Ռուս ջութակահարուհի. «Այնպիսի գլուխգործոցը, ինչպիսին «Կռունկն» է, լացելու աստիճան հուզում է ինձ»
«Ես չգիտեի, որ հայկական երաժշտությունն այսքան լավն ու խորն է», - ասում է գերմանական «Մագդալենեն տրիոյի» ջութակահարուհի Քսենիա Դուբրովսկայան:
Չնայած տրիոն գերմանական է, սակայն դրա անդամներից և ոչ մեկը գերմանացի չէ: 2011 թ.-ի Համբուրգում ձևավորված լարային տրիոյի երկու անդամները ռուս են, մեկը` հայ: Քսենիա Դուբրովսկայան ջութակ է նվագում, Նատալյա Լյուբիմովան` ալտ, իսկ հայուհի Կարոլին Շոլցը` թավջութակ:
Այս գարնանը տրիոն առաջին անգամ ելույթ է ունեցել նաև Հայաստանում:
«Երևանը պարզապես երազանքների քաղաք է: Ես լսել եմ այն լեգենդի մասին, ըստ որի` Թամանյանը քաղաքը կառուցել է իր կնոջ համար` ասելով` ահա ես քեզ համար կկառուցեմ երազանքների քաղաք: Ճիշտ այդպիսի տպավորություն ստացանք մենք` գալով Երևան: Այստեղ աննման գեղեցկություն է», - «Հետքի» հետ զրույցում պատմում է Ք. Դուբրովսակայան:
Խմբի բոլոր անդամները ժամանակին Գերմանիա են եկել` այստեղ շարունակելու ուսումը: Այնուհետև Գերմանիայում էլ անցել են աշխատանքի, ամուսնացել և շարունակել ապրել այնտեղ:
«Ինձ համար շատ կարևոր է լինել մի երկրում, որտեղ բոլորը հայերեն են խոսում»
Կարոլին Շոլցը սփյուռքահայ է, ծնվել և մեծացել է Ստամբուլում: Գերմանիայում ամուսնանալուց հետո նա վերցրել է ամուսնու ազգանունը: Նրա մայրը շարունակում է ապրել Ստամբուլում, սակայն նրանք փորձում են պարբերաբար հանդիպել: Տարիներ առաջ ծնողները եկել էին Հայաստան, սակայն հայ թավջութակահարուհուն բախտ է վիճակվում գալ Հայաստան միայն այս տարի:
«Շատ-շատ փափագած էի գալ: Շատ հաճելի է լինել Հայաստանում, և շատ կարևոր է նվագել այստեղ, - ասում է Կարոլինը: - Ինձ համար նաև շատ կարևոր է լինել մի երկրում, որտեղ բոլորը հայերեն են խոսում: Թեև տարբերություն կա արևելահայերենի և արևմտահայերենի միջև, բայց ինձ համար շատ հաճելի է դուրս գալ փողոց և լսել, որ ամեն մարդ հայերեն է խոսում»:
Միաժամանակ Կարոլինը խոստովանում է, որ Հայաստանում նրանք փոքր-ինչ համակել էր տխրությունն ու թախիծը: Դա կապված է Հայոց ցեղասպանության հետ, առավել ևս, որ մոտենում է 100-ամյա տարելիցը: Երևան ժամանելու առաջին իսկ օրը Կարոլինն այցելել էր Ծիծեռնակաբերդ:
«Փոքր-ինչ խառը զգացողություններով եմ. մի քիչ երջանիկ, մի քիչ տխուր», - ասում է Կարոլինը:
Ռուս ջութակահարուհի. «Գյումրիում տեսնում ես մարդկանց, որոնք սրտաբաց են և արժանի են ավելի լավ կյանքի»:
Քսենիան թեև առաջին անգամ է Հայաստանում, բայց բազմիցս է առիթ ունեցել լսել այս երկրի մասին, մասնավորապես` ամուսնուց: Նրա ամուսինը համաշխարհային հռչակ վայելող գերմանացի դիրիժոր Յուստուս Ֆրանցն է: Քսենիան պատմում է, որ երբ 1988 թ.-ին իր ամուսնինն իմանում է Գյումրիի երկրաշարժի մասին, տուժած հայերին օգնելու նպատակով կազմակերպում է բարեգործական համերգ: Նա Համբուրգում վարձակալում է ամենամեծ դահլիճը, հրավիրում նվագախումբ, կազմակերպում Մոցարտի գործերի համերգը, այնուհետև համերգից ստացած ամբողջ հասույթն ուղարկում Գյումրի:
Հայաստանում Քսենիան առիթ է ունեցել լինել նաև Գյումրիում և հիացամունքով էր խոսում գյումրեցիների մասին:
«Այնտեղ կատարյալ անհամատեղելիություն է: Մի կողմից այն, ինչ տեսնում է աչքը` ավերածություններ, հարմարավետության բացակայություն, տխուր է, մյուս կողմից տեսնում ես մարդկանց, որոնք սրտաբաց են և արժանի են ավելի լավ կյանքի: Մեր խնդիրն է օգնել նրանց ինչպես կարող ենք, մասնավորապես` մեր արվեստով», - ասում է Քսենիան:
Այնուամենայնիվ, գերմանացի դիրիժորը դեռևս չի եղել Հայաստանում:
«Շատ հետաքրքիր է, որ ես ամուսնուցս առաջ եղա Հայաստանում: Բանակցություններ գնում են, և գուցե առաջիկայում նա իր թիմով գա Հայաստան», - ասում է Քսենիան:
Այժմ Քսենիան և ամուսինը մեծացնում են իրենց 8-ամյա որդուն, ով նույնպես զբաղվում է երաժշտությամբ և նվագում է դաշնամուր:
«Ինձ համար բացահայտում էր, և ես տպավորված եմ հայ մյուս կոմպոզիտորներով` Կոմիտաս, Բաբաջանյան»
Քսենիային Հայաստանում տպավորել էր նաև տեղի բնությունը:
«Հայասատնն այնքան յուօրինակ է, որ ինձ չի հիշեցնում ոչ մի այլ երկիր», - խոստովանում է նա:
Միաժամանակ ռուս ջութկահարուհին իր հիացմունքն է արտահայտում հայ տղամարդկանց նկատմամբ: Նրա խոսքերով` հայ տղամարդիկ ամենագեղեցիկն են կարողանում հաճոյանալ կանանց` նրանց հարգելով և հաճոյախոսելով:
Քսենիան խոստովանում է, որ Հայաստանի մասին իմացել է նաև մեկ այլ հայ տղամարդու միջոցով. Արամ Խաչատրյանի գործերը Քսենիան լսել է դեռևս մանկուց:
«Բայց ինձ համար բացահայտում էր, և ես տպավորված եմ հայ մյուս կոմպոզիտորներով` Կոմիտաս, Բաբաջանյան, - խոստովանում է ռուս ջութակահարուհին: - Այնպիսի գլուխգործոցը, ինչպիսին «Կռունկն» է, հուզում է ինձ լացելու աստիճան»:
Քսենիան նաև նշում է, որ արդեն ձեռք է բերել հայ կոմպոզիտորների մի քանի գործերի նոտաները, որպեսզի առաջիկայում սովորի դրանք:
Իր համար հայ կոմպոզիտորներից Բաբաջանյանին և Խաչատրյանին առանձնացնում է նաև Կարոլին Շոլցը:
«Շատ հաճելի է նվագել նրանց գործերը: Նրանց գործերը նվագելով` ապրում ես նրանց հետ», - խոստովանում է հայ թավջութակահարուհին:
Բացի այս տրիոյից, Կարոլինը սեփական նախաձեռնությամբ Գերմանիայում մեկ այլ նախագծի շրջանակներում նվագում է հայկական գործեր` Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Հարությունյան, Ադամյան: Համագործակցելով մեկ այլ հայ աղջկա` դաշնակահարուհու հետ, նրանք Գերմանիայում հանդիսատեսին ներկայացնում են հայկական երաժշտությունը: Կարլոլինին ուրախացնում է այն հանգամանքը, որ այդ համերգներինց նրանք մշտապես դրական արձագանք են ստանում թե հայ, թե օտարազգի հանդիսատեսից:
Լուսանկարում` ռուս ջութակահարուհի Քսենիան
Մեկնաբանել