
Աշոտ Ադամյան. «Ովքեր համարում են, որ այս ընտրություններն այլեւս կատարված փաստ են, կարող են «վայելել» դրա պտուղները»
Թատրոնի եւ կինոյի ռեժիսոր Աշոտ Ադամյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ երեկ կայացած ընտրություններով երեւանցին չի ընտրել իր ավագանուն: «Պատճառաբանության ամենազորեղ փաստը համատարած կեղծ ընտրություններն են»,- նշեց նա:
Աշոտ Ադամյանը չի ընդունում նաեւ այն փաստարկը, որ քվեարկած թերթիկների ու կազմված արձանագրությունների համաձայն՝ ընտրողներն իրենց ձայները տվել են ՀՀԿ-ին:
«Նրանք, ովքեր համարում են, որ այս ընտրություններն այլեւս կատարված փաստ են, կարող են «վայելել» դրա պտուղները: Ծեծված բաներ չեմ ուզում ասել, բայց որքան ավելի խորանա այս ստի եւ խաբեության վրա հենված համակարգը, այնքան ավելի դժվար կլինի ելքի փնտրտուքը»,- նշեց ռեժիսորը:
Ա. Ադամյանը, անդրադառնալով ընտրակաշառք վերցնող եւ հետո դժգոհող քաղաքացիներին, ասաց, որ նրանց դժգոհությունը ինքնարդարացման եղանակներից մեկն է, քանի որ այդ շարքին են պատկանում` «դե, ընտանիք ենք պահում», «եղունգ ունես, գլուխդ քորիր», «որտեղ հաց, այնտեղ կաց», «միեւնույն է. բան չի փոխվի» եւ այսպես շարունակ հնչող արտահայտությունները:
«Քաղաքացու համբերության բաժակը վաղուց արդեն լցվել է, հիմա արագորեն դատարկվում է, թասը սկսել է ժանգոտել»,- ավելացրեց Աշոտ Ադամյանը:
Լուսանկարը` Ա.Ադամյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել