
Մեդիայի ոլորտում կա մասնագետների պակաս
«Եթե ուզում ենք, որ մեր մամուլը զարգանա, մենք պետք է փորձենք լուծումներ առաջարկել այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած են աշխարհի ամենամեծ հասարակությունները»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Hareyan Publishing» ԱՄՆ լրատվական ընկերության տնօրեն Արմեն Հարեյանը:
Խոսելով միջազգային լրատվական ինտերնետ ցանցում հայաստանյան մեդիայի ներկայիս վիճակի և զարգացումների մասին` Հարեյանը առաջարկեց իր բանաձևը, ըստ որի` այս ոլորտում պետք է օգտվել «լրատվական հաբերից»` Googel news-ից և Bing-ից, որոնց շնորհիվ տվյալ հրապարակումը կունենա շատ ավելի մեծ լսարան, հետևաբար նաև` շահույթ: Բացի դրանից` լուրջ համագործակցություն պետք է լինի խմբագրի, լրագրողի և վեբ մասնագետի միջև:
Մյուս բանախոսի` տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով` այս ոլորտում կա օտար լեզուներ իմացող և մասնագիտական հմտություններ ունեցող կադրերի պակաս: «Մի կողմից համացանցային լրատվամիջոցներ, լրատվական գործակալություններ են ստեղծվում, բայց երբ կարդում ես տեքստը, լուրջ խնդիրներ կան թե լրագրողական, թե հայերենի, թե վերլուծելու»,- ասաց Կ. Վրթանեսյանը:
Նրա կարծիքով` պետք է լուրջ աշխատանքներ կատարել նաև սոցիալական ցանցերում, քանի որ կան կայքեր, որոնք հարմարեցված չեն սոցիալական ցանցերում ներկայացվելու համար: Բացի դրանից` լրագրողները պետք է ունենան իրենց անձնական բլոգները, որոնք կկատարելագործեն նրանց գրելու հմտությունները: Միաժամանակ լուրջ մրցակցություն կա հայկական ԶԼՄ-ների և բլոգների միջև, քանի որ որոշ բլոգներ ունեն ավելի շատ ընթերցողներ, քան որևէ թերթ:
Ա. Հարեյանի կարծիքով` հայկական լրատվամիջոցները պետք է օգտագործեն նաև live blogging կոչվածը, երբ տվյալ հոդվածի տակ մեկ նախադասությամբ գրում են թեմային առնչվող վերջին նորությունները: Դրա շնորհիվ մեծանում է լսարանը, և այդ աղբյուրից սպասում վերջին նորություններին:
Անդրադառնալով նաև տեղեկատվական պատերազմներին` Վրթանեսյանը նշեց, որ քարոզչությունը պետք է լինի աննկատ, առավել ևս, որ հայկական կողմը կեղծելու խնդիր չունի` ի տարբերություն հակառակորդների. նրան մնում է պարզապես ներկայացնել այն, ինչ կա: Միաժամանակ պետք է աշխատել Հյուսիսային Կովկասի լսարանին գրավելու ուղղությամբ:
Իսկ Հարեյանը հավելեց, որ պետք է ընդլայնել լուրերի թեմատիկան` գրելով ոչ միայն ներքաղաքական անցուդարձի, այլև աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին: «Մեր մամուլը պետք է համեմատվի ոչ թե հարևան երկրների մամուլի հետ, այլ ես կուզենայի, որ մեր հայ մամուլը և այստեղ, և սփյուռքում խնդիր դներ մրցելու, ասենք, «New York Times»-ի, BBC-ի հետ: Կարևոր է, որ մեր մամուլը լուրջ մտածի եկամտաբերության մասին»,- ասաց Հարեյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել