HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսյան եռատոնին նվիրված հանդիսություն` Թբիլիսիում

Մայիսյան եռատոնի գագաթնակետ դարձավ մայիսի 10-ին Թբիլիսիի «Արտհալ» համերգային դահլիճում տրված համերգը, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը: Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը, դեսպանի խորհրդական Լևոն Թորգոմյանը, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, պաշտոնեության, մտավորականության, գործարար շրջանների ներկայացուցիչներ, հյուրեր Երևանից, Ջավախքից, վիրահայ համայնքի անդամներ:

Հայրենական պատերազմի մեծ Հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված համերգը նաև խոնարհում է այդ հաղթանակներին հասնելու ճանապարհին ընկած մեր հայրենակիցների հիշատակի առջև: Իսկ այդ հիշատակը բեմից պատից անդրադարձող տեսանյութի միջոցով Մեծ Հայրենականի, Արցախյան հերոսամարտի և Շուշիի ազատագրության դրվագներն էին:

Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, Վազգեն Սարգսյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան – ահավասիկ դեմքեր, որ հերոսաբար հարթել են ճանապարհը դեպի հաղթանակ, դեպի ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – ներկայացնում է համերգի վարող՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը: Նա հպարտությամբ բարձրաձայնեց կոմանդոսի՝ թբիլիսեցի մեր հայրենակից Արկադի Տեր-Թադևոսյանի քրոջ՝ տիկին Մարգարիտի ներկայությունը տոնական համերգին:

Շուշիի ազատագրման օրվան նվիրվեց Վիրահայոց թեմի կայքէջի շնորհանդեսը, որն այսուհետ սպասարկելու է չորս լեզուներով:

Համերգի վերջում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը հղելով ներկաներին, շնորհավորեց մայիսյան եռատոնի կապակցությամբ և երախտագիտության խոսքեր ուղղեց գեղեցիկ համերգի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին: Նա փոխանցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքը տոնի կապակցությամբ: Գնահատանքի իր խոսքում Սրբազան Հայրը խոսեց Շուշիի ազատագրման և Մեծ հաղթանակի կարեւորության մասին եւ հավելեց,, «Մեր ժողովուրդները միասին էին պայքարում նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուստի այս երկու քրիստոնյա ժողովուրդների բարեկամությունն անմահ է, որը միշտ էլ ուղի է հարթում դեպի հաղթանակ, դեպի լուսավոր ապագա,-եզրափակեց Թեմակալ Առաջնորդը:

Տոնական համերգին ազգային, հայրենասիրական, ժողովրդական երգերի ու պարերի գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Հայարտուն« կրթամշակութային կենտրոնի հովանու ներքո գործող «Ներսես Շնորհալիի» անվան կրտսեր և ավագ երգչախմբերը, «Ջեյրան»,«Մուշ», «Անի» և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի «Վանք» պարային համույթները, անհատ երգիչ-երգչուհիները: Տոնական համերգը երկար ժամանակ կմնա հանդիսատեսի հիշողության մեջ: Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter