինասյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել