
Փակ շուկայի «պերճանքն ու թշվառությունը» և մշակույթի նախարարի անգործությունը
Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձան «Փակ շուկան» արդեն կորցնում է հուշարձան կոչվելու իր բոլոր «ատրիբուտները», իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պարզվում է, դեռևս այդ մասին տեղյակ էլ չէ: Նախարարը lragir.am-ի լրագրողի հետ զրույցում զարմացել է, որ Փակ շուկայի տանիքում այս օրերին էլ բուռն շինարարություն է ընթանում: «Աշխատանք կատարվո՞ղ, տանիքի վրա՞, հիմնական շենքի տանիքի՞: Չէ, դա երևի էն ա, որ արձանագրված է դեկտեմբեր ամսին»,-այսպես է արձագանքել Հասմիկ Պողողյանը լրագրողի դիտարկմանը, որ երկու օր առաջ արված լուսանկարները ցույց են տալիս բուռն շինարարական եռուզեռը:
Փակ շուկայի վերակառուցման ամբողջական ծրագիր և շինարարություն թույլտվություն դեռևս գոյություն չունի: Երևանի քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել այդ փաստաթղթերը, եթե կան: Քաղաքապետարանը տրամադրել է միայն 0 նիշից ցածր` ստորգետնյա հարկերի իրականացման նախագիծը: Այսինքն` 0 նիշից բարձր որևէ աշխատանք կատարելու թույլտվություն Փակ շուկայի սեփականատիրոջը չի տրամադրվել: Մինչդեռ վաղուց արդեն Փակ շուկայի թե ներսում, թե տանիքում քանդման և շինարարական աշխատանքներ են իրականացվել: Հիմնական կառույցին ավելացել է մեկ հարկ, որին էլ հետզհետե ավելանում է նորր տանիք։
Երևանի քաղաքապետարանը պատասխանատվության բեռը իր վրայից մշակույթի նախարարությանն է բարդում` նշելով, որ դա մշակութային հուշարձան է, և մշակույթի նախարարությունն է պատասխանատվություն կրում: Մշակույթի նախարարությունն էլ իր հերթին նշում է, որ դիմել են քաղաքապետարանին և քաղաքաշինության նախարարությանը:
Ապրիլի 23-ին «Հետքին» ուղարկած գրությամբ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ «Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկաված միջոցառումների արդյունքում վերին հատվածի անօրինական շինարարական աշխատանքները դադարեցված են, իսկ հուշարձանի պահպանության հետ կապված խնդիրներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ մշակույթի նախարարությունը «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ից պահանջել է մշակել շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման և ուժեղացման աշխատանքային նախագիծ»:
Ըստ նույն գրության` նախարարությունը պահանջել է նաև կորցրած կամարների հետագա վերականգնման նպատակով նախագծում կատարել հուշարձանի ներկա վիճակի փաստագրում և ներառել նորակառույցի ծավալի երկաթբետոնյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները»:
Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի այս տարվա մարտի 6-ի նիստում քննարկվել է Փակ շուկայի մասնակի փոփոխման, հուշարձանի հետնամասի պատերի պահպանված հատվածի ամրակայման (մասնակի վերակառուցման, պահպանված հատվածի վերականգնման և ուժեղացման) նախագիծը, որում նախատեսված է կորցրած կամարների վերականգնում` նորակառույց երկաթբետոնյա վերին (0.00 նիշից բարձր) հատվածի մասնակի ապամոնտաժմամբ:
Փաստորեն, մշակույթի նախարարությունը հետամուտ չի լինում, որ կամարները չքանդվեն կամ նոր հարկ չկառուցեն, որպեսզի դրանց վերակառուցելու կամ ապամոնտաժելու անհրաժեշտություն էլ չառաջանա: Հիմա էլ ամիսներ շարունակ Փակ շուկայի նոր հարկ և տանիք է կառուցվում, բայց որևէ մեկը դա «չի նկատում»:
Իրականում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ոչ միայն տեղյակ է, որ այնտեղ շինարարություն է ընթանում (այդ մասին ամեն օր տեղեկատվություն է տարածվում), այլեւ հանցավոր համաձայնության է եկել սեփականատիրոջ հետ պատմական հուշարձանը շտապ (հատկապես ոչ աշխատանքային օրերին բուռն շինարարություն ծավալելու) ոչնչացնելու շուրջ: Իսկ իրավապահ մարմինները պաշտոնյաների հանցավոր համաձայնության գալու փաստերը միշտ անտեսում են: Դրա համար պետք է կայացվի քաղաքական որոշում, իսկ նման որոշում կարող է կայացվել միայն Հանրապետական կուսկացության արտահերթ նիստում, քանի որ համաձայնության եկած կողմերը այդ կուսակցության ներկայացուցիչներ են:
![]() |
Փակ շուկայի վերնահարկը՝ լուսանկարված մարտի սկզբին |
![]() |
Նույն տանիքը՝ լուսանկարված մայիսի սկզբին |
![]() |
Լուսանկարը` ստորգետնյա հարկերի իրականացման նախագծից, ինչպես երևում է, Փակ շուկայի վրա այլ հարկ նախատեսված չէ |
![]() |
Նորակառույց հարկը տեսանելի է նաև Մաշտոցի պողոտայից |
Առաջին լուսանկարում` շուկայի սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նախարար Հասմիկ Պողոսյանը և փոխնախարար Արև Սամուելյանը` ՀՀԿ անցյալ տարվա համագումարին
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել