
Հայտնի է կառավարության կազմը. փոխվել է 3 նախարար
Քիչ առաջ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում ավարտվել է կուսակցության խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերը, որոնց աշխատանքներին մասնակցել են ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ այլք:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հետքին» տեղեկացրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության նախագահին ներկայացրել է կառավարության նոր կազմը` ընդամենը երեք նախարարի փոփոխությամբ:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանին կփոխարինի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին` ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը, իսկ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին կփոխարինի միջազգային փորձագետ, 1998-1999թթ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Վահրամ Ավանեսյանը:
Մյուս նախարարները կշարունակեն պաշտոնավարել նույն պաշտոնում: Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ` Վաչե Գաբրելյանը մնալու է կառավարության կազմում: Նա լինելու է կառավարության աշխատակազմի ղեկավարը` նախարարի գործառույթներով: ՕԵԿ-ը շարունակելու է մնալ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը եւ կպահպանի 3 նախարական պորտֆելը:
Ավելի վաղ արտաքին գերծերի եւ պաշտպանության նախարարներ էին վերանշանակվել Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն` վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահն է նշանակում եւ ազատում կառավարության անդամներին:
Մեկնաբանել