HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեներալը հաղթեց ամերիկահայ հանգուցյալ գործարարին

Երեկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 25-ին մահացած ամերիկահայ գործարար Ժորժ Բաղումյանի ընկերության` ընդդեմ «Առվա երկիր» ՍՊԸ-ի գործով որոշումը: Դատարանը մերժեց սփյուռքահայ գործարարի ընկերության բողոքը` նույնը թողնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: 

Ամերիկահայ գործարարը մեկ այլ գործով մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և անօրինական զենք պահելու մեջ: Իր կենդանության օրոք գործարարը, այժմ էլ նրա հարազատները այս ամենին մեկ գնահատական են տալիս. բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ցանկանում են ունեզրկել Ժ.Բաղումյանին և խլել նրանից բիզնեսը: 

Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարար Ժորժ Բաղումյանը արտադրում էր մարտկոցներ և մատակարարում դրանք ՀՀ ՊՆ-ին: Ավելի ուշ Ժ.Բաղումյանի ընկերությունն այլևս չի կարողացել շահել ՊՆ մրցույթները, այլ դրանք շահել է «Առվա երկիր» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներից մեկը, ինչպես արդեն գրել ենք, ՀՀ ՊՆ ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ, գեներալ Վարդան Ավետիսյանն է: Գեներալի «Առվա երկիրը» նույն մարտկոցները գնել է Բաղումյանի «Գոլդ Էներջի» ընկերությունից («Գոլդ հայ-իրանական Հ/Ձ» ՍՊԸ-ի իրավահաջորդը) և վերավաճառել ՊՆ-ին: Սակայն 2010-ին, ինչպես հայտնում է Ժ.Բաղումյանի փաստաբան Ռուբեն Բալաբանյանը, «Առվա երկիրը» մարտկոցների որոշ խմբաքանակի համար չի վճարել, ինչի համար էլ իրենք դիմել են դատարան: Նշել են, որ «Գոլդ էներջի»-ն 193 միլիոն ՀՀ դրամի (որը ստացել է ՀՀ ՊՆ-ից) մարտկոցներ է մատակարարել «Առվա երկիր» ՍՊԸ-ին, սակայն իրենց փոխանցել և վճարել Է 152.5 մլն դրամը: Ժ. Բաղումյանը «Առվա երկրից» դատական կարգով պահանջել է վճարել 47.8 մլն դրամ պատճառված վնասի համար, որից 7.3 միլիոնը` վճարումն ուշացնելու տույժը:

Փաստաբան Ռուբեն Բալաբանյանն ասում է, որ այստեղ լուրջ քրեական հանցանք է տեսնում` փողերի լվացում, քանի որ «Առվա երկիրը» ՊՆ-ից ստացած ողջ գումարը մարտկոցների գնման դիմաց չի վճարել, և հնարավոր է՝ այլ նպատակներով է ծախսել:

Հակընդդեմ հայց է ներկայացրել նաև «Առվա երկիրը»` նշելով, որ Բաղումյանի ընկերությունը ժամանակացույցով չի կատարել մարտկոցների մատակարարումը, և «Առվա երկիր» ՍՊԸ-ն ստիպված է եղել պայմանագրեր կնքել այլ մատակարար կազմակերպությունների հետ, դրանցից ձեռք բերված ապրանքները մատակարարել ՀՀ ՊՆ-ին: Ըստ «Առվա երկիր» ընկերության հակընդդեմ հայցի՝ ՊՆ-ի հետ պայմանգրի չկատարումը վնաս կհասցներ ՀՀ բանակին և «Առվա երկրի» գործարար համբավին: «Առվա երկիրը» նաև նշել է, որ անհիմն վարկաբեկել են պաշտոնատար անձանց (նկատի ունեն Վ.Ավետսիյանին-հեղ.) և չհիմնավորված մեղադրանքներ են ներկայացրել:

Փաստաբան Ռ.Բալաբանյանը նշում է, որ Պն-ի նյութատեխնիկական մատակարարման դեպարտամենտի հետ կնքված պայմանագրի համապատասխան կետով, նրանք ՊՆ-ին պետք է վաճառեին տեղական արտադրության արտադրանք, մինչդեռ Բաղումյանի ընկերության և «Առվա երկրի» միջև կնքված պայմանագրի գործողության ժամանակ, չվճարելով իրենց մատակարարած արտադրանքի դիմաց, «Առվա երկիրը» պայմանագիր է կնքել այլ ընկերության հետ, և այդ գումարները ուղղել «Մեծ-Անիվ» ՍՊԸ-ից արտասահմանյան մարտկոցներ գնելու գործին:

Բացի վերը նշված գործարքից՝ «Առվա երկիրը» 2010-ի ավարտին պայմանագիր է կնքել նաև «Էլբատ» ՍՊԸ-ի հետ:

«Էլբատի» սեփականատերերից մեկը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանն է: Հիշեցնենք, որ Ժ. Բաղումյանը դեռևս կենդանության օրոք պատմել էր «Հետքին», որ իր ձեռքից մարտկոցների բիզնեսը խլելը վաղուց ծրագրված էր: Իրենց նախ պարտադրեցին դուրս գալ նախկին արտադրամասի զբաղեցրած տարածքից, որը «Էլբատի» տարածքում էր: Արտադրամասը տեղափոխվեց Էջմիածին: Հետո էլ ամեն ինչ արեցին, որպեսզի մարտկոցների արտադրությամբ այլևս ինքը չզբաղվի:

«Առվա երկիրն» այս փաստը այլ կերպ է մեկնաբանում. ընկերությունը ստիպված է եղել այլ ընկերությունների հետ պայմանագիր կնքել, քանի որ Բաղումյանի ընկերությունը սահմանված ժամկետներում չի մատակարարել մարտկոցները: Ավելին՝ Բաղումյանի ընկերությունը ոչ որակյալ արտադրանք է մատակարարել, և դրա վերանորոգման համար «Առվա երկիրը» կատարել է լրացուցիչ 3.5 մլն դրամի ծախս: Իսկ ընկերությունների հետ այլ արժեքով մարտկոցներ ձեռք բերելու համար նոր պայմանագրեր կնքելը հավելյալ ծախսեր է առաջացրել: «Առվա երկիր» ՍՊԸ-ն դատարանից պահանջել է շուրջ 10.5 մլն դրամ բռնագանձել Բաղումյանի ընկերությունից պատճառած վնասի համար:

«Առվա երկիրը» նշել է, որ այլ վնասներ էլ է կրել: Օրինակ՝ Բաղումյանի ընկերությունը հարկային հաշիվները չի տրամադրել, ինչի  հետևանքով «Առվա երկիրը» չի հաշվանցել Բաղումյանի ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների 16.67% ԱԱՀ-ի գումարր՝ 15.8 մլն  դրամի չափով, որը «Առվա երկիրն» իր ֆինանսական միջոցներից է կատարել: Եվս երկու ընկերությունների վճարել է աուդիտ անցկացնելու և այլ ծառայությունների համար:

Բաղումյանի շահերի ներկայացուցիչ Ռ.Բալաբանյանն էլ ժխտում է այս փաստը և նշում, որ որևէ ապացույց այս պնդմանը հակառակորդ կազմակերպությունը չունի: «Միգուցե հարկային այդ պարտավորությունները այլ ընկերության պատճառով են առաջացել»,-հարցնում է փաստաբանը և շարունակում,-աուդիտորական ընկերության եզրակացությունն էլ օրենքով չի կարող ապացույց համարվել և դրվել վճռի հիմքում: Դա փորձագիտական եզրակացություն չէ»:

Դատարանն, այնուամենայնիվ, նախագահությամբ Գագիկ Հեբոյանի, ամբողջությամբ մերժել է Բաղումյանի` 47.8 մլն դրամի բռնագանձման հայցը և բավարել է «Առվա երկրի» շուրջ 11 մլն դրամի բռնագանձման պահանջը, որից ` 10.5 մլն դրամը` որպես կրած վնասի գումար, 240 հազար դրամը` որպես «ԱՈՒԴԻՏ ՍԹԱՐ» ՍՊԸ-ին նախօրոք վճարված ծառայության գումար և 180 հազար դրամը` որպես «Արխիստրատեգ Նարսես» ՍՊԸ-ին նախօրոք վճարված ծառայության գումար:

Հենց այս վճիռն էլ այսօր նույնը թողեց վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Նարինե Բարսեղյանի: Դրան ավելացրեց նաև ավելի քան 4 մլն դրամի պետական տուրքը, որը պետք է վճարի հանգուցյալ գործարարի ընկերությունը: 

Մեկնաբանություններ (1)

hasmik
Hajastany erkir e aranc datarani

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter