HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Երկու զուգահեռ իրականություն

Քաղաքում հրավառություն էր երեկ ուշ երեկոյան: Դերերի ինչպիսի՜ ճշգրիտ բաշխում, ինչպիսի՜ տաղանդավոր դերասաններ էին հավաքվել Երեւանում: Որտեղի՞ց այսքան հղկված վարպետություն, ու բոլորս' մեր դերերում: Նախորդ օրն էի վերադարձել Ղարաբաղից ու դեռ չէի հասցրել խելքի գալ, հայտնվել էի երեւանյան ընտրական «հրապուրիչ» թատերաբեմում:

Օրվա ընթացքում բազմաթիվ «հանճարեղ» դերասաններ կային ընտրատեղամասերում եւ հատկապես դրանց շրջակայքում: Տղամարդիկ, կանայք, իհարկե գործ անող տղերքը, որ բոլորն անշեղորեն նույն կառուցվածքն ունեն ու նույն բառապաշարը: Եվ, իհարկե, օրվա լրահոսից անպակաս էր նորին գերազանցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մի օր այս աղքատ քաղաքական գործչին «Օսկարի» են արժանացնելու: Ցանկացած պահի ցանկացած դեր կարողանում է իր վրա վերցնել ու պատվով դուրս գալ, ընդ որում միշտ դա անում է անվճար:

Բայց այս ամենը ողջ օրվա ընթացքում ուղեղումս ղարաբաղյան պատմություններին զուգահեռ էր հոսում: Բանակից 38 տարեկան մի տղայի էին հեռացրել, որը դպրոցից հետո բանակում էր: Ու, բացի զինծառայությունից, ուրիշ բան անել չի կարող: Նա սկզբում ջոկատում էր, իսկ երբ բանակը ձեւավորվեց, մտավ այդ կառույց: 18 տարի այնտեղ է: Մասնակցել է բազմաթիվ մարտերի, վիրավորվել է, ծառայության վերջին երկու վայրերն են «Եղնիկները» (8 տարի) եւ Շուշին (2 տարի): Հենց այստեղից էլ ազատել են ենթասպային:

Ուղարկել էին Երեւան երկամսյա կուրսերի: Մոտեցել է հրամանատարին, խնդրել մեկ օրով արձակուրդ թողնել իրեն, որովհետեւ անձրեւները տանիքից լցվում էին տուն, տանիքը մի տեղից փլվել էր: Չեն թողել: Նա կիրակի եկել է Ղարաբաղ, երեքշաբթի վերադարձել Երեւան: Եվ որոշել են նրան ազատել բանակից: Տանը մենակ է ապրում, չի հասցրել ամուսնանալ, հայրը ամիսներ առաջ է մահացել:

Հայրը ծանր հիվանդ էր, դիմում էր գրել, որ նրան խնամելու համար մոտ բնակավայր տեղափոխեն, հրամանատարությունը այդպես էլ արել է. «Եղնիկներից» տեղափոխել է Շուշի, եւ հիմա ազատել են բանակից: Նա նամակ է գրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նկարագրել իրավիճակը, խնդրել վերականգնել: Պատասխան դեռեւս չկա:

Երեկ արդեն մի քիչ հետաքրքրվեցի Ջրվեժում գտնվող այդ ուսումնական կենտրոնով: Զանազան պատմություններ լսեցի քննությունների անցկացման կարգի եւ «չկտրվելու», արձակուրդ գնալու պայմանների մասին: Այնտեղ երկամսյա կուրսեր անցած ենթասպաներից մեկն էլ պատմեց, որ իր ուսման ընթացքում երկու անգամ պարտադրել են համերգի տոմսեր գնել:

Ղարաբաղի պաշտպանության նախարարը Երեւանից եկած թղթերը, որոնցով առաջարկում էին ենթասպային ազատել բանակից, ստորագրել է միանգամից: Ես մի քանի օր է, մտածում եմ այդ տղայի մասին: Հուսահատված ասում էր. «Հիմա ես ի՞նչ պետք է անեմ: Աշխատանք չունեմ, չեմ կարող ոչինչ անել, թոշակ չեն տալու»: Նրա թոշակի անցնելուն մնացել էր 2 տարի:

Չեմ կարողանում ընկալել, թե պետությունը ինչպես կարող է վերաբերվել մի մարդու, ով իր կյանքը նվիրել է բանակին: 8 տարի ծառայել է «Եղնիկների» հետախուզությունում: Եվ հիմա նրան շպրտել են դուրս: Վերցրել եւ ասել են. «Դու այլեւս մեզ պետք չես, քո կարիքը մենք այլեւս չունենք, գնա այստեղից»: Ենթասպան ասում է, որ ինքն ունի երկու ճանապարհ՝ գնալ Ղարաբաղից կամ ինքնասպան լինել:

Քարինտակցի փոքրամարմին մի սպա կար, ավագ լեյտենանտ էր, 16 տարեկանից էր ջոկատում, հետո բանակում: 1996-ին Խոջալուում մի հավաքի ժամանակ գեներալ Խաչատուրովը սպաներին սեռական հայհոյանք տվեց: Այդ փոքրամարմին տղան չհանդուրժեց նաեւ իր մորն ուղղված այդ հայհոյանքը եւ հարվածեց գեներալին: Նրան այն ժամանակ հեռացրին բանակից, ես ավելի վատ բան էի կանխատեսում, բայց, փառք Աստծու, դրանով ավարտվեց ավագ լեյտենանտի պատմության այդ հատվածը: Հիմա նա 4 երեխա ունի, բանվորություն է անում եւ մի կերպ պահում իր ընտանիքը:

Երբեմն ինձ հարցնում են՝ հիմա որ պատերազմ լինի, մարդ կա՞, որ գնալու է երկիրը պաշտպանելու: Ես ասում եմ՝ այո, նույնքան մարդ, որքան եղել է: Ու գիտե՞ք՝ ովքեր են լինելու առաջին շարքում. այս երկու տղաները, որոնց հեռացրել են բանակից:

Լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Ցավալի է' բայց գնալով ես համոզվում եմ որ վարչապետի ծրագրերը իրականություն են դառնում ու մեզ մոտ մարդիք ստեղծում են այնպիսի պայմաններ, որպեսզի բոլորը լքեն հայրենիքը ընտանիքը սովից փրկելու համար: Իսկ ամենազավեշտալին այն է որ այդ մեթոդները արդեն բանակում են կիրառվում: Ով կպաշտպանի վաղը մեր հայրենիքը բոլորովին անհասկանալի է: Ժամանակն է արդեն դրա մասին մտածելու:
Անահիտ
Օրվա ընթացքում բազմաթիվ «հանճարեղ» դերասաններ կային ընտրատեղամասերում եւ հատկապես դրանց շրջակայքում: Տղամարդիկ, կանայք, իհարկե գործ անող տղերքը, որ բոլորն անշեղորեն նույն կառուցվածքն ունեն ու նույն բառապաշարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter